Գրավատների և փոխանակման կետերի պետտուրքը չի բարձրանա ի սկզբանե հայտարարված չափով. Բաբկեն Թունյան
08:37 - 25 մայիսի, 2019

Գրավատների և փոխանակման կետերի պետտուրքը չի բարձրանա ի սկզբանե հայտարարված չափով. Բաբկեն Թունյան

Ազգային Ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքի իր գրառմամբ հայտնել է, որ գրավատների և փոխանակման կետերի պետտուրքը չի բարձրանա ի սկզբանե հայտարարված չափով:

Հրապարակումը ներկայացնում ենք ստորև.

«Հարկային օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու փաթեթում ի սկզբանե առաջարկվում էր կտրուկ բարձրացնել գրավատների և արտարժույթի փոխանակման կետերի պետտուրքը։

Մասնավորապես, առաջարկվում էր գրավատների պետտուրքը սահմանել տարեկան 6 մլն դրամ (ներկայիս 100 հազար դրամի փոխարեն), իսկ փոխանակման կետերինը՝ 3 մլն դրամ յուրաքանչյուր կետի համար (ներկայիս 50 հազարի փոխարեն):

Հաշվի առնելով, որ առաջարկվող չափերը մեծ բեռ կհանդիսանան տվյալ ոլորտի տնտեսվարողների համար և կհանգեցնեն նրանց մի մասի փակմանը, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում առաջարկվող չափերը քննարկման առարկա դարձան։

Կառավարության և Կենտրոնական բանկի հետ քննարկումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ գրավատների և փոխանակման կետերի պետտուրքերը կլինեն ոչ թե 6 և 3 մլն դրամ, այլ ՄԻ ՔԱՆԻ ԱՆԳԱՄ ավելի քիչ։

Պետտուրքի չափերը կվերանայվեն առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում և երկրորդ ընթերցմանը կառավարությունը կներկայացնի ԱԺ-ի հետ համաձայնեցված լրամշակված տարբերակ՝ պետտուրքի ցածր դրույքաչափերով։

Մնացած մանրամասները կներկայացնենք ԱԺ լիագումար նիստում հարցի քննարկման ժամանակ։

Շնորհակալություն եմ հայտնում ԱԺ տնտեսական հանձնաժողովի և մյուս հանձնաժողովների անդամ բոլոր պատգամավորներին շահագրգիռ և արդյունավետ քննարկում ծավալելու համար։ Ինչպես նաև՝ կառավարության և ԿԲ ներկայացուցիչներին՝ կառուցողական դիրքորոշման համար»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել