Բողոքող եղվարդցիները պարզապես զավթել են մասնավոր տարածք և չեն ուզում դուրս գալ․ Կոտայքի մարզպետ |shantnews.am|
10:52 - 27 հունիսի, 2019

Բողոքող եղվարդցիները պարզապես զավթել են մասնավոր տարածք և չեն ուզում դուրս գալ․ Կոտայքի մարզպետ |shantnews.am|

shantnews.am։ Կառավարության դիմաց բողոքի ցույց անող եղվարդցիները պարզապես զավթել են մասնավոր արտադրական տարածք ու տնավորվել այնտեղ, հիմա էլ չեն ցանկանում ազատել այդ տարածքը։ Այս մասին այսօր, ցույցի մասին հարցին պատասխանելիս, ասաց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։

Նա ասաց, որ այդ բնակիչներին բազմաթիվ տարբերակներ են առաջարկել, որպեսզի ազատեն մասնավոր տարածքը, քանի որ տարածքի տերը պահանջում է ուղղակի ազատել իր սեփականությունը։ Սակայն բնակիչները, ըստ Պետրոսյանի, կոմպրոմիսի չեն գնացել նույնիսկ այն դեպքում, երբ նրանց առաջարկել են մի քանի ամսվա տան վարձակալության գումար տալ։

Պետրոսյանի խոսքով` այդ տարածքները, այնուամենայնիվ, պետք է ազատվեն, բայց ընկերությունը իր՝ մարզպետի միջնորդությամբ, որոշ ժամանակ է տվել բնակիչներին՝ տարածքն ազատելու համար։ Մարզպետն ասաց, որ ծեծի դեպք չի եղել, ոստիկանությունն ընդամենը իր ուժերով փորձել է դուրս բերել բնակիչներին այդ մասնավոր տարածքից։

Նա ասաց, որ անընդունելի է այդ բնակիչների պահվածքը, երբ կառավարության դիմաց հավաքված ասում են՝ կա´մ մեզ տուն տվեք, կա´մ չենք հեռանա։ Մարզպետի խոսքով՝ նման անօթևան բազմաթիվ ընտանիքներ կան իրենց մարզում։ Նա օրինակ բերեց, որ այդպիսի ընտանիքներ կան, որ զավթել են պետական շենքեր, սակայն իրենք այդ ընտանիքների դրության մեջ մտնում են ու չեն վտարում նրանց։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել