Դատարանը Արսեն Թորոսյանին պարտավորեցրել է ներողություն խնդրել Արա Մինասյանից. Թորոսյանը պնդում է իր գնահատականները |lragir.am|
16:27 - 17 մարտի, 2020

Դատարանը Արսեն Թորոսյանին պարտավորեցրել է ներողություն խնդրել Արա Մինասյանից. Թորոսյանը պնդում է իր գնահատականները |lragir.am|

lragir.am: Վերաքննիչ քաղաքացիական դատարանը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին պարտավորեցրել է ներողություն խնդրել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ նախկին տնօրեն Արա Մինասյանից: Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է վճիռը, այնուհետև ուղիղ եթերով հայտարարել, որ հանրությունը շարունակում է չվստահել Հայաստանի դատական համակարգին:

Ըստ վճռի՝ պատասխանողներ Արսեն Թորոսյանն ու ՀՀ առողջապահության նախարարությունը Ֆեյսբուք սոցիալական ցանցի՝ Արսեն Թորոսյանին պատկանող պաշտոնական էջում ուղիղ եթերի միջոցով պետք է ներողություն խնդրեն Արա Մինասյանից՝ տեսանյութը վերնագրելով՝ «Ներողություն եմ խնդրում Արա Միքայելի Մինասյանից»:

Նաև որոշվել է պատասխանողներ Արսեն Թորոսյանին և ՀՀ առողջապահության նախարարությանը պարտավորեցնել պահպանել տեսանյութերը Ֆեյսբուք սոցիալական կայքի՝ պատասխանող Արսեն Թորոսյանին պատկանող պաշտոնական էջում: Պարտավորեցնել պատասխանողներ Արսեն Թորոսյանին և ՀՀ առողջապահության նախարարությանը, վճիռը օրինական ուժ ստանալուց հետո հինգ օրվա ընթացքում հանդես գալ հերքմամբ և ներողություն խնդրել առնվազն 1000 տպաքանակ և ՀՀ-ի ողջ տարածքում սպառում ունեցող որևէ տպագիր թերթի միջոցով՝ հրապարակելով նույն բովանդակությամբ տեքստը, ինչ նախատեսված է Ֆեյսբուք սոցիալական ցանցի պաշտոնական էջի ուղիղ եթերի համար:

Նաև դատարանը որոշել է Արսեն Թորոսյանից և Առողջապահության նախարարությունից հօգուտ Արա Մինասյանի բռնագանձել 12 000 դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար:

Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին, նշվում է վճռում:

Նշենք, որ դատարանը իր վճռում մեջբերել է նաև Արսեն Թորոսյանի կողմից Ֆեյսբուքի ուղիղ եթերում արած այն արտահայտությունները, որոնց համար Արա Մինասյանը դատի էր տվել  Թորոսյանին:

Դրանք են՝ «մեր ստուգումները ցույց տվեցին, որ այդ չարաշահումներն այնքան սիստեմատիկ են, որ նույնիսկ ստուգումների ընթացքում չեն դադարում: Այսինքն՝ մենք մինչև հիմա ստանում ենք հաշվետվություններ նույն մարդու համար մի քանի անգամ պետական գումար գանձելու»,«…չի դադարում էդ թալանը և այսպես ասած՝ վատնումը: Իսկ ի՞նչ է տեղի ունեցել, հիմնական բաժինը՝ 400 մլն-ից ավելը, հիմա ասեմ կոնկրետ թիվը՝ 400 քանի միլիոն: Մարդիկ եկել են, հանձնել են արյան անալիզ և մի քանի այլ փոքր հետազոտություններ են արել, վերջում պարզվել է, որ այդ մարդիկ պառկել են հիվանդանոցում ու 200 հազար դրամի բուժում են ստացել», «8000 դրամի փոխարեն բուժհիմնարկը գանձում է 200 հազար դրամ պետական բյուջեից և տարիներ շարունա՞կ», «ավելին ասեմ՝ հետո էդ գումարներով կատարվել են շատ հետաքրքիր գնումներ, միշտ նույն մարդկանցից: Տարատեսակ պատճառներով իսկական հաղթողները մերժումներ են ստացել՝ ինչ-որ թղթերի հիման վրա, որ որակին չի համապատասխանում, ու էդ գումարները տրվել են կոնկրետ մարդկանց՝ հիմնականում միշտ նույն մարդկանց», «տարիներ շարունակ բժիշկներն աշխատավարձ չեն ստացել նորմալ», «ինչ վերաբերում է քրեական գործին և իրավական հետևանքներին. 99 տոկոսով վստահ եմ՝ այստեղ կան քրեական տարրեր, որովհետև էդ գումարները փաստացի շորթվել են պետությունից» և այլն: Ըստ դատարանի վճռի՝ Արսեն Թորոսյանը պետք է հայտարարի, որ այդ արտահայտությունները չեն համապատասխանում իրականությանը, որոնք հերքում է:

Ուղիղ եթերով Արսեն Թորոսյանն ասաց. «Ես ուզում եմ հայտարարել, որ դատարանի այդ վճիռը կդնեմ իմ ֆեյսբուքյան էջում և ևս մեկ անգամ կվերահաստատեմ, որ այն, ինչ ասել եմ այդ ուղիղ եթերների ժամանակ, կրկնում եմ: Ավելին, նորից կասեմ, որ մեր դատական համակարգը չի վայելում Հայաստանի Հանրապետության ժողովրդի մեծամասնության վստահությունը և կարիք ունի արմատական բարեփոխումների: Կարծում եմ, որ այս չակերտավոր հաղթանակը շատ չի ուրախացնի մեր նախկին գործընկերոջը և ես խնդրում եմ նրան վերադառնալ Հայաստան ու պատասխանել քննչական մարմինների հարցերին: Թե չէ ստացվում է, որ ես պետք է հերքեմ, որ չարաշահումներ չեն եղել այդ ԲԿ-ում, իսկ այդ անձը թաքնվում է քննչական մարմիներից, որպեսզի չպատասխանի այդ չակերտավոր չեղած գործերի վերաբերյալ հարցերին»,- ասաց Արսեն Թորոսյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել