Բադասյանը վստահ է՝ զանգերը ֆիքսելու մեխանիզմը թույլ կտա կարճ ժամանակում կանխել կոնտակտավորի շփումը
18:35 - 30 մարտի, 2020

Բադասյանը վստահ է՝ զանգերը ֆիքսելու մեխանիզմը թույլ կտա կարճ ժամանակում կանխել կոնտակտավորի շփումը

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը վստահեցնում է, որ կորոնավիրուսով վարակված անձանց զանգերը ֆիքսելու մեխանիզմը թույլ կտա շատ կարճ ժամանակահատվածում ստուգողական գործողություն կատարելով (օրինակ զանգի միջոցով) հայտնաբերել կոնտակտավորներին, անհրաժեշտության դեպքում մեկուսացնել և թույլ չտալ այդ անձանց շփումը այլ քաղաքացիների հետ: Բադասյանն այս մասին գրառում է կատարել իր Ֆեյսբուքի էջում՝ անդրադառնալով ԱԺ-ում մարտի 30-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունված նախագծերի փաթեթին, որով, մասնավորապես, առաջարկվում է ֆիքսել զանգերը՝ կորոնավիրուսով վարակված անձանց կոնտակտավորներին հայտնաբերելու համար:

 «Զանգերը ֆիքսելու փաստը կարևոր է, քանի որ, եթե ֆիքսվեն վարակակրի զանգերը վերջին 14 օրվա ընթացքում (բովանդակությունը հասանելի չի լինելու) և դրանք համադրվեն տեղորոշման հետ, համաճարակի դեմ պայքարի հարցում այս տեղեկությունը չափազանց կարևոր և արդյունավետ կլինի։ Օրինակ՝ վարակակիրը խոսել է 10 անձի հետ, 10-ից հինգի հետ նաև պարբերաբար նույն տեղանքում է եղել։ Սա նշանակում է, որ այդ 5 անձինք, մեծ հավանականությամբ, շփվել են վարակակրի հետ։ Այս գործիքակազմի կիրառման արդյունքում շատ կարճ ժամանակահատվածում հնարավոր կլինի վերջիններիս նկատմամբ, լրացուցիչ ստուգողական գործողություն կատարելով (օրինակ զանգի միջոցով) հայտնաբերել, անհրաժեշտության դեպքում մեկուսացնել և թույլ չտալ նշված անձանց շփումը այլ քաղաքացիների հետ (կստուգվեն նաև այդ հինգ անձանց կոնտակտները և այդպես շարունակ)։ Մյուս հինգ անձինք, ում հետ վարակակիրը խոսել է և նույն տեղանքում չի գտնվել, այլևս «հետաքրքրություն» չեն ներկայացնի:

Մարդկանց կյանքն ու առողջությունը ամենակարևոր արժեքներն են, և համաճարակի հիմքով արտակարգ դրության ժամանակ իրականացվող նման միջամտությունը ամբողջությամբ համաչափ է։ Նախարարը նկատել է՝ սա չի նշանակում, թե 100 %-ով կկարողանան վերահսկել իրավիճակը, բայց ավելի թիրախային կդարձնեն գործողությունները և մյուս սահմանափակումների հետ միասին ի զորու կլինեն փրկել կյանքեր»,-գրել է Բադասյանը:

Նախարարը նաև ներկայացրել է, որ նման գործիքների կիրառումն արդյունավետ է եղել Չինաստանում, Հարավային Կորեայում, Իսրայելում։ Եվրոպական միության երկրներում ներկայում որոշ գործիքներ արդեն իսկ կիրառվում են, և այժմ էլ քննարկվում է ավելի լայն սահմանափակումներ կիրառման հարցը՝ հիմք ընդունելով նշված երկրների օրինակները։ Նա վստահություն է հայտնել, որ նման գործիքների մշակմամբ զբաղվող մասնագետներն ավելի մանրամասն կներկայացնեն գործիքների արդյունավետությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել