Դիտորդները պարբերաբար առաջարկում են քայլեր ձեռնարկել «Նուբարաշեն»-ում արձանագրված խնդիրները լուծելու ուղղությամբ |pmg.am|
08:21 - 15 հուլիսի, 2019

Դիտորդները պարբերաբար առաջարկում են քայլեր ձեռնարկել «Նուբարաշեն»-ում արձանագրված խնդիրները լուծելու ուղղությամբ |pmg.am|

pmg.am։ Դիտորդները ՀՀ արդարադատության նախարարությանը պարբերաբար առաջարկում են քայլեր ձեռնարկել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում արձանագրված խնդիրները լուծելու ուղղությամբ:

Այսպես, դիտորդները 2019 թվականի մայիսին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ կատարած այցելության ժամանակ դիտարկել են 1-ին՝ կիսանկուղային հարկում գտնվող թիվ 04 խուցը և արձանագրել պահման անմարդկային պայմաններ: Մասնավորապես, խցի խցի պատերը, հատակը և առաստաղը խոնավ են, պատերի և առաստաղի ծեփը թափված է: Խցում առկա են խավարասերներ:

Պատուհանը ամրացված է մեխով, այն բացել հնարավոր չէր, օդափոխությունը բացակայում էր, ուստի խցի օդը ծանր էր, հեղձուցիչ։ Դիտարկման պահին խցում պահվում էին 2 կալանավորված անձիք:

Հարցը քննարկվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի և տեղակալի հետ: Նրանք հայտնել են, որ հիմնարկում կատարվում են վերանորոգման աշխատանքներ, ինչի պատճառով այդ անձինք պահվում են նշված խցում։

Վերոգրյալի հիման վրա դիտորդները ՀՀ արդարադատության նախարարությանը առաջարկել են ընդհանրապես փակել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի 1-ին հարկում գտնվող խցերը, իսկ թիվ 04 խցում պահվող անձանց տեղափոխել այլ խուց:

Պատասխան գրությամբ ՀՀ արդարադատության նախարարությունից մեկնաբանել են, որ հիմնարկում ընթացող վերանորոգման աշխատանքները իրականացնելու նպատակով հիմնարկի բազմաթիվ խցերից դատապարտյալներ և կալանավորված անձինք ժամանակավորապես տեղափոխվել են այլ խցեր՝ առավելագույնս պահպանելով վերջիններիս հատկացվող բնակելի տարածության նվազագույն չափը:

Նաև տեղեկացրել են, որ 2019 թվականի մարտի 25-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության և «Դավ-Հակ» ՍՊԸ-ի միջև կնքված թիվ ՀՀ ԱՆ ՔԿԾ-ԳՀԾՁԲ-19/3 պայմանագրի համաձայն՝ «Դավ-Հակ» ՍՊԸ-ի աշխատակիցները 2019 թվականի մայիսի 3-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կատարել են իրենց կողմից մատուցվող՝ մայիս ամսվա հերթական ծառայությունները՝ միաժամանակ իրականացնելով դեզինսեկցիա և դեռատիզացիա: Ըստ վերոնշյալ պայմանագրի՝ «Դավ-Հակ» ՍՊԸ-ի կողմից նշված ծառայությունները մատուցվում են յուրաքանչյուր ամիս՝ դեզինսեկցիա՝ մեկ անգամ, դեռատիզացիա՝ երեք անգամ:

2019 թվականի հունիսին դիտորդները կրկին այցելել են ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ՝ այս անգամ արձանագրելով, որ հիմնարկը չունի օդափոխության համակարգ, ինչը տաք եղանակի ու հիմնարկում առկա գարշահոտության պայմաններում հիմնարկում գտնվելը դարձնում է անտանլի։ Բացի այդ, հիմնարկի քննչական սենյակները վերանորոգման կարիք ունեն (օրինակ՝ պատի ծեփերը թափված են): Սենյակներից երկուսը նույնիսկ չեն շահագործվում։ Դրա հետ մեկտեղ՝ քննչական սենյակներում չկան բավարար թվով աթոռներ, կամ էլ դրանք գտնվում են ջարդված վիճակում։

Արձանագրված խնդիրների վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարությունը մեկնաբանել է, որ կոնստրուկտորական լուծումներից ելնելով՝ ներկայումս ֆիզիկապես հնարավոր չէ հիմնարկի պատերում անցքեր բացել օդափոխության համակարգ տեղադրելու համար: Նաև փաստել է, որ այնտեղ իրականացվում են ներքին ջրահեռացում, սանհանգույցների և բաղնիքների վերանորոգման աշխատանքներ: Նախատեսվում է նաև իրականացնել հիմնարկի արտաքին կոյուղու, ներքին կոյուղու ցանցի, սանհանգույցների, բաղնիքների, այնուհետև ամբողջ մասնաշենքի՝ այդ թվում քննչական սենյակների հարդարման աշխատանքներ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել