lragir.am: Ոստիկանության Գորիսի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա փաստական տվյալներ են ձեռք բերվել Կորնիձոր համայնքում տեղի ունեցած ապօրինությունների վերաբերյալ, հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ըստ քննության այս պահին հայտնի տվյալների՝ կեղծ արձանագրության հիման վրա 2016 թվականին Կորնիձոր համայնքի արոտօգտագործողների միավորման նախագահ է նշանակվել հենց համայնքի ղեկավարը, որն իրեն ամրագրել է որպես միավորման միակ վարձու աշխատող։

Այնուհետև համայնքի կարիքների համար ձեռք բերված 12 միավոր գյուղատնտեսական տեխնիկան օգտագործել է անձնական կարիքների համար։ Մասնավորապես, 2017-ից 2018 թվականների ընթացքում իրեն և այլ անձանց պատկանող վարելահողերում համայնքին պատկանող գյուղատնտեսական տեխնիկայով կատարվել են մի շարք աշխատանքներ։ Բացի այդ, հիշյալ ժամանակահատվածում Կորնիձոր համայնքի ղեկավարը Տեղ համայնքի հետ կնքել է աղբահանություն իրականացնելու պայմանագիր և կատարված աշխատանքների դիմաց ստացած 4 միլիոն 960 հազար դրամից ավելի գումարը յուրացրել է։

Նախապատրաստված նյութերի հիման վրա ոստիկանության Գորիսի բաժնում առանձնապես խոշոր չափերով յուրացման կամ վատնման և փաստաթղթեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Գորիսի քննչական բաժին՝ հետագա քննության։