armenpress.am: ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության և վարչապետին ենթակա մարմիններին իրենց կողմից պատրաստված օրենքների նախագծերի վերաբերյալ հանրային քննարկում իրականացնելու հնարավորություն տվող օրենքի նախագիծը:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ՀՀ Ազգային ժողովի հունվարի 20-ի նիստում ներկայացրել էր ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը:

«Փոփոխության իմաստը հետևյալն է՝ այժմ գործող օրենքի խմբագրությամբ հանրային քննարկում կարող են իրականացնել միայն կառավարության անդամները, և կառավարության ու վարչապետին ենթակա մարմինները ուղղակի տեխնիկապես չեն կարող իրականացնել իրենց կողմից պատրաստված օրենքների փոփոխությունների կամ այլ նորմատիվ իրավական ակտերի փոփոխությունների նախագծի հանրային քննարկումն ու պետական-իրավական փորձաքննության ուղարկելը: Նախագծի ընդունման արդյունքում կառավարությանը և վարչապետին ենթակա մարմիններն իրենք կկարողանան քննարկման դնել իրենց կողմից պատրաստված նախագծերը»,- նշել էր Գրիգորյանը:

Օրենքի նախագիծն ընդունվեց միաձայն՝ 121 կողմ ձայնով: