Գիտական կառույցները կֆինանսավորվեն ըստ աշխատանքի արդյունավետության. Նոր կարգն ուժի մեջ կլինի 2020-ի |armenpress.am|
10:51 - 25 հուլիսի, 2019

Գիտական կառույցները կֆինանսավորվեն ըստ աշխատանքի արդյունավետության. Նոր կարգն ուժի մեջ կլինի 2020-ի |armenpress.am|

armenpress.am։ Հայաստանում գիտական հաստատությունները կֆինանսավորվեն ըստ իրենց աշխատանքի արդյունավետության:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը նշեց, որ նախատեսում են ֆինանսավորման այս տարբերակն ուժի մեջ մտցնել 2020 թվականի հունվարի 1-ից:

«Այսինքն՝ այն հիմնարկը, որն ավելի արդյունավետ է աշխատում, ավելի շատ ֆինանսավորում կստանա: Թե ինչի համար և որքան միավոր կստանա տվյալ հիմնարկը, դա ստեղծված հանձնաժողովի որոշմամբ է լինելու: Հանձնաժողովի անդամները տարբեր գիտական կառույցների բարձրակարգ մասնագետներ են: Նրանք կգնահատեն, և կունենանք պատկեր հասկանալու համար, թե ինստիտուտը ինչպես է աշխատել»,-ասաց Սամվել Հարությունյանը:

Նրա խոսքով, այս մոտեցմամբ ակնկալվում է, որ հիմնարկների միջև առողջ մրցակցություն կառաջանա, և դա կբերի բյուջեի բաշխումների ավելի արդար օգտագործման, քան մինչև հիմա է եղել: Նման համակարգ կիրառվում է աշխարհի տարբեր առաջատար երկրներում:

«Ասեմ, որ կան մի քանի տարբեր չափանիշներ, դրանք են՝ տպագրված հոդվածները, միջազգային համագործակցությունը, մանկավարժական գործունեությունը, նորագույն սարքավորումների առկայությունը, ասպիրանտների պաշտպանությունը, շահած գրանտները և այլն:

Հասարակագիտական հիմնարկների համար չափանիշները տարբերվելու են, վստահ եղեք համեմատելու ենք նմանները նմանների հետ: Երբեք որևէ մեկի մտքով չանցնի, որ հայագիտությունը ֆիզիկայի հետ ենք համեմատելու»,-ասաց Սամվել Հարությունյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել