Բոլորդ, երբ ինձ ուղարկում եք Ղարաբաղի հարցը լուծելու, բանակցելու, ինձ չեք ասում՝ «այ կգնաս ու Ղարաբաղի հարցը կլուծես էսպես». Նիկոլ Փաշինյան |aysor.am|
12:49 - 22 ապրիլի, 2019

Բոլորդ, երբ ինձ ուղարկում եք Ղարաբաղի հարցը լուծելու, բանակցելու, ինձ չեք ասում՝ «այ կգնաս ու Ղարաբաղի հարցը կլուծես էսպես». Նիկոլ Փաշինյան |aysor.am|

aysor.am: Պետք է հստակ ձևակերպենք՝ Ղարաբաղի հարցի լուծումն ինչպե՞ս ենք տեսնում, այսօր ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դասախոսների և ուսանողների հետ հանդիպմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Շատ կարևոր է հարց է՝ մենք գիտենք, թե ինչպիսի՞ երկիր ենք ուզում տեսնել 20, 30, 50, 100 տարի հետո։ Մենք, ըստ էության, այսպիսի համազգային կամ, առնվազն, պետական մակարդակով ձևակերպված պատասխան չունենք ու իմ կարծիքով, գիտե՞ք, ինչն է դրա պատճառը, որովհետև այս հարցը, այս տեսլականը ձևակերպելու համար, մենք պետք է ձևակերպենք, թե, օրինակ, Ղարաբաղի հարցի պատկերացումը մենք ո՞նց ենք տեսնում։ Էական չէ՝ ինչ տարբերակով կձևակերպենք, ես հիմա չեմ ասում, որ մենք պետք է ձևակերպենք հետևյալ կերպ։ Ամենատարօրինակն այն է, որ այս թեմայի շուրջ մինչև հիմա մեզ մոտ հանրային դիսկուրս չի եղել», - ասաց վարչապետը։

Նա նշեց՝ երբ նոր էր վարչապետ դարձել, հաճախ հարցազրույցներ կամ հոդվածներ էին գրվում, որոնցում Ղարաբաղի հարցով հետևյալ ձևակերպումներն էին լինում.

«Մեկն ասում էր՝ «էսինչն են ծախել», մյուսն ասում էր՝ «եթե չի ծախել հեսա կծախեն», մեկը գրում էր՝ «այ հենց նոր ծախեցին պրծան»։ Ես պարզ հարց էի տալիս՝ իսկ էս ամբողջ խոսակցությունը ոչ միայն իմ վերաբերյալ, այլև Հայաստանի Հանրապետության բոլոր ղեկավարների մասին ինչի՞ պետք է լինի, ինչի՞ կա էդ խոսակցությունը։ Որովհետև դուք բոլորդ, երբ որ ինձ ուղարկում եք Ղարաբաղի հարցը լուծելու, բանակցելու, դուք ինձ միանգամից չեք ասում՝ «այ կգնաս ու Ղարաբաղի հարցը կլուծես էսպես»։ Հայ հանրությունն ու ժողովուրդը ՀՀ վարչապետին չի ասել՝ «այ գնա բանակցությունների, էս էլ քեզ թուղթը՝ կարդա, պատմի, անգիր արա, կգնաս այ սենց կլուծես հարցը»։ Դրա համար էլ սկսվում ա տարբեր խոսակցություններ», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ հանրությունը պետք է պատկերացում ունենա՝ ի՞նչ է ակնկալում Ղարաբաղի հարցում 50, 100 տարի անց.
«Այ երբ որ մենք պատկերացնենք 50, 100 տարի հետո ի՞նչ պետք է լինի Ղարաբաղի հարցը՝ պետք է միջազգայնորեն ճանաչումով լուծված լինի՞, թե՞ պատկերացնում ենք, որ դեռ պետք ա բանակցելիս լինենք այս կամ այն լուծման շուրջ։ Երկուսն էլ տարբերակ է, բայց պետք է հասկանանք՝ մենք ո՞ր ռազմավարությամբ ենք գնում», - ասաց վարչապետը։

Նա ընդգծեց՝ իրեն ուղղված բնական հարց է առաջանում այս դեպքում՝ «դուք որ գնացել եք բանակցությունների, պատկերացում ունե՞ք, թե՞ չունեք այս մասին».

«Ես, բնականաբար, ունեմ պատկերացում, բայց չեմ ուզում, որ դա լինի իմ պատկերացումը, որովհետև ես էլի շարունակում եմ մնալ այն կարծքին, որ Ղարաբաղի հարցի լուծողը ոչ մի նախագահ չի, ոչ մի վարչապետ չի, ոչ մի կառավարություն չի։ Ղարաբաղի հարցի սեփականատերն ամբողջ հայ ժողոուրդն է։ Մենք մի մեծագույն սխալ ենք գործել երրորդ հանրապետության պատմության ընթացքում՝ փոխանակ ասենք Ղարաբաղի հարցի լուծման տարբերակները պետք է լինեն մեր նախընտրական քննարկումների, բանավեճերի առանցքային դրույթներից մեկը, մենք՝ հակառակն ենք արել, ասել ենք՝ «եկեք Ղարաբաղի մասին ընդհանրապես չխոսենք»։ Դրա համար ձևավորվել է այս անորշության ու կասկածի մթնոլորտը», - ասաց Նիկոլ Փաշինյանը


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել