tert.am Հայաստանի Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչյա Բերբերյանին չի զարմացնում ՀՀ գյուղատնտեսության ոլորտի մոտ 8 տոկոս անկումը։ Նա նշում է, որ, իրականում, պատկերը շատ ավելի վատ է։ Բերբերյանի խոսքով՝այս ոլորտում անցած տարվա համեմատ 15 տոկոս անկում կա։ Նա պատճառն էլ գիտի՝ կառավարությունը կադրային խնդիր ունի։

«Միայն ու միայն կադրային խնդիր է։ Չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանը պետք է գյուղատնտեսությամբ զբաղվի, բայց այսօր կառավարությունում մի մասնագետ էլ չունենք, որ ոլորտին տիրապետի։ Նրանք մասնագետներ չեն, այլ լավ վերարկու բռնող, կոշիկ մաքրող տղաներ են, որոնք խցկվել են կառավարություն և վայելում են ժողովրդի հարկերը։ Միայն կառավարությունը չէ, այլև նույն ԱԺ-ն, 30 և ավել պատգամավոր ունեցանք, բայց որ պատգամավորների մի մասն էլ լիներ, մեզ բավական էր»,- ասաց նա։

Գյուղատնտեսության ոլորտի հետընթացի պատճառներից մեկն էլ Բերբերյանը համարում է Գյուղատնտեսության նախարարության՝ Էկոնոմիկայի նախարարությանը միացումը։ Նա մեկ անգամ չի ասել, որ կառավարության նման կառուցվածքային փոփոխություններն անհետևանք չեն մնալու։

«Հողը տվեցին գյուղացուն, բայց դրան նաև շարունկություն պետք էր տալ։ Գյուղացին ժամանակին գոնե ձայն ուներ կառավարությունում, այո, կուսակցական էին, բայց հարվածի տակ իրենք էին առաջինն ընկնում ու ստիպված էին, գոնե, ոլորտի շահը պաշտպանել։ Այսինքն, երբ մի տեղ ճանապարհ էր փակվում և այլն, գյուղնախարարն առաջին շարքերում էր, գոնե լսում էին ժողովրդին, հիմա դա էլ չկա։ Էկոնոմիկայի նախարարությունն այդքան էլ տրամադրված չէ զբաղվել գյուղատեսության զարգացմամբ»,- ընդգծեց Բերբերյանը։

Վերջինս կարծում է, որ եթե որևէ մարզում հրդեհ է բռնկվում, պետք է մարզպետը պատժվի, իրենց տեղերում նստած փոխվարչապետները պետք է պատժվեն։ Հրաչ Բերբերյանը շեշտեց, որ ոլորտի մի շարք մասնագետներ մեկ անգամ չեն ասել, որ, եթե 23 օր տեղումներ չեն լինում, ապա կառավարությունը կարող է Հանրապետությունում երաշտ հայտարարել։ Նա հիշեցրեց՝ ՀՀ-ում 45 օր տեղումներ չեն եղել, բայց երաշտ չի հայտարարվել։

«Եթե չեն հայտարարում, բնականաբար, միջոցներ ևս չեն ձեռնարկում, այսինքն՝ չեն ցանկանում զբաղվել ոլորտով, միգուցե, խելքները չի հասնում, միգուցե, ուղեղներն ուրիշ տեղ է։ 40 օր տեղում չլինելուց հետո ո՞ր կառավարությունը չէր հայտարարի, որ Հանրապետությում երաշտ է։ Այստեղից հետևում է հրդեհ, որից առաջանում է անասնակերի պակաս։ Խնդիրը շղթայական գնում է, քանի որ, եթե ժամանակին այդ խոտը հնձվեր, ապա այսօր անասնակերի խնդիր չէինք ունենա։ Առման այս տապին խոտի ձյուկը հասել է 1300 դրամի, ձմռանը հասնելու է 2300 դրամի, բնականաբար, կաթն ու կաթնամթերքը կթանկանան»,- մանրամասնեց Հրաչ Բերբերյանը։

Բերբերյանը ցավով արձանագրեց, որ կառավարությունում կան մարդիկ, որոնք գյուղատնեսությունը չեն սիրում։ Նրա գնահատմամբ՝ ոլորտը ոչ թե անտեսված է, այլ արհամարված, սա էլ այն դեպքում, երբ ՀՀ ՀՆԱ-ի 20-25 տոկոսը գյուղատնտեսությունն է։ Նա նաև վստահեցրեց՝ որոշ գյուղատնտեսական ապրանքներ կթանկանան։

«ՌԴ-ն խոսում է գյուղատնտեսության տարբեր ուղղություններով արտահանումներ մասին, որը միլիարդներ է բերում երկիր, իսկ մեզ մոտ ոչ մեկ չի հարցնում, թե ծիրանն ինչո՞ւ պակասեց, դաշտի լոլիկ ինչի՞ չկա, խաղողն ինչո՞ւ է քիչ։ Մեկը հարցնո՞ւմ է գյուղացուն՝ կարտոֆիլի կամ ցորենի սերմ ունես, չէ, չունի, այս տարի էլ է պակաս լինելու։ Կարտոֆիլը կդառնա 500 դրամ, հիմա մի քիչ իջել է, իրականում, շուկայում նույն գինն է, գյուղացիներին թալանում են վերավաճառողները, բայց որոշ ժամանակ անց կարտոֆիլը կթանկանա»,- հավելեց Բերբերյանը։

Հրաչ Բերբերյանը խնդրի լուծումը տեսնում է նախարարության վերաբացմամբ, զուգահեռ էլ հզոր լոկոմոտիվ պետք է ստեղծվի։

«Ծրագրի մասին խոսել ենք, ներկայացրել են, որ մենք պետք է ունենանք մասնավոր սեկտորի կայացած համակարգ, խոսքը Ֆերմերի ազգային պալատի և այլնի մասին է։ Այսինքն՝գործընկեր, որ վարչապետի կողքը կլիներ, իսկ եթե փողոցից բռնել փոխվարչապետ է նշանակել, բան չի փոխվի»,- եզրափակեց Հրաչ Բերբերյանը։