Դանիա մեկնելս կապ չունի ո՛չ կորոնավիրուսի, ո՛չ երեխայի քաղաքացիության հետ. Տաթևիկ Ռևազյանի պարզաբանումը |infocheck.am|
10:29 - 15 մարտի, 2020

Դանիա մեկնելս կապ չունի ո՛չ կորոնավիրուսի, ո՛չ երեխայի քաղաքացիության հետ. Տաթևիկ Ռևազյանի պարզաբանումը |infocheck.am|

infocheck.am: Տեղեկատվության ստուգման կենտրոնը անդրադարձել է մամուլում առկա հրապարակումներին այն մասին, որ Քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Տաթևիկ Ռևազյանը Հայաստանում կորոնավիրուսի տարածման պատճառով լքել է երկիրն ու տեղափոխվել Դանիա։

Տեղեկատվության ստուգման կենտրոնը կապ է հաստատել Տաթևիկ Ռևազյանի հետ։ Նա տեղեկացրեց, որ հղիության առիթով այժմ գտնվում է արձակուրդում։ 

«Դանիայում իմ գտնվելը որևէ կապ չունի ո՛չ կորոնավիրուսի, և ո՛չ էլ երեխայիս քաղաքացիություն ստանալու հետ։ Դանիան այժմ շատ ավելի վտանգավոր է վիրուսի տարածման առումով, քան Հայաստանը, ուստի «կորոնավիրուսից փախնելը» անհեթեթություն է։ Դանիա մեկնել եմ ընտանիքիս կողքին գտնվելու համար։ Ֆիզարձակուրդը պետք է սկսեր մարտի 20-ից, սակայն հաշվի առնելով, որ նույն կորոնավիրուսի պատճառով Դանիայի կառավարությունը որոշում էր կայացրել փակել իր սահմանները, ես որոշեցի մեկնել հիմա՝ օգտվելով նախորդ տարվանից մնացած արձակուրդից»,- նշեց Քաղաքացիական ավիացիայի վարչության պետը։

Ինչ վերաբերում է երեխայի քաղաքացիությանը՝ Ռևազյանը նշեց, որ Հայաստանում ծննդաբերելու պարագայում էլ երեխան կարող է Դանիայի քաղաքացի դառնալ, քանի որ այդ երկրի օրենսդրությամբ երեխայի քաղաքացիությունը որոշվում է նրա մոր քաղաքացիությամբ։

«Իմ երեխան լինելու է Դանիայի և Հայաստանի երկքաղաքացի, քանի որ 2017 թվականին, երբ ես տեղափոխվեցի Հայաստան, առաջին քայլս քաղաքացիություն ստանալը եղավ», - հայտնեց Ռևազյանը։

Քաղավիացիայի վարչության պետը տեղեկացրեց նաև, որ շարունակելու է կատարել իր աշխատանքային պարտականությունները՝ նույնիսկ ֆիզարձակուրդի ընթացքում։

Քաղավիացիայի կոմիտեն իր հերթին հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ ֆիզարձակուրդի ընթացքում Տաթևիկ Ռևազյանին կփոխարինի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր կոմիտեի նախագահի տեղակալ` Գալուստ Պողոսյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել