Բենզինի և գազի շուկայում ուսումնասիրություններն ընթացքի մեջ են. Գեղամ Գևորգյան
05:33 - 14 հունիսի, 2019

Բենզինի և գազի շուկայում ուսումնասիրություններն ընթացքի մեջ են. Գեղամ Գևորգյան

tert.am:  Բենզինի և գազի շուկայում ուսումնասիրություններն ընթացքի մեջ են, աշխատանք է տարվում նաև շուկայի վերահսկողության, մյուս գործընկեր գերատեսչությունների հետ, մինչև օգոստոս պատկերը պարզ կլինի:

Այս մասին ասել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը` անդրադառնալով հարցին, թե վարչապետը հանձնարարել էր ուսումնասիրել բենզինի և գազի շուկաները, հիմա ինչ արդյունքներ կան:

«Ոսումնասիրում ենք ամբողջ իրավական դաշտը, փորձում ենք օբյեկտիվ իրականությունը ստանալ, որ եթե իրավական խոչընդոտներ չկան շուկայի մուտք գործելու, իսկ այն շահութաբեր ոլորտ է, ապա պետք է հասկանանք, թե ինչու նոր խաղացողներ, նոր տնտեսվարողներ չեն հայտնվում մեր շուկայում և ինչու են տնտեսվարողները միշտ նույնը: Որպեսզի լինի ամբողջական փաթեթ, և բոլոր հարցերին լիարժեք պատասխան կարողանանք տալ, կարծում եմ, որ մեզ երեք ամիս առնվազն ժամանակ է պետք»,- ասաց նա և նշեց, որ հիմա ինտեսիվ աշխատում են այդ ուղղությամբ:

Ինչ վերաբերում է տեղեկությանը, որ բենզինի շուկայում նոր խաղացող է հայտնվելու, Գեղամ Գևորգյանը նշեց, որ նոր խաղացողների մուտքն իրենց խնդիրը չէ:

«Սակայն եթե խաղացողների քանակը շատ լինի, կենտրոնացվածության աստիճանը՝ քիչ, ապա դա նշանակում է մրցակցության վիճակը լավ է: Որքան շատ տնտեսվարող սուբյեկտ եղավ, կարծում եմ, որ իրավիճակը ավելի լավ կլինի: Բայց բենզինի, գազի շուկաները շատ խորը շուկաներ են, և պետք է հասկանանք գնի ձևավորումը հենց արտերկրում»,- ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել