Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, Խորհրդի անդամ Վիգեն Քոչարյանն ընդունել են Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են նաև Արևելյան գործընկերության երկկողմ հարաբերությունների բաժնի ղեկավարի տեղակալ Դիրկ Լորենցը, Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը և ԵՄ այլ ներկայացուցիչներ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից։

«Ողջունելով հյուրերին՝ Խորհրդի նախագահը կարևորեց Խորհրդի և գործընկեր միջազգային կառույցների հետ արդյունավետ, բաց և անմիջական համագործակցությունը դատաիրավական բարեփոխումների համալիր ծրագրերի իրականացումն առավել արդյունավետ դարձնելու ճանապարհին:

Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը, շնորհակալություն հայտնելով Խորհրդին ընդունելության համար, հետաքրքրվեց դատաիրավական բարեփոխումների գործընթացի ներկա վիճակով: Ռուբեն Վարդազարյանը նկատեց, որ Խորհուրդը շահագրգռված է բարեփոխումների արդյունավետությունն ապահովելու համար և այդ ուղղությամբ ձեռնարկում է անհրաժեշտ բոլոր քայլերը:

Հանդիպմանը քննարկվեցին նաև էլ-արդարադատության տեխնիկական ապահովմանը, համակարգի արագ ներդրման անհրաժեշտությանը, դատարանների ծանրաբեռնվածության թեթևացմանն առնչվող հարցեր:

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատեցին հետագա համագործակցության անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ: