Դատախազը միջնորդեց դատավորին եւ փաստաբանին դատապարտել 9 եւ 7 տարի ազատազրկման |pastinfo.am|
13:04 - 07 օգոստոսի, 2019

Դատախազը միջնորդեց դատավորին եւ փաստաբանին դատապարտել 9 եւ 7 տարի ազատազրկման |pastinfo.am|

pastinfo.am։ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք մարաշ նստավայրում ավարտվեց կաշառքի մեջ մեղադրվող դատավոր Գագիկ Հեբոյանի եւ փաստաբան Վահագն Դանիելյանի գործով դատաքննությունը։

Դատարանն անցում կատարեց դատական վիճաբանության փուլին։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ ելույթ ունեցավ մեղադրող դատախազ Արթուր Չախոյանը։ Վերջինս, ամփոփելով դատաքննության ընթացքը, ուսումնասիրված ապացույցները եւ վկաների հարցաքննությունները, հայտարարեց, որ մեղադրող կողմը գտնում է, որ դատավոր Գագիկ Հեբոյանի կողմից Բենիկ Հարությունյանի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու համար 2019 թվականի մարտի 6-ին առանձնապես խոշոր չափով կաշառք պահանջելը եւ փաստաբան Վահագն Դանիելյանի կողմից այն ստանալը, ինչպես նաեւ՝ վերջինիս կողմից ձեռք բերված միջոցները թաքցնելու եղանակով Գագիկ Հեբոյանի կողմից առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալուն օժանդակելը ապացուցված է, արարքները որակված են ճիշտ, եւ դրանք համապատասխանում են ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերին, ինչպես նաեւ՝ 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2րդ-րդ եւ 3-րդ կետերին․

«Այս դիրքորոշումը ձեւավորվել է ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ընթացքում գործի լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի հետազոտման արդյունքում՝ թույլատրելի, վերաբերելի եւ արժանահավատ ապացույցների համակցությամբ հաստատված փաստերի հիման վրա, որոնք նույնիսկ անկողմնակալ դիտորդի մոտ կձեւավորեին նույն համոզմունքը»։

Արթուր Չախոյանը ընդգծեց, որ դատարանում հետազոտված տեսաձայնագրությունից պարզ է դառնում, որ Վահագն Դանիելյանը սպասում էր Բենիկ Հարությունյանին․ «Երբ Բենիկը մտնում է Դանիելյանի մոտ, Դանիելյանը չի էլ հարցնում, թե ով է, ինչի համար է եկել, այսինքն՝ նա սպասել է, իմացել է, որ պետք է գար իր մոտ։

Այդ հանդիպման ժամանակ Բենիկ Հարությունյանն ասում է՝ «այդ բանը, որ պայմանավորվել էինք, տենանք՝ ոնց ենք անում», եւ եթե Վահագն Դանիելյանը չգիտեր, թե ինչ պայմանավորվածության մասին է խոսքը, թող հարցներ, իսկ ինքը ոչ մի բան չի հարցնում»։ Ըստ դատախազի՝ որոշակի ընդմիջումից հետո Բենիկ Հարությունյանն ավելացնում է՝ ասելով՝ «Էդ գումարը մոտս ա, ոնց որ պայմանավորվել էինք։ Տա՞մ՝ բան անես, թե՞ ոնց»։

Արթուր Չախոյանը նշեց, որ այդ տեսագրությունը գործով շատ կարեւոր նշանակություն ունի․ «Երբ ծխելու պատրվակով Բենիկին հանում է բակ, ինչու՞ է շատ ցածր ձայնով ասում՝ «ավտոմեքենայիս պատուհանից գցի ներս», եթե օրինական, պետտուրքի գումար է, ի՞նչ խնդիր կար, թող գումարը վերցներ, դներ ավտոմեքենայի մեջ։ Այստեղ ուշագրավն այն է, որ Բենիկը դրանից զարմանում է, ասում է՝ հը՞, ու երկրորդ անգամ նույն բանը լսելով՝ նա մոտենում է մեքենային, Վահագը ձայն է տալիս, ասում է՝ մյուս կողմից մոտենա, եւ նա ի վերջո գցելով գումարը՝ ասում է՝ «գնամ, երեք ժամ հետո որ հանդիպեմ, իմանամ, նորմալ ա՞, էստեղ կլինե՞ս»։ Այսինքն՝ պիտի իմանար՝ գումարը հասե՞լ է Հեբոյանին թե ոչ. մարդը անհանգիստ էր ի վերջո»։

Վերլուծելով հետազոտված ապացույցներն ու գնահատելով դրանք՝ մեղադրող դատախազ Արթուր Չախոյանը նշեց, որ ամբաստանյալների պատիժը մեղմացնող հանգամանքներ չկան, եւ հաշվի առնելով նրանց կատարած հանցագործության ծանրության աստիճանն ու եղանակը՝ դատախազը միջնորդեց Գագիկ Հեբոյանին մեղավոր ճանաչել առաջադրված մեղադրանքում եւ նշանակել պատիժ 9 տարի ազատազրկմամբ։ Դատախազը միաժամանակ միջնորդեց մեղավոր ճանաչել ամբաստանյալ Վահագն Դանիելյանին՝ նրան դատապարտելով 7 տարի ազատազրկման։

Պաշտպանական կողմը ժամանակ խնդրեց պաշտպանական ճառին նախապատրաստվելու համար։ Մասնավորապես, Գագիկ Հեբոյանի պաշտպան Արմեն Նադիրյանը նշեց, որ այս պահին բողոքներ ունեն վերադաս ատյաններում, որոնք վերաբերում են այս քրեական գործից անջատված դրվագներին, եւ դրանց արդյունքները եւս կարող են անհրաժեշտ լինել իրենց հիմնավորումները ներկայացնելու համար։

 

Ավելին՝ pastinfo.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել