Դատարանն առանց քննության է թողել ՈՒԱԶ մեքենաները ԵԿՄ-ին հանձնելու որոշման դեմ Մանվել Գրիգորյանի պաշտպանի բողոքը
 |armtimes.com|
19:25 - 01 մայիսի, 2020

Դատարանն առանց քննության է թողել ՈՒԱԶ մեքենաները ԵԿՄ-ին հանձնելու որոշման դեմ Մանվել Գրիգորյանի պաշտպանի բողոքը |armtimes.com|

armtimes.com: ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպանները բողոքարկել են Գրիգորյանի առանձնատանը հայտնաբերված «ՈՒԱԶ» մակնիշի տասը մեքենաները «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության օգտագործմանը հանձնելու դատարանի որոշումը։ Այս մասին տեղեկացանք դատական տեղեկատվական համակարգից:

Հիշեցնենք՝ ապրիլի 7-ի դատական նիստում Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշել էր Մանվել Գրիգորյանի առանձնատանը հայտնաբերված մթերքների մի մասը, որը ժամկետի մեջ էր, հանձնել ԵԿՄ-ի օգտագործմանը եւ տնօրինմանը, իսկ «ՈՒԱԶ» մակնիշի տասը մեքենաները հանձնել ԵԿՄ-ի օգտագործմանը՝ առանց տնօրինման իրավունքի: Մեր զրույցում Գրիգորյանի պաշտպան Գուրգեն Գրիգորյանը որոշումը «անտրամաբանական, շեդեւր» էր որակել՝ ասելով, որ այդ իրերն իրենց հետագայի համար ապացուցողական նշանակություն էին ունենալու, իսկ այս դեպքում դրանց ապացուցողական հետքերը կորչելու են: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը, սակայն, մեր հարցին ի պատասխան, պարզաբանել էր, որ նման որոշում է կայացրել՝ առաջնորդվելով Քրեական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի պահանջներով, ըստ որի՝ նախքան քրեական գործով վարույթի ավարտը քրեական վարույթն իրականացնող մարմինը, տվյալ դեպքում՝ դատարանը, կարող է սեփականատիրոջը կամ օրինական տիրապետողին վերադարձնել այն իրեղեն ապացույցները, որոնք շուտ փչացող են կամ կենցաղում օգտագործելու համար անհրաժեշտ առարկաներ են:

Դատարանի այս որոշման դեմ Մանվել Գրիգորյանի պաշտպաններից Լեւոն Բաղդասրայանը ապրիլի 14-ին բողոք է ներկայացրել, որը մակագրվել է դատավոր Մխիթար Պապոյանին: Վերջինս, քննության առնելով բողոքը, գտել է, որ բողոքարկված դատական ակտը արձանագրային որոշում է, որը, սակայն, Քրեական դատավարության կարգավորումների համաձայն, բողոքարկման ենթակա չէ: Այդպիսով, ապրիլի 29-ին դատարանը որոշել է պաշտպանի վերաքննիչ բողոքը թողնել առանց քննության:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել