tert.am: Իրաքում ԱՄՆ դեսպանատան դեմ իրականացված հարձակումից հետո Միացյալ Նահանգները որոշել է տարածաշրջան ուղարկել մոտ 750 զինծառայող: Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը:

Երեկ ցուցարարները ներխուժել էին Բաղդադում ԱՄՆ դեսպանատան տարածք: Պետքարտուղարության ներկայացուցիչը հայտնել էր, որ տուժածների թվում ամերիկացի դիվանագետներ չեն եղել:

ԱՄՆ-ն հարձակման համար մեղադրել էր Իրանի իշխանություններին, պաշտոնական Թեհրանը, սակայն, ժխտել էր մեղադրանքը:

«Մոտավորապես 750 զինծառայողներ անհապաղ կմեկնեն տարածաշրջան: Լրացուցիչ ուժերը մեկնելու պատրաստ կլինեն մի քանի օրվա ընթացքում»,-Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Պենտագոնի ղեկավարը:

Նա հավելել է, որ խոսքը 82-րդ օդա-դեսանտային դիվիզիայի զինծառայողների մասին է:

ԱՄՆ դեսպանատան մոտ բողոքի ակցիաներն սկսվել էին Սիրիայում և Իրաքում գործող շիական խմբավորումների դեմ ամերիկյան անօդաչուների հասցրած հարվածներից անմիջապես հետո: