Դատախազությունն ուսումնասիրում է Անահիտ Բախշյանի՝ «Հոկտեմբերի 27»-ի գործի դիմումը |armtimes.com|
11:12 - 04 նոյեմբերի, 2019

Դատախազությունն ուսումնասիրում է Անահիտ Բախշյանի՝ «Հոկտեմբերի 27»-ի գործի դիմումը |armtimes.com|

armtimes.com Հասարակական-քաղաքական գործիչ, հանրային խորհրդի անդամ Անահիտ Բախշյանի՝ «Հոկտեմբերի 27»-ի գործի վերաբերյալ Գլխավոր դատախազությանն ուղղված դիմումն այս պահին քննարկման փուլում է: Այս մասին նշեց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը:

Նա հայտնեց, որ քննարկման ավարտից հետո Անահիտ Բախշյանին դիմումի պատասխանը կուղարկվի:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին Անահիտ Բախշյանը դիմել էր Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ պնդելով, որ չնայած վերջինիս խորհրդականի հայտարարությանը՝ ինքը 2004 թվականից մինչ օրս չի ստացել «Հոկտեմբերի 27»-ի գործի կարճման մասին որոշումը. «Հոկտեմբերի 30-ին «Առավոտ» թերթում կարդացի «Հոկտեմբերի 27-ի գործով տուժողի իրավահաջորդներին եւ նրանց ներկայացուցչին տրամադրվել է քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշման պատճենը. «Հրապարակ»» հոդվածը, որտեղ Ձեր խորհրդական Գոռ Աբրահամյանն ասում է, որ եթե տուժողների իրավահաջորդներից, նրանց ներկայացուցիչներից կան անձինք, ովքեր պնդում են, որ չեն ստացել քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումը, կարող են դիմել ՀՀ դատախազություն, եւ սահմանված կարգով նրանց կտրամադրվի որոշման պատճենը»։


Դիմելով գլխավոր դատախազին՝ Անահիտ Բախշյանը խնդրել է իրեն՝ որպես 1999 թ․ հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում ահաբեկիչների կողմից սպանված ԱԺ փոխնախագահ Յուրի Բախշյանի այրու, տրամադրել 2004 թ․ նոյեմբերի 11-ին ՀՀ քննչական կոմիտեի ղեկավարի կողմից կայացված որոշման պատճենը. «Ինչպես նաև՝ ուզում եմ համոզվել, որ ես ծանոթացել եմ այդ որոշմանն ուղեկցող գրությանը, որի մասին պնդում է գլխավոր դատախազի խորհրդականը։ Մեջբերում եմ իր ասածը․ «Գլխավոր դատախազի խորհրդականը պնդեց, որ, ըստ քրեական գործի նյութերի, առկա է տուժողի իրավահաջորդներին եւ նրանց ներկայացուցչին, ինչպես նաեւ տուժողներին ուղղված ուղեկցող գրություն՝ առ այն, որ նրանց տրամադրվել է քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշման պատճենը, պարզաբանվել է այն բողոքարկելու կարգը, ինչպես նաեւ գործի նյութերին ծանոթանալու նրանց իրավունքը»,- նշել է Բախշյանը՝ հույս հայտնելով, որ որոշմանը ծանոթանալուց հետո եթե բողոքարկի, ապա բողոքարկելու համար վաղեմության ժամկետը կհաշվարկվի ստանալու օրվանից։

Հիշեցնենք, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին՝ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, մի խումբ անձինք՝ Նաիրիի Հունանյանի ղեկավարությամբ, մտել էին Ազգային ժողովի նիստերի դահլիճ եւ կրակ բացել: Ոճրագործության հետեւանքով զոհվել են ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը եւ Ռուբեն Միրոյանը, ԱԺ պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը, Միքայել Քոթանյանը եւ օպերատիվ հարցերով նախարար (փաստացի իրականացրել է փոխվարչապետի գործառույթներ) Լեոնարդ Պետրոսյանը: Զինված անձինք էին Նաիրի Հունանյանը, Կարեն Հունանյանը, Էդուարդ Գրիգորյանը, Վռամ Գալստյանը, Դերենիկ Բեջանյանը: Ահաբեկչությունն իրականացրած անձանց դատավճիռը հրապարակվեց 2003 թվականի դեկտեմբերի 2-ին: Դատավճիռը հրապարակեց Նորք-Մարաշ շրջանային դատարանի դատավոր Սամվել Ուզունյանը: Ոճրագործությունն իրականացրած 7 ահաբեկիչներից 6-ը՝ Նաիրի Հունանյանը, նրա եղբայր Կարեն Հունանյանը, նրա մորեղբայրը՝ Վռամ Գալստյանը, Դերենիկ Բեջանյանը, Էդիկ Գրիգորյանը եւ Աշոտ Կնյազյանը դատապարտվեցին ցմահ, իսկ Համլետ Ստեփանյանը՝ 14 տարվա ազատազրկման:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել