civilnet.am: Բենիամին Պողոսյան

Վերջին առնվազն երեսուն տարում միջազգային հարաբերությունների հիմնական թրենդը գլոբալ աշխարհակարգում ազգ պետությունների դերակատարության աստիճանական նվազումն էր։ Միջազգային կազմակերպությունները, տրանսազգային խոշոր ընկերությունները և երկրագնդի առավել հարուստ անձանց կողմից ստեղծված բարեգործական հիմնադրամները երբեմն շատ ավելի մեծ ազդեցություն ունեին, քան առանձին պետություններ։ Տնտեսական փոխգործակցությունը հանգեցրել էր ապրանքների և ծառայությունների ազատ տեղաշարժի, ինչը դարձել էր ժամանակակից տնտեսական կյանքի հիմքը։ Թվում էր, թե ոչինչ չի կարող կասեցնել գլոբալիզացիայի ընթացքը, որը էլ ավելի էր արագացել տեղեկատվական տեխնոլոգիաների աննախադեպ զարգացման շնորհիվ։ Միջազգային տարբեր վերլուծական կենտրոններում շատ էին հրապարակումները ազգ պետությունների դերի հետագա անխուսափելի նվազման, իսկ երկարաժամկետ հեռանկարում նաև նրանց վերացման հավանականության մասին։ 

2019 թ. դեկտեմբերին Չինաստանում սկիզբ առած նոր կորոնավիրուսի համաճարակը սկզբում կարծես թե որևէ վտանգ չէր սպառնում գլոբալիզացիայի հաղթարշավին։ Մինչև 2020 թ. հունվարի վերջը համաշխարհային տնտեսության միակ մտահոգությունը Չինաստանում փակված գործարանների փոխարեն արտադրության նոր աղբյուրներ գտնելն էր։ Տնտեսագետների մի մասը ենթադրում էր, որ այս իրավիճակը կարող է արագացնել Չինաստանի կողմից «աշխարհի գործարանի» գործառույթի կատարման աստիճանական նվազման գործընթացը։ Թվում էր, Չինաստանում աշխատուժի աստիճանական թանկացմամբ, ԱՄՆ – Չինաստան առևտրային պատերազմով իսկ 2020 թ. սկզբից նաև կորոնավիրուսի բռնկմամբ  պայմանավորված այս գործընթացը կարող էր լուրջ վնասներ հասցնել Չինաստանի տնտեսությանը, բայց ի վիճակի չէր խաթարել գլոբալիզացիայի հաղթարշավը։

Սակայն վերջին երկու ամիսներին աշխարհում տեղի ունեցավ գրեթե աներևակայելին։ Համաճարակի հետագա տարածումը կանխելու նպատակով բազմաթիվ պետություններ ոչ միայն փակել են սահմանները, այլև փաստացի դադարեցրել են տնտեսական գործունեությունը՝ բացառություն անելով միայն մարդկանց կենսագործունեությունը ապահովող ձեռնարկությունների համար։ Համաշխարհային տնտեսության արյունատար անոթների դերակատարություն ունեցող ապրանքների և ծառայությունների ազատ տեղաշարժի էական սահմանափակումը լուրջ հարված է գլոբալիզացիային և միևնույն ժամանակ «տնտեսական ազգայնականության» նախանշան։   

2020 թ. մարտի սկզբին Իտալիայի՝ Եվրամիության անդամ պետություններին ուղղված օգնության կոչի փաստացի անտեսումը, թերևս, Եվրոպայում «տնտեսական ազգայնականության» առաջին դրսևորումն էր, ընդ որում սա միայն գործընթացի սկիզբն է։ Որոշ պետություններ, այդ թվում Ղազախստանը, արդեն հայտարարել են մի շարք սննդատեսակների արտահանման դադարեցման մասին, ինչը միջնաժամկետ հեռանկարում կարող է պարենային ճգնաժամի պատճառ դառնալ։ «Տնտեսական ազգայնականության»հնարավոր հետևանքներից կարող է լինել նաև օտարերկրացիների համար աշխատաշուկայի մատչելիության սահմանափակումը։

Տնտեսական ազգայնականության աճը, սակայն, կարող է չսահմանափակվել միայն գլոբալիզացիայի խաթարմամբ և ազգ պետությունների դերակատարման աստիճանական աճով։ Վերջին տասնամյակում միջազգային անվտանգային ճարտարապետությունը լուրջ կերպափոխումների էր ենթարկվում։ ԱՄՆ-ի բացարձակ գերիշխանությամբ բնորոշվող հետսառըպատերազմյան միաբևեռ աշխարհին փոխարինելու էր գալիս բազմաբևեռ, և շատ ավելի անկայուն աշխարհակարգը։ Սակայն գլոբալիզացիայի շնորհիվ գերտերությունների միջև ձևավորված տնտեսական փոխկախվածությունը որոշակիորեն մեղմում էր նրանց միջև առաջացող աշխարհաքաղաքական հակասությունները։ Սա հատկապես նկատելի էր ԱՄՆ – Չինաստան հարաբերություններում։

Սակայն նոր կորոնավիրուսի համաճարակի պատճառով գլոբալ տնտեսության փլուզման ինտենսիվ գործընթացը էականորեն կթուլացնի գերտերությունների միջև առկա տնտեսական փոխկախվածությունը, ինչը կարող է նպաստել հակասությունների առավել սրմանը։ Միևնույն ժամանակ, եթե գերտերությունների պարագայում միջուկային զենքի առկայությունը բացառում է նրանց միջև ուղղակի ռազմական բախման հնարավորությունը, ապա միջազգային կազմակերպությունների հեղինակազրկումը և ազգ պետությունների դերակատարման աճը կարող է հանգեցնել տարածաշրջանային առկա ռազմական հակամարտությունների սրմանը կամ նորերի առաջացմանը։  

Շարունակությունը՝ civilnet.am-ում