Բենզինի շուկա․ կառավարության կեղծիքն ու կայունացող մոնոպոլիան |fip.am|
08:53 - 28 մայիսի, 2019

Բենզինի շուկա․ կառավարության կեղծիքն ու կայունացող մոնոպոլիան |fip.am|

fip.am։ Դեռևս փետրվարի 28-ին կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցում, անդրադարձ կատարելով արհեստական մենաշնորհներին և դրանց դեմ մղված պայքարին, գործադիրը նշել էր, որ տնտեսական ազատությունների և մրցակցության բարելավման տեսանկյունից Հայաստանն աննախադեպ առաջընթաց է արձանագրել, և որպես օրինակ էր ներկայացրել շաքարավազի, բանանի, դիզելային վառելիքի և բենզինի շուկայում արձանագրված փոփոխությունները։

Ըստ այդ զեկույցի, որոշ դեպքերում մի քանի անգամ նվազել են գերիշխող տնտեսավարողների՝ շուկայում ունեցած մասնաբաժինները։

«Փաստերի ստուգման հարթակն» արդեն անդրադարձել է շաքարավազի, բանանի և դիզելային վառելիքի շուկաներին և բացահայտել, որ որոշ ապրանքատեսակների գծով կառավարության զեկույցում ներկայացված տվյալները կեղծ են։
Այժմ անդրադառնանք բենզինի շուկային։

Ըստ կառավարության զեկույցի, 2018 թ. վերջին բենզին ներմուծող ամենախոշոր ընկերության տեսակարար կշիռը կազմել է 29 տոկոս՝ նախկին 43 տոկոսի փոխարեն։
Նախ, փորձենք հասկանալ, թե ինչ էր կատարվում այս շուկայում 2017 թվականին։

2017-ին Հայաստանում բենզինի ներմուծմամբ զբաղվել է 4 ընկերություն՝ «Սիփիէս օիլ քորփորեյշն» ՍՊԸ-ն, «Ֆլեշ» ՍՊԸ-ն, «Էյ բի էքսպորտ» ՍՊԸ-ն և «Մաքս պետրոլ» ՓԲԸ-ն։
Այս ընկերությունները 2017-ին միասին ներմուծել են ավելի քան 142 հազար տոննա բենզին։ Ընկերությունների մասնաբաժինները ներկայացված են գրաֆիկում։



Ինչպես տեսնում ենք, ներմուծող ընկերություններից երկուսը 2017-ին զբաղեցնում էին շուկայի 99,3 տոկոսը՝ «Սիփիէս օիլ քորփորեյշն» ՍՊԸ-ն` 52,6% և «Ֆլեշ» ՍՊԸ-ն` 46,7%։
Համաձայն պետական եկամուտների կոմիտեի տվյալների, 2018 թվականին բենզինի ներմուծմամբ զբաղվել է 5 ընկերություն։ Ընդ որում՝ «Մաքս պետրոլ» ՓԲԸ-ն դուրս է եկել շուկայից, նրա փոխարեն շուկայում հայտնվել են «Պլատինիում օյլ» ՍՊԸ-ն և «Ռուսնեֆտ էքսպորտ» ՍՊԸ-ն։

Այս ընկերությունները միասին 2018-ին Հայաստան են ներմուծել ավելի քան 138 հազար տոննա բենզին։



Ինչպես ներկայացված է գրաֆիկում, շուկայում կրկին կա 2 խոշոր խաղացող՝ «Սիփիէս օիլ քորփորեյշն» ՍՊԸ-ն և «Ֆլեշ» ՍՊԸ-ն։ Ընդ որում՝ 2017 թվականին շուկայի 52,6 տոկոսը զբաղեցնող ընկերության մասնաբաժինը 2018-ին աճել է՝ դառնալով 58,2 տոկոս` ի հեճուկս կառավարության զեկույցում տեղ գտած տվյալի (29%)։

Այսպիսով, կարելի է փաստել, որ կառավարության զեկույցում մենաշնորհների դեմ պայքարի մասին հիշատակումները որոշ դեպքերում չեն համապատասխանում իրականությանը, իսկ բենզինի շուկայում, չնայած նոր ներմուծողների հայտնվելուն, շուկայի բևեռացումն է՛լ ավելի է խորացել։ Բենզինի շուկայում գերիշխող դիրք զբաղեցնող ընկերության մասնաբաժինը 2018 թվականին, նախորդ տարվա համեմատ, ոչ թե նվազել է 43 տոկոսով` դառնալով 29 տոկոս, այլ աճել է՝ 52,6-ից դառնալով 58,2 տոկոս։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել