Բարելավելու համար պետք է ալտերնատիվ ունենանք․ Գևորգ Պետրոսյան
11:24 - 24 մայիսի, 2019

Բարելավելու համար պետք է ալտերնատիվ ունենանք․ Գևորգ Պետրոսյան

Գևորգ Պետրոսյանը իր ելույթը ուղղեց Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի ներկայացուցիչ Ռուբեն Կարանսանին։

«Ես իմ ելույթը ուզում եմ ձոնել հեռախոսով զբաղված մեր օտարերկրյա հարգարժան գործընկերոջը՝ իր որոշ նկատառումների վերաբերյալ։ Համաձայն չեմ նրա հետ, որ ասում է «ենթադրյալ մեղավոր անձանց նկատմամբ վերաբերմունք»։ Ես ուզում եմ իմանալ, թե արդյոք իրենց երկրում կա անմեղության կանխավարկած։ Ի՞նչ է նշանակում ենթադրյալ մեղավոր անձ։

Հաջորդը՝ «հեղափոխության դիմաց իշխանությունը ժողովրդին պետք է հատուցեր դատական համակարգով»։ Ո՞վ է նման բան ասում։ Ուրեմն, ժողովուրդը, որ հեղափոխություն է արել, պահանջել է իր կյանքի որակի բարելավում, ունեցել է նման ակնկալիք, որովհետև, եթե իր կյանքը բարելավված չի, դատական համակարգը իրեն հետաքրքրում է էնքան, ինչքան թռչնագրիպի վարակը կարող էր հուզել Մովսես Խորենացուն։

Հաջորդը, ի՞նչ է նշանակում ելույթների մեջ մեզ համեմատել բացառապես Պերուի, Գվատեմալայի հետ։ Ինքը հիմա ելույթ է ունենում համաշխարհային մշակույթի օրրանում, համաշխարհային քաղաքակրթության օրրանում։

Հաջորդը՝ ասում է, չունենք մոդել, բայց եկել ենք ձեզ դաս տանք։ Եթե մոդել չեք բերել, ով է ասել , որ այդ դասը մեզ հետաքրքիր է։

Եվ վերջում, ես հարգում եմ մեր իշխանության ցանկությունը՝ բարելավելու արդարադատության համակարգը։ Բայց բարելավելու համար պետք է ալտերնատիվ ունենանք։ Այստեղ անուններ են հնչում «ճշմարտության հանձնաժողով», «արդարադատության կամիսիա»։

Շատ լավ է, բայց էս մարմինները հիմնադրելով արդյոք չենք զրոյացնում այսօր գործող մեր իրավապահ մարմինների նշանակությունը և ծառայաությունը։ Բա մեր դատախազությունը, մեր ԱԱԾ-ն։ Մենք չպետք է առաջընթացը գրանցենք շտապողականությամբ՝ որակի հաշվի։

ԲՀԿ-ն շահագրգիռ է, որ Հայաստանում արդարադատության համակարգը բարելավվի, մենք առաջընթաց գրանցնենք մարդու իրավունքների պաշտպանության գործում, բայց պետք չէ դա իրագործել որակի հաշվին»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել