Գեթ մեկ շիշ ջուր չգնել․ Դիանա Գասպարյանը կոչ է անում բոյկոտել Մանվել Գրիգորյանի վարձակալած սրճարանը |news.am|
05:41 - 03 հունիսի, 2019

Գեթ մեկ շիշ ջուր չգնել․ Դիանա Գասպարյանը կոչ է անում բոյկոտել Մանվել Գրիգորյանի վարձակալած սրճարանը |news.am|

news.am։ Էջմիածնի քաղաքապետարանը Մանվել Գրիգորյանի սրճարանի վարձակալության պայմանագիրը ոչ միայն չի երկարաձգել, այլեւ քայլեր է ձեռնարկում այն ժամանակից շուտ լուծելու ուղղությամբ։ Այս մասին այսօր՝ հունիսի 3-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը՝ արձագանքելով այն քննադատությանը, թե քաղաքապետարանը երկարաձգել է այդ սրճարանի վարձակալության պայմանգիրը ևս 30 տարով։

Նա ներկայացրեց խնդրի նախապատմությունը․ «Քաղաքապետարանի դիմացի տարածքը սրճարան կազմակերպելու եւ կառուցելու համար Մանվել Գրիոգրյանի մերձավորներին, բայց բոլորս գիտենք, որ այդ ամենի հետեւում հենց նա է կագնած, տրվել էր վարձակալության 2003 թվականին՝ 25 տարով, այսինքն՝ մինչեւ 2028 թվականը, տարեկան մոտ 23 հազար դրամ վարձավճարով»։

Ըստ Գասպարյանի՝ պայմանագիրը հնարավոր չէ ժամկետից վաղ լուծել, եւ քաղաքապետարանը հնարավորություն ունի միայն փոփոխել վարձավճարի չափը, եւ եթե վարձակալը անհամաձայնություն հայտնի, ապա այդ դեպքում՝ միակողմանի լուծել պայմանագիրը։ Այդ նպատակով Էջմիածնի քաղաքապետարանը որոշել է սահմանել նոր վարձավճար՝ տարեկան մոտ 7 միլիոն դրամ, եւ այս մասին արդեն ծանուցվել են սրճարանի վարձակալները։

Դիանա Գասպարյանը հույս հայտնեց, որ այդքան գումար վարձակալները չեն համաձայնի վճարել, եւ իրենք պայմանագիրը կլուծեն, իսկ մինչ այդ՝ կոչ արեց բոյկոտել այդ սրճարանի աշխատանքը․

«Ես ցանկանում եմ մեր համաքաղաքացիներին կոչ անել, հորդորել բոյկոտել այդ սրճարանի աշխատանքը, որեւէ դեպքում՝ անգամ ամառվա ամենաշոգ եղանակին ծարավ լինելու դեպքում, գեթ մեկ շիշ ջուր չգնել այդ սրճարանից, որպեսզի սրճարանը որեւէ եկամուտ չապահովի»,- ասաց Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել