Դպրոցների կառավարումը Երևանում․ հեղափոխությու՞ն, թե՞ ժառանգականություն
20:27 - 06 մարտի, 2020

Դպրոցների կառավարումը Երևանում․ հեղափոխությու՞ն, թե՞ ժառանգականություն

Երևանի  հանրակրթական դպրոցների տնօրենների 27 տոկոսը կառավարում է արդեն 10 տարի և ավելի՝ չնայած նրան, որ, համաձայն հանրակրթական հաստատությունների տնօրենների ընտրության կարգի, ընտրվում են 5-ամյա ժամկետով։

Վերընտրման սահմանափակում օրենքով չկա, և հաճախ նախապատվությունը տրվում է գործող տնօրենին՝ որպես փաստարկ ներկայացնելով զարգացման ծրագրի իրագործման շարունակականությունը։

Հանրակրթության պատասխանատուները

2018 թ․ մայիսին նոր կառավարության ձևավորումից, հետագայում նաև Երևան քաղաքի նոր ավագանու և քաղաքապետի ընտրություններից հետո Երևանում հանրակրթության իրականացման համար պատասխանատու կառույցներում՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարության և Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչություններում, կադրային առումով էական փոփոխություններ տեղի չեն ունեցել։

2019 թ․ դեկտեմբերի տվյալներով` ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության բոլոր 15 աշխատակիցները շարունակում են պաշտոնավարել։ Նախադպրոցական և միջնակարգ կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնում աշխատում է Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի քույրը՝ Հայկանուշ Մարգարյանը։

Դեկտեմբերի տվյալներով` նմանատիպ իրավիճակ է նաև քաղաքապետարանի հանրակրթության վարչությունում․ այս վարչության 17 հաստիքներից ներկայումս առկա է 15-ը, որոնցից 7-ը շարունակում են զբաղեցնել նախկին աշխատակիցները։

Չի փոխվել նաև վարչության պետը՝ Աննա Ստեփանյանը, որն այդ պաշտոնին նշանակվել է 2017 թվականին։ Աննա Ստեփանյանն ԱԱԾ պետական պահպանության ծառայության նախկին պետ Գեորգի Հայրապետովի եղբոր՝ Միխաիլ Հայրապետովի կինն է։ Մինչև Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ նշանակվելը՝ 2008-2017 թվականներին, նա եղել է Երևանի Սիամանթոյի անվան թիվ 162 հիմնական դպրոցի տնօրենը։ Նույն դպրոցի շենքում 2009 թ․ Աննա Ստեփանյանը հիմնադրել է «Երևակ» կրթահամալիրը։

Ըստ Արդարադատության նախարարության պետական ռեգիստրի տվյալների՝ կրթահամալիրի սեփականատերերն են Աննա Ստեփանյանը և նրա աղջիկը՝ Սոնա Հայրապետովը։

Աննա Ստեփանյանը եղել է ՀՀԿ կանանց խորհրդի անդամ, սակայն 2018 թ․ օգոստոսի 22-ին՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ, նա նշել է, որ անկուսակցական է։ 

Աննա Ստեփանյանը հայտնի է նաև 2017 թ․ տեղի ունեցած ավագանու ընտրություններից, երբ պարզվել էր, որ նա դիտորդի կեղծ վկայականով ներկա է գտնվել ընտրական տեղամասում։

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը 2018 թ․ հոկտեմբերին, երբ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ էր, ավագանու նիստում բարձրացրել էր այն հարցը, որ դպրոցի ղեկավարման իրավունք (հավաստագիր) ձեռք բերելու քննություններից մեկի ժամանակ քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանն անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել մրցույթին մասնակցող մանկավարժների նկատմամբ։

Աննա Ստեփանյանը և այն ժամանակվա ԿԳ փոխնախարար Լուսինե Առաքելյանը հերքել էին Անի Սամսոնյանի հայտարարությունները: Լուսինե Առաքելյանը նշել էր, որ այս հարցում կար շահերի բախում, քանի որ որակավորման մրցույթին մասնակցող մանկավարժներից մեկն էլ Անի Սամսոնյանի քույրն էր։ 

Մեզ հետ զրույցում Անի Սամսոնյանը նշեց, որ իր քույրն այդ օրը որակավորում ստացել է, իսկ ինքը ավագանու նիստին ելույթ է ունեցել այլ մանկավարժների բողոքների հիման վրա, քանի որ, ըստ տիկին Սամսոնյանի, նրանց իրավունքները ոտնահարվել են։

Մանկավարժների որակավորման մրցույթի երկրորդ հատվածը չէր տեսագրվել։ Անի Սամսոնյանն այն ժամանակ դիմել էր տեսագրությունների շարունակությունը ստանալու համար, բայց ԿԳՆ-ից (այժմ՝ ԿԳՄՍՆ) պատասխանել էին, որ տեսագրությունների հաջորդ հատվածը չկա։

Ըստ Անի Սամսոնյանի՝ Աննա Ստեփանյանը փորձում է վերահսկողություն իրականացնել դպրոցներում և մինչև հիմա էլ ազդեցություն ունի դպրոցների տնօրենների ընտրության մրցույթների վրա:

«Մեզ հայտնի է, և որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Աննա Ստեփանյանը դպրոցներում ունի իր ցանցը՝ սկսած տնօրեններից մինչև մանկավարժներ, և, բնականաբար, միշտ ձգտելու է, որ լինեն այնպիսի մարդիկ, որոնք կգտնվեն իր ազդեցության տիրույթում»,- մեզ հետ զրույցում նշեց Անի Սամսոնյանը։

Տնօրենների «երկարակեցությունն» ու ժառանգականությունը

Աննա Ստեփանյանի ղեկավարության ներքո գտնվող հանրակրթության վարչության պետի տեղակալ Օվսաննա Քարամյանի հայրը՝ Համլետ Քարամյանը, շուրջ 30 տարի պաշտոնավարում է Երևանի թիվ 185 հիմնական դպրոցում։

«Ուսուցչանոց» նախագծի շրջանակներում Infocom-ի լրագրողն այցելեց թիվ 185 դպրոց։ Տնօրենը նշեց, որ արդեն իր թոշակի գնալու ժամանակն է, 4 ամսից դպրոցում կշարունակի աշխատել միայն որպես աշխարհագրության ուսուցիչ։ Քաղաքապետարանի հետ աշխատանքային հարաբերությունների հարցին ի պատասխան` նա ասաց, որ աղջիկն այնտեղ է աշխատում՝ որպես վարչության պետի տեղակալ, և ինքը փորձում է չայցելել քաղաքապետարան՝ իր ներկայությամբ աղջկան չկաշկանդելու համար։

Համլետ Քարամյանի երկար կառավարման տարիներին դպրոցն այնքան էլ բարվոք վիճակի չի բերվել։ Մեզ հետ զրույցում պարոն Քարամյանը նշեց, որ դպրոցի ֆինանսավորումն իրականացվում է՝ ըստ աշակերտների թվի։ Դպրոցն ունի 350 աշակերտ։

Ըստ 2018 թվականին ՊՈԱԿ-ների ներկայացրած հաշվետվության՝  185 դպրոցը 2018 թ․ տարեսկզբին ունեցել է 4․1 միլիոն, իսկ տարեվերջին՝ 7․8 միլիոն դրամի մնացորդ։ Սակայն դպրոցի արտաքին և ներքին տեսքից կարելի է եզրակացնել, որ այդ գումարը բավարար չէ դպրոցը վերանորոգելու, պայմանները բարելավելու համար։

«Ուսուցչանոց» նախագծի շրջանակներում 185 դպրոցի ուսուցիչները ևս մեզ պատմեցին դպրոցի ոչ բարվոք վիճակի մասին՝ նշելով, որ շատ հաճախ իրենք են տներից բերում չօգտագործվող գույք, որ դպրոցում հարմարություններ ստեղծեն (04:00-06:00ր․)։

Միայն այս դպրոցում չէ, որ տնօրենի երկար կառավարումը դարձել է ավանդական մոդել։ Երևանի հանրակրթական դպրոցներում տնօրենների «երկարակեցության» ավանդույթը շարունակվում է՝ չնայած նրան, որ ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի որոշմամբ սահմանվեց հանրակրթական հաստատությունների տնօրենների ընտրության կարգը, ինչպես նաև ամրագրվեց տնօրենի հետ պայմանագրի կնքման 5-ամյա ժամկետ։

Այսինքն՝ 2010 թվականից գործում է  իրավական ակտ, որը հնարավորություն է տալիս դպրոցների կառավարման խորհուրդներին 5 տարի հետո գնահատել նախկին տնօրենի իրականացրած ծրագիրը, ծանոթանալ դպրոցի իրավիճակին, մրցույթ հայտարարել, լսել թեկնածուների ներկայացրած զարգացման ծրագրերը և ընտրել տվյալ դպրոցի համար տնօրենի՝ առավել իրատեսական և արդյունավետ ծրագիր ներկայացրած թեկնածուին։

Ըստ տնօրենների կառավարման տարեթվերի վերաբերյալ ստացած տեղեկությունների՝ Երևանի 176 հիմնական և ավագ դպրոցներից 65-ում տնօրենները կառավարում են արդեն 10 և ավելի տարի։

Երբեմն դպրոցի տնօրինումն անգամ փոխանցվում է «ժառանգականության սկզբուքնով»։ Նիկոլ Աղբալյանի անվան հիմնական դպրոցի նախկին տնօրեն Հասմիկ Ղարիբյանը շուրջ 16 տարի պաշտոնավարելուց հետո տնօրենի պաշտոնը «փոխանցել է» դստերը՝ Լիանա Արմենի Աշրաֆյանին։

Լիանա Աշրաֆյանի հայրը՝ Արմեն Աշրաֆյանը, ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության նախկին պետն է, քույրը՝ Նելլի Արմենի Աշրաֆյանը, դատախազ է։ Վերջինիս ամուսինը ՊԵԿ ներկայիս պաշտոնյա, հարկային հաշվանցումների և վերադարձման հսկողության բաժնի պետ Արման Գառնիկի Միրզոյանն է։

Դպրոցի խորհրդի նախագահը՝ Քրիստինե Ղալեչյանը, Նելլի Աշրաֆյանի համակուրսեցին է։

2019 թ․ նոյեմբերին Կրթության տեսչական մարմինը ստուգումներ է անցկացրել դպրոցում և արձանագրել, որ դպրոցը գերազանցել է լիցենզիայով սահմանված, դպրոցի հիմնական հանրակրթական ծրագրով հաստատված սահմանային տեղերի թիվը՝ 1145-ի փոխարեն ունենալով 1152 աշակերտ։

Տեսչական ստուգման ընթացքում արձանագրվել են նաև դասարաններում սովորողների միջին խտության հետ կապված խախտումներ։ Շուրջ 10 դասարաններում սովորողների միջին խտությունը սահմանվել է 36-39 աշակերտ թույլատրելի առավելագույն 35-ի փոխարեն։ Նմանատիպ խախտումներ են արձանագրվել նաև Լիանա Աշրաֆյանի մոր՝ Հասմիկ Ղարիբյանի պաշտոնավարման ընթացքում։ Բացի այդ՝ Հասմիկ Ղարիբյանը, առանց մրցույթի կարգի պահպանման, մեկ դասվար և ֆիզկուլտուրայի մեկ ուսուցիչ է ընդունել աշխատանքի։ Խախտվել է նաև ֆիզկուլտուրա առարկայի 5-9-րդ դասարանների համար պետական բաղադրիչով հատկացված ժամաքանակը, և շաբաթական 3 ժամի փոխարեն հատկացվել է 2 ժամ։

«Ուսուցչանոց» ծրագրի շրջանակներում մեր լրագրողը դպրոցի ուսուցիչներից հետաքրքրվեց, թե հատկապես որ սերնդի հետ է հեշտ աշխատելը՝ նկատի ունենալով այն, որ տնօրենի պաշտոնը փոխանցվել է մորից դստերը։ Ուսումնական գծով փոխտնօրեն Մարիամ Հայրապետյանը պատասխանեց, որ երկուսի դեպքում էլ աշխատանքը հեշտ է եղել։ Նաև հավելեց, որ խնդիրը սերնդի մեջ չէ, այլ՝ մարդու տեսակի։

Տնօրենի պաշտոնի ժառանգականության մյուս դեպքը Երևանի Ալեքսանդր Պուշկինի անվան համար 8 հիմնական դպրոցում է։ Նատալյա Ստեփանյանը պաշտոնն իր մորից՝ Մարիետտա Մատղաշյանից, ժառանգելուց հետո մի շրջան արդեն կառավարել է, իսկ այս տարվա մարտին վերընտրվել է։ Դպրոցի կառավարման խորհրդի նախագահն է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը։

Հատկանշական է, որ 2016 թ․ այս դպրոցի խորհրդում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչ է եղել Աննա Ստեփանյանին նախորդած հանրակրթության վարչության պետը՝ Գայանե Սողոմոնյանը, որը ՀՀ վերահսկիչ պալատի նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Իշխան Զաքայանի կինն է։

Գայանե Սողոմոնյանը 2002 թ․ հիմնադրել է «Վարդանանք» կրթահամալիրը և մինչ այժմ էլ կրթահամալիրի սեփականատերն է։

Ըստ սույն թվականի մարտի 3-ին Կրթության տեսչական մարմնից ստացված տեղեկության՝ այս ուսումնական հաստատությունը 2012-2013 և 2015-2017 թվականներին չի ընդգրկվել տեսչական մարմնի կողմից ստուգվող դպրոցների ցանկում։ 2014 թվականին իրականացված տեսչական ստուգումների արդյունքում խախտումներ չեն արձանագրվել։

Արդեն 2018-2019 թվականների ստուգումների ընթացքում  Կրթության տեսչական մարմինը արձանագրել է հետևյալ խախտումները․

  • «Տեխնոլոգիա» առարկայի դասաժամերը տրամադրված չէր համապատասխան մասնագետին,
  • Տարրական դասարաններում սովորողների քանակը չէր համապատասխանում տարրական դասարանների համար տրված լիցենզիայի թվին,
  • Դասարանների ձևավորումը չէր համապատասխանում սահմանված ընթացակարգին՝ թվաքանակի առումով,
  • Սովորողների անձնական գործերում ապահովված չեն պետական ռեգիստրում հաշվառված լինելու մասին տեղեկանքները,
  • Տնօրենի կողմից չկար վերահսկողություն 7-9-րդ դասարաններում «Մաթեմատիկա» առարկան դասավանդող ուսուցիչների պաշտոնային պարտականությունների կատարման նկատմամբ՝ ապահովելու սովորողների մոտ հանրակրթական առարկայական չափորոշիչներով ամրագրված գիտելիքների, կարողությունների և հմտությունների առնվազն պարտադիր նվազագույն պահանջների յուրացումը:

Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցում սովորող աշակերտների թիվը ևս գերազանցում է դպրոցին տրված լիցենզիայում նշված թվաքանակը։ Լիցենզիայով դպրոցում սովորողների սահմանաչափը 1784 է, սակայն ըստ դպրոցից ստացված պատասխանի՝ այնտեղ սովորում է 1872 աշակերտ, այսինքն՝ սահմանվածից 88-ով ավելի։

«Ուսուցչանոց» նախագծի շրջանակում այցելեցինք նաև Ալ․ Պուշկինի անվան թիվ 8 դպրոց։

Տնօրեն Նատալյա Ստեփանյանը ներկայացրեց դպրոցի գործունեությունը, 2018 թվականից հետո իրավիճակը։ Ն․ Ստեփանյանը, արդեն երկրորդ շրջանն է, ինչ կառավարում է թիվ 8 հիմնական դպրոցում։ Մեր այն հարցին, թե ղեկավարը երբ պետք է լքի իր պաշտոնը, նա պատասխանեց․

«Յուրաքանչյուր ոլորտում էլ անձը ունի սուբյեկտիվ մոտեցում իր նկատմամբ, իր կատարած աշխատանքի նկատմամբ։ Ինքնագնահատականի վրա թողնել անձի հեռանալու եւ չհեռանալու որոշումը, իմ կարծիքով, սխալ է։ Պետք է որոշի հանրությունը։ Այսինքն՝ եթե տնօրենը կապված է, աշխատում է աշակերտի, ծնողի և մանկավարժների հետ, որոշումը, թե որ պահին տնօրենը պետք է համարի իր առաքելությունը կատարված, պետք է կայացվի այդ շահառուների կողմից»։

Դպրոցի տնօրեն լինելու ընտանեկան ավանդույթը շարունակում են նաև Գայանե և Ռուզաննա Սարուխանյանները՝ Երևանի թիվ 55 հիմնական և թիվ 29 ավագ դպրոցների տնօրենները։

Գայանե Սարուխանյանը եղել է ԱԺ-ի 5-րդ գումարման «Շամիրամ» խմբակցության պատագամավոր։ 2000 թվականից մինչ այսօր Չեխովի անվան թիվ 55 հիմնական դպրոցի տնօրենն է։

Դպրոցը մի քանի անգամ հայտնվել է սկանդալային իրադարձությունների կենտրոնում։ 2013 թ․ մամուլում հրապարակում էր եղել այն մասին, որ դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանը պահակի և ուսուցիչների օգնությամբ բռնություն էր կիրառել աշակերտներից մեկի մոր նկատմամբ։ Ըստ Գայանե Սարուխանյանի՝ այդ աշակերտին ինքը տուն էր ուղարկել ոչ պատշաճ հագնվելու համար։ Աշակերտուհու մայրը՝ Նատալյա Սարգսյանը, պնդել էր, որ իր աղջիկը պատշաճ էր հագնված եղել, դպրոցում էլ իր հեռախոսը խլել էին ձեռքից, քանի որ, անվտանգության նկատառումներից ելնելով, ձայնագրել էր իր և Գայանե Սարուխանյանի խոսակցությունը։ Ըստ Նատալյա Սարգսյանի՝ երբ ինքը հետ էր ուզել հեռախոսը, ուսուցիչներն ու պահակն իրեն բռնության էին ենթարկել, հեռախոսն էլ կարողացել էր վերցնել միայն այն ժամանակ, երբ խոսակցության ձայնագրությունը ջնջված էր եղել։

Այս դեպքերից հետո քրեական գործ էր հարուցվել, սակայն 2014 թվականին որոշում էր կայացվել ապացույցների բացակայության հիմքով վարույթը կարճելու մասին։

2018 թ․ հունիսին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը  նշել էր, որ թիվ 55 դպրոցը չունի հանրակրթական ծրագրի իրականացման համար պահանջվող լիցենզիա և դասվում է օլիգարխ դպրոցների թվին։

«Դա ոչ թե դպրոցի, այլ նախարարության, հանրակրթության վարչության, լիցենզավորված մարմնի թերացումն է։ Այդ հարցով ես գրավոր դիմել եմ Կրթության և գիտության նախարարությանը նաև ավելի վաղ, ներկայացրել եմ անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, բոլոր ձևակերպումները, սակայն նախկին նախարար Լևոն Մկրտչյանը դրանք մերժեց։ Մեր դպրոցին լիցենզիա տրամադրելու գործընթացը կասեցվել է, և չգիտեմ՝ ինչի համար և ինչ պատճառաբանությամբ։ Ես պատրաստ եմ նաև նոր նախարարին ներկայացնել անհարժեշտ փասթաթղթերը։ Այնպես որ այն, որ մեր դպրոցն այդ լիցենզիան չի ստացել, մեր մեղքով  չէ,  և այստեղ ես միտում եմ տեսնում»,- ի պատասխան այս հայտարարությանը՝ նշել էր Գայանե Սարուխանյանը։

Չնայած Արայիկ Հարությունյանի պնդումներին՝ 2018 թ․ օգոստոսի 2-ին Չեխովի անվան դպրոցը Կրթության և գիտության նախարարության կողմից ստացել է տարրական դասարանի 490 աշակերտ ունենալու լիցենզիա։

Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ Երևանի թիվ 55 դպրոցում այս տարիների ընթացքում ստուգումներ չեն եղել։

Սակայն, ըստ Կրթության տեսչական մարմնից ստացված պատասխանի, 2014 և 2018-2019 թվականներին Չեխովի անվան 55 դպրոցում անցկացվել են ստուգումներ։ 2014 թվականին դպրոցում խախտումներ չեն հայտնաբերվել, իսկ 2018-2019 թվականների ստուգումների արդյունքներով արձանագրվել են մի շարք խախտումներ, որոնք հակիրճ կներկայացնենք ստորև․

  • դպրոցում սովորողների թիվը չէր համապատասխանում տարրական և հիմնական կրթական գործունեության լիցենզիաների հավելվածներով սահմանված թվաքանակներին,
  • «անգլերենի բանավոր խոսքի զարգացում» լրացուցիչ վճարովի կրթական ծառայության իրականացնողը չուներ համապատասխան որակավորում,
  • դպրոցում 3-րդ օտար լեզվի ուսումնասիրությունը չէր իրականացվում սահմանված կարգով,
  • տարրական դասարաններում չէր դասավանդվում «Տեխնոլոգիա» առարկան։

Այս դպրոցում ևս ներկայումս աշակերտների իրական թիվը գերազանցում է լիցենզիայով նախատեսված քանակը․ թույլատրվող 1200-ի փոխարեն 1531 աշակերտ է սովորում։

Ի տարբերություն քրոջ՝ թիվ 29 ավագ դպրոցի տնօրեն Ռուզաննա Սարուխանյանի՝ Գայանե Սարուխանյանը կտրականապես մերժեց «Ուսուցչանոց» ծրագրին մասնակցելու առաջարկը։

Ռուզաննա Սարուխանյանն արդեն 13 տարի է, ինչ ղեկավարում է Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցը։ «Ուսուցչանոց» ծրագրի շրջանակում թիվ 29 ավագ դպրոցի ուսուցիչների կողմից բարձրացված խնդիրներից էր դասարանների գերծանրաբեռնվածությունը։ Հարցին, թե արդյո՞ք դասարաններում աշակերտների թվի հարցը չի կարգավորվում՝ ըստ լիցենզիայի և ներքին բաշխվածության, ուսուցիչները դժվարացան պատասխանել։ 

Տիկին Սարուխանյանից հարցրինք, թե երբ պետք է ղեկավարը հեռանա իր պաշտոնից։

«Երբ հասկանա, որ բավականաչափ չի սիրում այն գործը, որն անում է, և արդյունավետ չի կատարում իր աշխատանքը։ Եթե ինքը գոհ է իր կատարած աշխատանքից և մտածում է, որ ուրիշը գուցե ավելի լավ չկարողանա անել, նա կարող է մնալ իր տեղում և աշխատել։ Տարիքային ցենզով որոշելը որոշ դեպքերում կարող է արդարացված չլինել։ Կարող է արդեն թոշակի հասած մարդը դեռ ի վիճակի լինել շատ ավելի լավ ղեկավարել այդ հասատատությունը, քան ավելի երիտասարդ մարդը»,- մեր հարցին ի պատասխան՝ նշեց Ռուզաննա Սարուխանյանը։

Ըստ հանրակրթական դպրոցներին տրված լիցենզիայի՝ թիվ 29 ավագ դպրոցն ունի 620 աշակերտ ունենալու թույլտվություն։ Դպրոցում սովորող աշակերտների թիվը 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ 606 է։

Հրանտ Դինքի անվան թիվ 44 դպրոց հիմնական դպրոցի տնօրեն Մարինա Տոնոյանը այս պաշտոնին է շուրջ 19 տարի։ «Ուսուցչանոց» նախագծի շրջանակում այցելեցինք նաև այս դպրոց։ Տիկին Տոնոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ որևէ կուսակցության դավանելն, իհարկե, քաղաքացու իրավունքն է, բայց, իր կարծիքով, դպրոցի տնօրենը պիտի լինի անկուսակցական։

«Ճիշտ է, նախորդ իշխանության օրոք շատ տնօրեններ, անկախ իրենց կամքից, ստիպված են եղել լինել կուսակցական, սակայն, ըստ իս, կան պաշտոններ, որոնց դեպքում պիտի կուսակցական լինելը բացառվի և առաջին հերթին դպրոցի տնօրենի համար»,- նշեց Մարինա Տոնոյանը։

Սակայն տիկին Տոնոյանի ֆեյսբուքյան էջում այլ պատկեր է։ Տնօրենն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Հերմինե Նաղդալյանի հետ լուսանկարներ։ Այս ամենին զուգահեռ Մարինա Տոնոյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է նաև Հանրապետական կուսակցության խորհրդանշանը։ 

 

Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցի տնօրեն Ռուզաննա Կոստանյանը ևս շուրջ 21 տարի է, ինչ պաշտոնավարում է։ Տնօրենի երկարաժամկետ կառավարմանը 114 դպրոցի ուսուցչական կազմը դրական է վերաբերում։ Ասում են, որ իրենք արդեն մի ընտանիք են դարձել։ Սակայն մամուլում կան հրապարակումներ դպրոցում կաշառակերության ահազանգների, դանակահարությունների, վեճերի վերաբերյալ։

Ուսուցիչները մեզ հետ զրույցում նշեցին, որ ավագ դպրոցում սովորող աշակերտների հետ հեշտ չէ աշխատել, լինում են կոնֆլիկտներ և խնդիրներ, սակայն հնարավորինս փորձում են հաղթահարել դժվարությունները։ 

Տնօրեն Ռուզաննա Կոստանյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ տարեսկզբին են ունենում բարդություններ ավագ դպրոցի աշակերտների հետ աշխատանքում, սակայն տարվա ընթացքում ուսուցիչների կողմից տարվող աշխատանքների շնորհիվ դրանք հարթվում են։

Սակայն վերջին դանակահարության դեպքը տեղի է ունեցել վերջերս՝ 2019 թվականի դեկտեմբերի 10-ին։ 11-րդ դասարանի աշակերտների վեճը եզրափակվել է դանակահարությամբ։

114 դպրոցում ևս փաստացի սովորող աշակերտների թիվը գերազանցում է լիցենզիայով սահմանված աշակերտների թվին։ Լիցենզիայով սահմանված է 391 աշակերտ, սակայն մեր բանավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնեցին, որ դպրոցում փաստացի սովորում է 465 աշակերտ։

«Ուսուցչանոց» նախագծի շրջանակներում տիկին Կոստանյանը նշեց, որ դպրոցը երբևէ քաղաքականացված չի եղել։ Նշենք, որ նրա անունը չէր հայտնվել նաև «Իրազեկ քաղաքացիների միավորման» կողմից դեռևս 2017  թվականին ներկայացված՝ ՀՀԿ-ի ընտրազանգվածի ցուցակավորում կազմակերպող կամ կազմակերպել պատրաստվող դպրոցի տնօրենների ցանկում։

Տնօրենների կուսակցականացվածությունն ու կառավարման խորհուրդները

Իրազեկ քաղաքացիների միավորման 2017 թվականին բացահայտած՝ ընտրությունների համար ակնհայտորեն ձայներ հավաքող տնօրեններից 32-ը շարունակում է պաշտոնավորել Երևանի հանրակրթական դպրոցներում։

Տնօրենների մեծ մասը եղել է նաև իշխող կամ տվյալ ժամանակահատվածում կոալիցիայի մեջ եղած կուսակցությունների անդամ, նրանց մի մասը մասնակցել է ընտրական գործընթացներին՝ ՀՀԿ, ՀՅԴ կամ «Ծառուկյան» դաշինքի ցուցակներով թեկնածուների կարգավիճակով։ Մեր կողմից իրականացված ուսումնասիրության համաձայն՝ տնօրեն թեկնածուները 15-ն են, որոնցից 12-ը՝ ՀՀԿ-ից, 2-ը՝ ՀՅԴ-ից և 1-ը՝ «Ծառուկյան» դաշինքից։ Նրանք իրենց թեկնածությունն առաջադրել են 2017 թ․ ապրիլին տեղի ունեցած խորհրդարանական և մայիսին տեղի ունեցած ավագանու ընտրություններում։

Ըստ «Պետական հանրակրթական հաստատության տնօրենի ընտրության» կարգի՝ դպրոցների կառավարման խորհուրդներն են լիազորված ընտրելու և 5 տարիների ընթացքում վերահսկելու հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի գործունեությունը՝ ըստ ընտրված տնօրենի զարգացման ծրագրի։ Հետևաբար, տնօրենների կառավարմանը անդրադառնալիս հարկ ենք համարում խոսել կառավարման խորհուրդներում կատարված փոփոխությունների և առկա իրավիճակի մասին։

2020 թ․ հունվարի 24-ին լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ 2018 թվականին հանրակրթական դպրոցներում խորհուրդները փլուզվեցին, և հիմա դրանք հավաքելու, վերաիմաստավորելու կարիք ունենք։

«Գնացե՛ք, զուտ և 2-3 խորհրդում վերջին մեկ տարվա գործընթացների հետաքննությո՛ւն անցկացրեք»,- հորդորեց նախարար Արայիկ Հարությունյանը։

Երևանի քաղաքապետարանի կայքում քաղաքապետի որոշումների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ 2018 թ․ հոկտեմբերից մինչ 2020 թ․ հունվարի 23-ը կառավարման խորհրդի վերաբերյալ կայացված 90 որոշումներով տեղի են ունեցել կառավարման խորհուրդների կազմերի փոփոխություններ։ Եղել են դեպքեր, երբ խորհրդում քաղաքապետարանի ներկայացուցչի անդամությունը մեկ դպրոցում դադարեցվել է, և վերջինս տեղափոխվել է մեկ այլ դպրոց։

Այժմյան կառավարող ուժից խորհուրդներում ներառված են «Իմ քայլը» խմբակցության 3 պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների 11 օգնական, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի և թաղապետարանների տարբեր վարչությունների պետերի շուրջ 20 տեղակալ, ԿԳՄՍ նախարարության 30 աշխատակից։

Կառավարման խորհրդի դերի ոչ լիարժեք ընկալում կա ինչպես հանրակրթական հաստատության գործադիր մարմնի՝ տնօրենության, այնպես էլ հենց կառավարման խորհուրդների կողմից։



Հեղինակներ՝ Կարինե Շահգալդյան, Ասպրամ Փարսադանյան, Արփի Ավետիսյան, Սևակ Մամյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել