Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսի ժամանակ նշեց, որ Գյումրիում տնակների հաշվառման և անօթևանների խնդիրներով զբաղվող հանձնաժողովը աշխատում է ամենօրյա ռեժիմով։ Նա հայտնեց, որ աշխատաքների արդյունքում կարող է պարզվել, որ այնտեղ ոչ մեկի նկատմամբ պետությունը պարտավորություն չունի։  

Նիկոլ Փաշինյանը մասնավորապես նշեց․

«Հանձնաժովը նիստն անում է այն պարբերականությամբ, որքան անհրաժեշտ է լինում։ Ամենօրյա ռեժիմով աշխատանքներ տարվում են։ Աշխատանքներ են տանում Կադաստրի կոմիտեն, Ոստիկանությունը, Տարածքների կառավարմնա և ենթակառուցվածքների զարգացման նախարարությունը, Քաղաքաշինության կոմիտեն՝ ամենօրյա ռեժիմով։ Վերցնում են բոլոր տնակները հատ-հատ քարտեզագրում են, էլեկտրոնային տեղորոշում են և ստեղծում են այդ տնակի պատմությունը․ ի՞նչ տնակ է, մարդ ապրում է թե ոչ, եթե չի ապրում, ո՞րտեղ է և ի՞նչ կարգավիճակ ունի, եթե ապրում է որևէ քաղաքացի կամ ընտանիք, ապա ինչու՞ է այդտեղ ապրում։

Դեռ պետք է պարզենք՝ արդյոք մենք պետք է բնակարանի գնման վկայագիր տանք, թե ոչ։ Եթե պարզվի, որ, օրինակ, տնակում բնակվողը Գյումրիին հարևան գյուղերից մեկում առանձնատուն կամ տուն ունի, թողել է և եկել է Գյումրի, որովհետև հնարավորություն է տեսել, ապա ինչու՞ պետք է իրեն բնակարանի գնման վկայագիր տանք։

Կարող է պարզվի, որ այնտեղ ոչ մեկի նկատմամբ պետությունը պարտավորություն չունի։ Ես ասում եմ, որ այս տարվա 3 մլրդ դրամի ծրագրով մենք լուծում ենք այն քաղաքացիների հարցը ում նկատմամբ պետությունն ունի դե յուրե արձանագրված պարտավորություն»։