Դիմորդները հանձնելու են մեկ քննություն․ Արայիկ Հարությունյան
15:45 - 27 ապրիլի, 2020

Դիմորդները հանձնելու են մեկ քննություն․ Արայիկ Հարությունյան

Այսօր՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, խոսլեով վերջին զանգի միջոցառումների մասին, նշեց, որ հենց համավարակն այլեւս որեւէ վտանգ չներկայացնի, վերջին զանգի արարողություններ կիրականացվեն, դրանց կմասնակցեն նախարարությունները, պաշտոնյաները։ 

«Ընդունելության քննությունների համար սույն թվականի մայիսի 25-ից հնարավորություն կտրվի հայտագրվել մինչեւ հունիսի 15-ը։ Դիմորնդերը միաժամանակ կընտրեն թե՛ քննական առարկան, թե՛ բուհն ու մասնագիտությունը։ Մինչեւ մարտի 15-ը մի քանի քննության համար հայտագրված դիմորդներին կվերադարձվեն վճարված գումարները՝ փոխանցման միջոցով»,- նշեց նա։

Նախարարի փոխանցմամբ՝ առաջիկայում հայտնի կլինի, թե որ մասնագիտությունից ինչ քննություն է պետք հանձնել։

«Մենք ցանկացանք անպայման ստուգել նաեւ գիտելիքը, դրա համար անվտանգության բոլոր պայմաններում անելու ենք մեկ քննություն, քննական կենտրոնները լինելու են ամբողջ հանրապետությունով մեկ, քննությունները կիրականացվեն սահմանափակ դիմորդներով, դիմակներով, ախտահանման միջոցներով եւ այլն։ Քննությունները հանձնելու են հուլիսի առաջին տասնօրյակի ընթացքում»,- նշեց նա։

Արայիկ Հարությունյանն ասաց, որ դիմորդները հանձնելու են մեկ քննություն, բայց այդ քննությունը լինելու է այն առարկաներից, որը պետք է հանձնեին ընդունելության քննությունների համար։

«Դիցուք՝ որեւէ տեղ եք դիմել, որտեղ կան հայերեն, անգլերեն եւ մաթեմատիկա քննությունները, մենք ընտրելու ենք այս երեք պարտադիր առարկաներից մեկը»,- նշեց նա։

Նախարարի խոսքով՝ որոշում կա բանավոր քննություններ չանցկացնելու։ Արվեստի եւ սպորտի բուհերում մեկ հիմնական մասնագիտացված քննություն կանցկացվի՝ ընտրված առարկայից։

«Մագիստրատուրայում ընդունելությունը կլինի հունիսի 16-30-ը, արդյունքներն ամփոփվելու են մինչեւ հուլիսի 5-ը։ Ասպիրանտուրայում առաջարկվում է կասեցնել մրցութային չհանդիսացող օտար լեզվի, ինֆորմատիկայի եւ տեղեկատվական-հաղորդակցական հիմունքներից ստացված համապատասխան միավորը հավաստող վկայականի եւ կամ տեղեկանքի ներկայացման պահանջը։ Առաջարկվում է գործընթացն իրականացնել հունիսի 16-30-ը, արդյունքներն ամփոփելու են մինչեւ հուլիսի 5-ը»,- նշեց նա։ 

Արայիկ Հարությունյանը հայտնեց, որ քոլեջների եւ ուսումնարանների ընդունելությունը կազմակերպվելու է օգոստոսին, հիմնականում ատեստատի գնահատակններով՝ բացի արվեստի եւ առողջապահական հաստատություններից, որտեղ իրականացվելու է մեկական քննություն, ինչպես բուհերի ընդունելության դեպքում է։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել