Գազալցակայաններում գազի կգ-ով վաճառքն առաջին անհրաժեշտության ռեֆորմ է, ուղղակի պետք է այնպես հաշվարկվեր, որ գնաճ չլիներ. Բաբկեն Պիպոյան
16:14 - 04 ապրիլի, 2019

Գազալցակայաններում գազի կգ-ով վաճառքն առաջին անհրաժեշտության ռեֆորմ է, ուղղակի պետք է այնպես հաշվարկվեր, որ գնաճ չլիներ. Բաբկեն Պիպոյան

|tert.am|: Գազալցակայաններում գազի վաճառքը ծավալից կգ-ի անցնելու խնդիրների հետ կապված այն, ինչ զեկուցվեց վարչապետին այսօր կառավարության նիստում՝ գազի խտություն և այլն, որևէ էական նշանակություն չունեցող հարց է խնդրի կարգավորման տեսանկյունից. այս մասին ասել է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը։

Նշենք, որ երեկ որոշ գազալցակայաններ սկսել էին գազը վաճառել կգ-ով, ինչի հետևանքով վարորդները դժգոհություններ էին հայտնում, թե գազը թանկացել է:

«Ըստ էության՝ բիզնեսը ստացել էր ազդակ, որ ապրիլի մեկից գազը պետք է իրացվի ոչ թե ծավալով այլ կգ-ով: Սա այն ռեֆորմն է, որի մասին մենք խոսել ենք տարիներ շարունակ՝ որպես առաջին անհրաժեշտություն: Սա շատ կարևոր ռեֆորմ է, և պետությունը ամենալավ բաներից մեկն էր, որ անում է: Թե ինչ անհարմարություն է դա բերելու բիզնեսի համար, թող բիզնեսի շահերի պաշտպաններին հուզի, բայց սպառողի շահերի պաշտպանության տեսանկյունից սա լավագույն որոշումներից մեկն է»,- ասել է Պիպոյանը:

Նա նշել է, որ մինչ ԱԺ-ն կընդուներ գազալցակայաններում գազի կգ-ով վաճառքի մասին նախագիծը, երեկվանից արդեն որոշ գազալցակայաններ սկսեցին գազը իրացնել ոչ թե ծավալով, այլ միանգամից անցում կատարեցին դեպի կգ-ի: «Այն, ինչը զեկուցվեց տեսչական մարմնի ղեկավարի կողմից, գազի խտության փոփոխությունը, և այլն, սա որևէ էական նշանակություն չունի այս խնդրի կարգավորման հարցում: Որովհետև գազը թանկացել է այն գազալցակայաններում, որոնք անցում էին կատարել կգ-ի: Սա նշանակում է, որ թանկացման պրոցես չպետք է տեղի ունենար, որովհետև պետք է ընտրվեր այնպիսի գին կգ-ի համար, որ եթե հետ հաշվարկ արվեր ծավալից, գնաճ տեղի չունենար»,- նշել է Պիպոյանը:

Ըստ նրա՝ այստեղ բարդ ֆիզիկական հաշվարկի կարիք չկա․ «Հստակ է մի բան, եթե լիտրը վաճառել ես 210 դրամ, կգ-ի անցնելու դեպքում, պետք է իրացումն այնպես կազմակերպես, որ եթե հետ բերես ծավալը կգ-ի 210-ը չգերազանցես»:

Ըստ նրա՝ գուցե սա շատ սպառողակենտրոն նախագիծ է, կարող է բիզնես գործունեությանը խոչընդոտել, բայց սա խոչընդոտ չէ: «Միայն այն, որ երեկ մի քանի գազալցակայաններ արդեն ավտոմատ անցում կատարեցին կգ-ով վաճառքի, նշանակում է, որ անցում կատարելու խնդիր չկա: Այսինքն՝ պրոցեսը կազմակերպելը տեխնիկապես խնդիր չի առաջացնում»,- շեշտեց Բաբկեն Պիպոյանը:

Նրա պնդմամբ՝ կգ-ով գազի վաճառքի դեպքում գնի բարձրացումը սխալը հաշվարկների հետևանքով է եղել:

Ճշտող հարցին՝ գնի թանկացումը տնտեսվարողների կամայականությո՞ւնն էր, նա  դրական է պատասխանել և նշել, որ դա սաբոտաժ էր: «Հիմա վարչապետը հարցնում էր ինչի հետևանք է, ասում են՝ գազի խտացում և այլն: Ի՞նչ կապ ունի դա, եթե պետք է ընդամենը ստուգվեր՝ այն գազալցակայաններում, որտեղ ծավալով է վաճառվել, այնտեղ գնաճ եղե՞լ է, թե՞ չի եղել: Պետք չէ մոլորեցնել ու պարզ բաները բարդացնել, ասելով՝ տեսեք, մենք աշխատում ենք»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել