aysor.am: Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ կորոնավիրուսին։

«Կարող ենք արձանագրել, որ բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկվում են ու Հայաստանն ապրում է իր բնականոն կյանքով։ Հանրությունը պետք է համոզված լինի, որ եթե ինչ-որ անհանգստացնող տեղեկություն լինի, այն կհանրայնացվի», - ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ բանակում, զինված ուժերում շատ լուրջ միջոցառումներ են ձեռնարկվել։

«Ուզում եմ՝ ծնողները, հարազատները ըմբռնումով մոտենան», - ասաց նա։

Վարչապետը Տիգրան Ավինյանին հորդորեց չթուլացնել զգոնությունը։

«ՀՀ քաղաքացիները պետք է համոզված լինեն, որ բացառվում է նման դեպք, ես գիտեմ, որ նման դեպքերում խուճապ տարածողները շատանում են, բացառվում է, որ լինի դեպք, ու կառավարությունը թաքցնի էդ տեղեկությունը հանրությունից», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա կոչ արեց բոլորին ապրել իրենց բնականոն կյանքով։

«Այս պահին որևէ անհանսգտացնող բան չունենք», - հավաստիացրեց վարչապետը։

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ ասաց, որ հատուկ քարտեր են լրացվում այն անձանց համար, ովքեր ռիսկային երկրներից են գործուղվում Հայաստան։

«Եթե, այնուամենայիվ, վիրուսը թափանցի Հայաստան, կախարգելիչ բոլոր միջոցառումները ձեռնարկված են, անգամ ավելի լավ, քան շատ զարգացած երկրներում», - ասաց Ավինյանը։

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստան ժամանող ուղևորները ամբողջությամբ վերահսկողության տակ են։