hetq.am: ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանն այսօր կրկին չէր բերվել իր և կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստին: Պատճառը կրկին նրա առողջական վիճակն է: Գրիգորյանի գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մի քանի նիստ է նշանակել, որոնցից միայն մեկին է նա բերվել դատարան, բայց նիստը կարճ է տևել և հետաձգվել նրա առողջական վիճակի պատճառով:

Այսօր մեղադրող դատախազներից Վահե Դոլմազյանը միջնորդեց Գրիգորյանի նկատմամբ նշանակել միջգերատեսչական հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն՝ փորձագետներին առաջադրելով հարցեր, թե ի՞նչ հիվանդություններով է տառապում Մանվել Գրիգորյանը, այդ հիվանդությունները կամ նրանցից որևէ մեկը տեսակով, ծանրության աստիճանով դասվո՞ւմ է արդյոք ՀՀ Կառավարության որոշմամբ նախատեսված պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների շարքին:

Մեղադրող դատախազներից Հայկ Պետրոսյանը հիշեցրեց, որ Գրիգորյանի պաշտպանները շարունակ խոսում են այն մասին, որ դատախազությունը մտահոգված չէ Գրիգորյանի առողջական վիճակով, որ պետությունը չի կատարում նրա բուժման պոզիտիվ պարտականությունն ու նշեց, որ միջնորդությամբ իրենք փաստում են՝ պետությունը, ի դեմս դատախազության, մտահոգված է յուրաքանչյուր կալանավորված անձի առողջական վիճակով:

Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը հայտարարեց, որ առանց Մանվել Գրիգորյանի ներկայության դատարանը չի կարող քննության առնել սույն միջնորդությունը:

Միջնորդությունը դատարանը չլուծեց՝ նկատի ունենալով, որ նիստին Գրիգորյանը ներկա չէր: Դատական նիստը հետաձգվեց, հաջորդը նշանակվեց հունիսի 25-ին: