Դատավոր Վարդան Գրիգորյանն ինքնաբացարկ է հայտնել ոչ միայն Քոչարյանի, այլ նաև Վահագն Հարությունյանի կալանքի գործով
09:08 - 07 մայիսի, 2019

Դատավոր Վարդան Գրիգորյանն ինքնաբացարկ է հայտնել ոչ միայն Քոչարյանի, այլ նաև Վահագն Հարությունյանի կալանքի գործով

«Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում տեղադրվել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավոր Վարդան Գրիգորյանի՝ ինքնաբացարկ հայտնելու որոշումն ու դրա հիմքերը:

Այսպես, Գրիգորյանն, ուսումնասիրելով քրեական գործի նյութերը, պարզել է, որ այն անջատվել է դեռևս 2008 թվականին հարուցված և Հատուկ քննչական ծառայությունում քննվող թիվ 62202608 քրեական գործից (Մարտի 1-ի մայր գործը), իսկ այդ գործով նախաքննության ընթացքում, ինչես նաև այդ գործից հետագայում անջատված մասերով նաև դատարաններում, իրականացրել է երկու մեղադրյալների շահերի պաշտպանություն:

Բացի այդ, դատարանը նշել է, որ դեռևս 2018 թվականի դեկտեմբերի 28-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի կողմից իրեն է մակագրվել Հատուկ քննչական ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ Հրաչ Մուշեղյանի միջնորդությունը` թիվ 62202608 քրեական գործով մեղադրյալ Վահագն Ստյոպայի Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, որով ինքը դատախազի միջնորդության հիման վրա հայտնել է ինքնաբացարկ:

Դատարանը նշել է նաև, որ մեղադրյալներից Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի շահերի պաշտպանն, ի թիվս այլոց, հանդիսանում է նաև փաստաբանների պալատի անդամ Ռուբեն Սահակյանը, ով 2005 թվականից մինչև 2013 թվականը հանդիսացել է փաստաբանների պալատի նախագահը:

Ինքը՝ Վարդան Գրիգորյանը, 2007 թվականից մինչև 2014 թվականը աշխատել է փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակում, և որոշման մեջ նշել է, որ իր հետ աշխատանքային պայմանագիրը, որպես գործատու, 2007 թվականին կնքել, ինչպես նաև հետագայում այդ պայմանագրի ժամկետը երկարացել է Ռուբեն Սահակյանը, ով այն ժամանակ եղել է Փաստաբանների պալատի նախագահը: Այս հանգամանքները և դատավորի ինքնաբացարկի օրենսդրական հիմքերը նշելով՝ դատարանը որոշել է ինքնաբացարկ հայտնել:

Դատարանը որոշման մեջ նշել է, որ ցանկացած դատավոր, որի անաչառության վերաբերյալ օրինական կասկածներ կան, պետք է դուրս գա դատարանի կազմից:
«Նշված կասկածները պետք է ստուգվեն տարբեր ճանապարհներով: Առաջինը` սուբյեկտիվ մոտեցումն է, որը փորձում է պարզել տվյալ դատավորի անձնական համոզմունքները քննվող գործի կապակցությամբ և երկրորդը` օբյեկտիվ մոտեցումը, որը սահմանում է, թե արդյոք դատավորի կողմից առաջարկվող երաշխիքները բավարար են այդ կապակցությամբ առաջացած ցանկացած օրինաչափ կասկած բացառելու համար:

Թեպետ իմ սուբյեկտիվ ընկալմամբ ես որևէ նախատրամադրվածություն չունեմ սույն գործի վերաբերյալ, սակայն դատավորն անաչառ պետք է լինի ոչ միայն սուբյեկտիվ, այլ նաև օբյեկտիվ տեսանկյունից, այն է` առկա լինեն բավարար երաշխիքներ, որոնք այս առումով կբացառեն որևէ իրավաչափ կասկած: Յուրաքանչյուր դատավոր, ում առնչությամբ օրինական կասկած կա, թե նա անաչառ չէ, պետք է ինքնաբացարկ հայտնի:

Դատարանները պետք է վստահություն ներշնչեն հասարակությանը, իսկ այդպիսինը ստուգելու դեպքում պետք է գնահատվի ոչ միայն դատավորի անձնական պահվածքով, այլ նաև պետք է ուշադրության արժանանա, թե արդյոք կան արժանահավատ այլ փաստեր, որոնք կարող են կասկածներ առաջացնել դատավորի անկանխակալության վերաբերյալ: Եթե դատավորը իր նախկին աշխատանքի բնույթով կարող է առնչված լինել տվյալ գործին, հասարակությունն իրավունք ունի զգուշանալ անաչառության բավարար երաշխիքների բացակայությունից»,- գրել է դատավորը՝ հղում կատարելով ՄԻԵԴ վճիռներից մեկը:

Նշենք, որ այս որոշումը բողոքարկման ենթակա չէ:
Հիշեցնենք, որ Վարդան Գրիգորյանի ինքնաբացարկի որոշումից հոտո գործը մակագրվել է դատավոր Դավիթ Գրիգորյանին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել