Դատարանը մերժել է վարույթ ընդունել Ռոբերտ Քոչարյանի հայցը ընդդեմ Քրեակատարողական ծառայության
 |armtimes.com|
21:27 - 21 ապրիլի, 2020

Դատարանը մերժել է վարույթ ընդունել Ռոբերտ Քոչարյանի հայցը ընդդեմ Քրեակատարողական ծառայության |armtimes.com|

armtimes.com: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Գոռ Թորոսյանի նախագահությամբ մերժել է վարույթ ընդունել Ռոբերտ Քոչարյանի քաղհայցը ընդդեմ Քրեակատարողական ծառայության:

Հիշեցնենք՝ Քոչարյանը հայցադիմում էր ներկայացրել ընդդեմ Քրեակատարողական ծառայության՝ պահանջելով կանխել իր իրավունքը խախտող գործողությունները եւ ապահովել խոշտանգման կամ անմարդկային վերաբերմունքի հնարավոր վնասի բացառումը: Նրա ներկայացուցիչ Արամ Օրբելյանը պարզաբանել էր, որ ակնկալում են անազատության հետ կապ չունեցող խափանման միջոց, քանի որ կորոնավիրուսի տարածման պայմաններում, երբ Քոչարյանը, լինելով 60-ից բարձր տարիքային խմբում եւ ունենալով առողջական խնդիրներ, գտնվում է Քրեակատարողական հիմնարկում, խնդիր է ծագում նրա այդ իրավունքների պահպանման տեսանկյունից:

Ըստ Դատալեքսի՝ իր հայցի հիմքում փաստաբանը դրել է նաեւ այն հանգամանքը, որ Քոչարյանին կալանավայր տեղափոխելու որոշումը (խոսքը «Էրեբունի» բժշկական կենտրոնից ՔԿՀ տեղափոխվելու մասին է,- խմբ.) կայացվել է այն նույն ժամանակ, երբ Արդարադատության նախարարը բարձրաձայնել է կալանքի փոխարեն այլ խափանման միջոցների կիրառման միջնորդություններ ներկայացնելու անհրաժեշտության մասին, եւ պետությունը սկսել է ձեռնարկել միջոցներ նոր վարակի դեմ պայքարի շրջանակներում կալանքի տակ գտնվող անձանց թիվ պակասեցնելու ուղղությամբ: Անդրադառնալով սրան՝ դատարանը գտել է, որ հայցադիմումով ներկայացված գործը ծագում է հանրային իրավահարաբերություններից եւ ենթակա չէ քննության քաղաքացիական դատավարության կարգով, որովհետեւ Քրեակատարողական ծառայությունը հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտ է. «ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանն իրավասու չէ քննության առնել Հայաստանի Հանրապետության, ի դեմս ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության գործողությունների կանխման և դադարեցման հարցերը, որոնք վերաբերում են հայցվորին կալանավայր տեղափոխելուն»,- եզրափակել է դատավորը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել