Դեսպան Հովհաննիսյանը Միշել Բաչելետին է ներկայացրել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումները
12:55 - 22 հուլիսի, 2019

Դեսպան Հովհաննիսյանը Միշել Բաչելետին է ներկայացրել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումները

Հուլիսի 22-ին Միավորված ազգերի կազմակերպության Ժնևյան գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետի (Michelle Bachelet) հետ, հայտնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից։

Զրուցակիցներն անդրադարձել, են վերջերս Ժնևում Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի միջև կայացած հանդիպմանը, քննարկեցին հանդիպման ընթացքում արծարծված հարցերի իրագործման ընթացքը։

Դեսպան Հովհաննիսյանը բարձր է գնահատել ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի (ՄԻԳՀԳ) հետ համագործակցությունը և Միշել Բաչելետին ներկայացրել վերջին շրջանում Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը։

Անդրանիկ Հովհաննիսյանն ու Միշել Բաչելետը մտքեր են փոխանակել Հայաստանի և ՄԻԳՀԳ փոխգործակցության օրակարգային հարցերի շուրջ։ Գերագույն հանձնակատար Բաչելետը կարևորել է Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի աշխատանքներին՝ առանձնահատուկ նշելով ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման միջազգային օրակարգի շրջանակներում Հայաստանի կողմից կյանքի կոչված նախաձեռնությունները։

Հանդիպման ավարտին դեսպան Հովհաննիսյանը Միշել Բաչելետին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումները և Հայաստանի ջանքերը խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորման ուղղությամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել