Գյումրիում դաժան ծեծի ենթարկված երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր |factor.am|
12:31 - 06 մարտի, 2020

Գյումրիում դաժան ծեծի ենթարկված երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր |factor.am|

factor.am: Գյումրիում նախօրեին դաժան ծեծի ենթարկված 13-ամյա աղջնակի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Երեխային Գյումրիի «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում» վիրահատել են, ապա գիշերը ռեանիմոբիլով տեղափոխել Երևան։

«Երեխան ունի համակցված վնասվածքներ, գլխուղեղի, կրծքավանդակի, որովայնի սալջարդ, աջ անրակի կոտրվածք։ Վիճակը շարունակում է մնալ  ծայրահեղ ծանր, միացված է արհեստական շնչառության սարք»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։

Մարտի 5-ին ժամը 15:40-ին հիվանդանոցից Ոստիկանության Մուշի բաժին հաղորդում է ստացվել, որ «տրավմային շոկ, գանգուղեղային փակ վնասվածքով» Պռոշյան փողոցի տներից մեկից բուժօգնության է տեղափոխվել 13-ամյա մի աղջիկ: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները բնակարանում հայտնաբերել են աղջկա մոր՝ 43-ամյա Մարինե Խ.-ի դին՝ բռնության հետքերով։ Երեխան տեղափոխվել է «Գյումրու մոր և մանկան ավստրիական մանկական» հիվանդանոց։

Ոստիկանության իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են որոշ հանգամանքներ։ Հանցագործությունը կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել 28-ամյա մի տղամարդ։ Ըստ տեղեկությունների՝ տղամարդը եղել է մահացած կնոջ ընկերը։ Հենց նա էլ կենցաղային հողի վրա  դաժան ծեծի է ենթարկել կնոջն ու նրա դստերը։  Տղամարդը ձերբակալված է, քննությունը շարունակվում է:

Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ առողջապահության նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանն այցելել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն` տեսակցելու Գյումրուց մայրաքաղաք տեղափոխված բռնության ենթարկված 13-ամյա երեխային:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել