armtimes.com։ Հայաստանի այն համայնքներում, որտեղ չկան անհրաժեշտ ուսուցիչներ, հնարավոր է աշակերտներն այդ առարկայի գիտելիքները ստանան այլ կենտրոնից՝ հեռահաղորդակցման տարբերակով: Այս դեպքում չի լինի մի իրավիճակ, որ աշակերտները չուսումնասիրեն առարկան՝ կրթական հաստատությունում ուսուցիչ չլինելու պատճառով: Հայաստանը, այսպիսով, հնարավոր է անցնի այլընտրանքային հեռավար (դիստանցիոն) կրթության:

Այս մասին այսօր ՀՀ ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ ներկայացնելով «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը:

Ինչպես նշել է նախարարը, այսօր համայնքներում ունենք ուսուցչի 1000-ից ավելի թափուր աշխատատեղեր: Բախվում ենք մի իրավիճակի, երբ հեռավար ուսուցման կազմակերպումն անհրաժեշտություն է դառնում: Նախագծով առաջարկվում է, որ ուսուցման գործընթացն իրականանա տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հեռահաղորդակցության միջոցներով:

Օրինակ՝ երեխաները դասը կլսեն ուղիղ տեսակապի միջոցով կամ համաժամանակյա մեթոդով: Երկրորդ տարբերակը, սակայն, ըստ Հարությունյանի, նվազ արդյունավետ է, քանի որ կարգապահության հետ կապված խնդիրեր կկարող են առաջանալ:

Այն դպրոցները, որտեղ կլինի մանկավարժի խնդիր, պայմանագիր կկնքեն համապատասխան կենտրոնի հետ եւ գումարը, որը պետք է փոխանցեին իրենց մասնագետին, կվճարեն կենտրոնի ուսուցչին:

«Սա նորմալ գործընթաց է աշխարհի ամենազարգացած երկրների համար, որովհետեւ ունեն ուսուցիչների խնդիր: Հեռավար ուսուցման ներդրումն օգուտներ է տալիս՝ հեռավոր համայնքներում էլ լուծելով երեխաների կրթության իրավունքը»,- նշել է նախարարը:

Ուսուցման այդ տարբերակն արդեն փորձարկվել է Հայաստանում: Նախնական ծրագիրն անցկացվել է Գեղարքունիքի մարզի Անտառամեջ գյուղի միջնակարգ դպրոցում, որտեղ տարիներ շարունակ չկար ֆիզիկայի ուսուցիչ:

Հանրակրթության մասին օրենքում փոփոխություններ կատարելու դեպքում, նաեւ նախատեսվում է սահմանել մանկավարժների, աշակերտների եւ նրանց ծնողների էթիկայի նորմեր:

Նախարարի խոսքով՝ այժմ բախվում են մի իրավիճակի, երբ աշակերտների եւ ուսուցիչների մեջ առկա է ճգնաժամ: «Դա գալիս է ազատությունից, իրավունքի գիտակցումից, որն ունի նոր սերունդը, բայց մենք ճիշտ չենք բացատրում նրանց պարտականությունները»,- նկատեց նա:

Նախարարը հավելել է՝ երբ բալանսավորենք ուսուցիչների, աշակերտների, ծնողների իրավունքներն ու պարտականությունները, ճիշտ իրավիճակ կունենանք: Խնդիրն, ըստ նրա, պետք է լուծել նաեւ վերապատրաստումների, նոր մեթոդների միջոցով: «Մեր ուսուցիչների մի փոքր մասը հին մեթոդներով է անդրադառնում նոր սերունդների կարիքներին ու պահանջմունքներին»,- ընդգծել է Արայիկ Հարությունյանը:

Նախատեսվում է նաեւ վերանայել դասղեկության համար վճարելու սկզբունքը. եթե մանկավարժը միանգամից ղեկավարում է մի քանի դասարանի, ապա կքննարկվի նրան բոլոր այդ դասարանների հաշվարկով աշխատավարձ տրամադրելու հարցը: Նման փորձ եւս կա այստեղ՝ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում: Առայժմ,

Շարունակությունը՝ armtimes.com-ում