armtimes.com։ Գյումրիում կանաչ գոտի ասվածը վաղուց մի քանի ծառ ու թուփ է նշանակում: 88-ի աղետից 30 տարի անց պատասխանատուները կանաչ գոտիների բացակայության մեջ մեղադրում են տնակաբնակներին, այսինքն այն մարդկանց, որոնք աղետին հաջորդած օրերին որտեղ պատահի, տեղադրել են իրենց ժամանակավոր կացարանները՝ հիմնադրելով տնակային ավանները:

«Կանաչ տարածքների հարցը կկարգավորվի, երբ վերջնականապես կավարտվի տնակների հաշվառումը քաղաքում: Այսինքն, մինչեւ հունիսի 30-ը: Դրանից հետո հույս ունենք, որ կանաչ գոտիներ կազատվեն Մայր Հայաստանի տարածքում, Չերքեզի ձորի տարածում»,-ՀԺ-ի հետ զրույցում ասաց Գյումրու քաղաքապետարանի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը:

Բայց կլինեն նաեւ կանաչ գոտիներ, որոնք անհնար կլինի վերադարձնել նախկին նշանակությանը: Մարդիկ, ովքեր տարիներ շարունակ ապրել են տնակներում, հատկապես կանաչ գոտիների մասին է խոսքը, կառուցապատումներ են արել, տնակը դարձրել քարաշեն տուն՝ պահպանելով, սակայն, տնակային հասցեավորումն ու անօթեւանի կարգավիճակը:

Պաշտոնյան ասում է՝ շատ հնարավոր է, որ որոշ դեպքերում նպատակահարմար չհամարեն նման տնակների ապամոնտաժումը: Փոխարենը տնակատիրոջը կտան տարածքը սեփականաշնորհելու իրավունք:

«Այն տարածքները, որոնք նախկինում եղել են կանաչ գոտի, սակայն այսօր այլեւս ազատել հնարավոր չէ, քանի որ թեկուզ ապօրինի, բայց կապիտալ շենք-շինություն է կառուցված, նպատակահարմար չի լինի քանդելը: Լուծումներ կգտնենք, այլ հողի փոխանակման միջոցով կապահովենք կանաչ գոտիները»:

Նման կառուցապատումներ կան Սավոյան փողոցում, Մսի կոմբինատ կոչվող թաղամասում: Եվ ոչ միայն: Քաղաքի գրեթե բոլոր հատվածներում էլ կան կառուցապատումներ, որոնց սեփականաշնորհումը միշտ էլ խնդրահարույց է եղել:

Քաղաքապետարանը դրանց տերերի մի մասին սեփականաշնորհման իրավունք է տալիս, նույն հարթության մեջ սեփականաշնորհման նույն պահանջն ունեցողներից ոմանց էլ մերժում է: Թե հիմա ինչ սկզբունքով են գործընթացը կազմակերպելու, քաղաքապետարանի գլխավոր ճարտարապետին հայտնի չէ: Փոխարենը Հենրիկ Գասպարյանը հստակ տեղեկություն ունի, թե մեկ գյումրեցուն ինչքան պակաս թթվածին է ստանում:

«Ներկա դրությամբ քիչ են մեր կանաչ գոտիները: Բնակչության հաշվով ամեն մի բնակչի հասնում է 15-ից 20 քմ կանաչ տարածք, իսկ այս պահին քաղաքի յուրաքանչյուր բնակչի հազիվ 4-ից 5 քմ է հասնում: Բայց մենք աշխատանքներ տանում ենք, որ կանաչ գոտիները վերականգնենք, եւ ավելացնենք:

Շարունակությունը՝ armtimes.com