«Գազպրոմը» երկարատև, կայուն շուկա ունի, ի՞նչ պարտադիր է 10% շահութաբերությամբ աշխատի. Մ.Մելքումյանը՝ գազի սակագնի փոփոխության մասին |tert.am|
05:39 - 22 հուլիսի, 2019

«Գազպրոմը» երկարատև, կայուն շուկա ունի, ի՞նչ պարտադիր է 10% շահութաբերությամբ աշխատի. Մ.Մելքումյանը՝ գազի սակագնի փոփոխության մասին |tert.am|

tert.am: Այնպես չի, որ գազի գնի բարձրացումն անխուսափելի է․ նման տեսակետ հայտնեց ԲՀԿ պատգամավոր, Գազի և էլեկտրաէներգիայի սակագների հիմնավորվածությունն ուսումնասիրող խորհրդարանական նախկին քննիչ հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը՝ անդրադառնալով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի այն հայտարարությանը, որ գազի գինը «Գազպրոմի» խնայողությունների հաշվին պահպանելը չի կարող անվերջ ձգվել։

«Պետք է բալանսը գտնել, նախ պատկերացնել, թե ինչ է էներգետիկ բալանսը՝ հաշվեկշիռը և հասկանալ, թե որքանով է սակագինը հիմնավորված, և հնարավոր է արդյո՞ք տարբերակներ գտնել»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ փոխվարչապետը նշել էր, որ առաջիկայում ՌԴ «Գազպրոմ» ընկերությունից աշխատանքային խումբ է գալու Հայաստան՝ սակագնի բաղադրիչները քննարկելու նպատակով։ Նշենք նաև, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն իր ներքին հնարավորությունների հաշվին է այս պահին փոխհատուցում սահմանին գազի գնի բարձրացումը և պետության վրա որևէ պարտք չի կուտակում։

Ըստ պատգամավորի՝ գազի գնի ձևավորման երկու կոմպոնենտ կա․«Մեկը, թե սահմանի վրա գազի գինն ինչ է, մյուսը՝ սահմանից մինչև սպառող ինչքան, դրանք տարբեր բաներ են։ Այսինքն՝ մենք այն ժամանակ մեր հանձնաժողովով հիմնավորել ենք, որ սահմանից մինչև սպառող մենք ռեզերվներ ունենք, ճիշտ է կան տարբեր մոտեցումներ, բայց ես կարծում եմ, որ կա առնվազն 5-7% գազի գինն իջեցնելու հնարավորություն»,- ասաց նա։

Մելքումյանի խոսքով՝ պետք է կորուստները նվազեցնել, որը սակագնի մեջ բավական մեծ տոկոս է կազմում: «Եվ հետո «Գազպրոմը» թող իր ծախսերն օպտիմալացնի՝ ինքը ծախսեր է անում, որը կարող է չանել՝ 7000-ից ավել աշխատող կա, տարբեր գնումներ է անում»,- ասաց նա և շարունակեց, որ նաև պետք է «Գազպրոմի» շահութաբերությունն իջեցնել։ «Աշխատում է 10% շահութաբերությամբ, ինքն ունի երկարատև՝ մինչև 2042թ-ը, կայուն շուկա և մրցակից էլ չունի, ինչ պարտադիր է 10% շահութաբերությամբ աշխատի»,- ասաց նա։

ԲՀԿ-ական պատգամավորը նաև կարծում է, որ գազի բաշխումը պետք է ազատականացնել։ «Ոչ թե մայրուղով փոխադրումը, այլ բաշխումը կարելի է ազատականացնել, երկու երեք մարզը մեկ տալ մի կազմակերպության, որը կարող է ավելի էժան բաշխել գազը, քան «Գազպրոմն» է բաշխում»,- ասաց նա։

Միքայել Մելքումյանը կարևորում է այլընտրանքային էներգետիկայի զարգացումը։ «Պետք է զարգանա մեծ թափով՝ և՛ արևային էներգետիկան, և՛ քամու։ Օրինակ՝ արևային էներգետիկան այնքան էլ լավ չի զարգանում, մենք պետք է պետական քաղաքականություն վարենք, որ բալանսը հօգուտ ոչ գազի հիմքի վրա, այլ էլեկտրաէներգիայի արտադրության՝ ավելանացնենք։

Գազի հիման վրա էլեկտրաէներգիայի արտադրությունը մոտավորպես 34-35% է կազմում։ Բացի այդ, իսկ ո՞վ է ասել, որ նոր որակի ՋԷԿ-երը, որ գազով են աշխատում, շատ խնայող են, օրինակ Երևանի նոր ՋԷԿ-ը և գազատուրբինային ռենկոն, որ նոր կառուցվում է, նրանք շատ ավելի ցածր ինքնարժեքով էլեկտրաէներգիա են արտադրում, քան Հրազդանի 5-րդ բլոկը, կամ նախկին Հրազդանի ՋԷԿ-ը կրկնակի անգամ ավելի էժան, այսինքն՝ ո՞վ է ասել, որ տեխնոլոգիաները գազի հիման վրա էլեկտրաէներգիա արտադրելուց չեն նորանա»,- ասաց նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել