1lurer.am: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այսօր փակ հանդիպման էր հրավիրել ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին:

Լրագրողների հետ ճեպազրույցում նախարարը, պատասխանելով լրագրողների հարցերին, ասել է, որ իշխող կուսակցության հետ նման քննարկումները պարբերական բնույթ են կրում: Քննարկում են Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգը, տարածաշրջանային զարգացումները:

Հարցին, թե ի՛նչ գնահատական կտա Իրան-ԱՄՆ հարաբերություններին, ու որքանով դա կարող է ազդել Հայաստանի վրա, Մնացականյանը պատասխանել է.

«Զարգացումները տարածաշրջանում շատ անհանգստացնող են: Չեն կարող այդ հարաբերությունները չազդել մեզ վրա, քանի որ ամենը տեղի է ունենում մեր անմիջական հարևանությամբ: Մենք աշխատում ենք մեր բոլոր գործընկերների հետ, ունենում ենք հեռախոսազրույցներ և հույս ունենք, որ միայն խաղաղ ճանապարհով հնարավոր կլինի կայունացնել իրավիճակը»:

ԱԳ նախարարը նաև խոսել է արցախյան հիմնահարցի կարգավորման շուրջ բանակցությունների ու Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին:

«Բանակցային գործընթացն արդեն 25 տարի շարունակվում է, և քննարկումների միակ՝ աշխարհում ընդունելի ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խումբն է: Մենք բանակցություններից չենք խուսափում, դրանք շարունակելու ենք, բայց դեռ վաղ է խոսել Փաշինյան-Ալիև առաջիկա հանդիպման մասին»,- ասել է Զոհրաբ Մնացականյանը: