armtimes.com:  Նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի կալանավորման որոշումը չի բեկանվի։ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Կարեն Մարդանյանի նախագահությամբ, այսօր վերադառնալով խորհրդակցական սենյակից, հրապարակեց այս որոշումը` այդպիսով մերժելով պաշտպանական կողմի բողոքը։

Այս մասին տեղեկացրեց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը։

Պաշտպանները բողոքարկել էին Կոստանյանին կալանավորելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանի դեկտեմբերի 4-ի որոշումը։ Բողոքի քննարկումից հետո դեկտեմբերի 26-ին դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ։ Կոստանյանը Մարտի 1-ի գործով ներգրավվել էր որպես մեղադրյալ նոյեմբերի 24-ին: ՀՔԾ-ն նրան 48 ժամ էր առաջարկել՝ վարույթն իրականացնող մարմին ներկայանալու եւ մեղադրանք առաջադրելու համար: 48 ժամը լրանալուց հետո ՀՔԾ-ն նրա նկատմամբ հայտարարել էր հետախուզում՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելով դատարան: Մեր տեղեկություններով՝ ՀՀԿ-ական նախկին պատգամավորը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով՝ պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնեական կեղծիք կատարելուն դրդելու, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելուն դրդելու եւ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույց կեղծելուն դրդելու համար: