Դուք հնի կրողն ու հենարանն եք  և պետք է հեռանա՛ք. Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյան
10:36 - 03 հունիսի, 2019

Դուք հնի կրողն ու հենարանն եք և պետք է հեռանա՛ք. Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյան

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել.

Աբովյանը մեր տունն է, ինչպես և քո` քաղաքապետի՛ թեկնածու, սակայն այն որևէ մեկի կալվածքը ՉԷ՛. Թույլ չե՛մ տա, իր իսկ խոսքերով` «կեղծ բարեպաշտի» դիմակով և գունավոր փուչիկները ձեռքին, ցերեկը Աբովյանի բակերում խաղաղ քաղաքացիների անիրազեկվածության և սոցիալ֊մշակութային խոցելիության վրա, իսկ գիշերները` նույն այդ քաղաքացիներին ահաբեկելու, իր կամ մերձավորի` եղած աշխատանքը կորցնելու սպառնալիքի կամ նոր աշխատանքի սին խոստումների միջոցով տոտալ ցուցակագրումներ կատարել և փորձել Աբովյանում պատրանք ստեղծել` թե ամեն ինչ դեռ «մենք ենք որոշում», և «քաղաքը չե՛նք տալու»։

Ու՞մ չեք տալու Աբովյանը, իր ՔԱՂԱՔԱՑՈՒ՞Ն… Դուք ձեր իսկ կողմից առաջ քաշված դիսկուրսով ևս մեկ անգամ փաստեցիք, որ հիրավի «հին քաղաքական մշակույթի» կրողն եք, և հիմա էլ կենաց ու մահու պայքարի եք լծվել` կառչած մնալու այդ աթոռներին, որոնք հիմնականում ծառայեցվել են ձեր ու ձեր քաղաքական հովանավորների նեղ անձնական շահերին ու միջանձնային/ներկլանային հարաբերությունների սպասարկմանը։

Աբովյանը Հայաստանի Հանրապետությունն Է՛. Այն ոչ մեկի սեփական կալվածքը ՉԷ՛. և Աբովյանում Քաղաքացի՛ն է որոշելու, թե ով է ստանձնելու այն մեծ պատասխանատվությունն ու դրանից բխող` առաքելությունը, որի կարիքը աբովյանցին ունի դեռ շատ վաղուց։

Այլևս չկա վերադարձ հնին, հինը մերժված է` իր բոլոր դրսևորումներով, իսկ դուք հնի կրողն ու հենարանն եք. և պետք է ՀԵՌԱՆԱ՛Ք. հանուն աբովյանցու, հանուն Կոտայքի, հանուն Հայաստանի Հանրապետության։

Հ.Գ. Առաջիկա օրերին մեծ ու անկեղծ զրույց կունենանք այս տիրույթում, ինչպես և ունենում ենք Աբովյանի բոլոր բակերում, մեր յուրաքանչյուր Քաղաքացու հետ. մեր Քաղաքացին այլևս հաղթել է` նախ իր մտքում, իր գիտակցության մեջ, ապա նաև` հունիսի 9֊ի իր ընտրությամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել