ԵՄ դեսպանը բարձր է գնահատում վիզաների ազատականացման համար անդամ երկրների հետ Հայաստանի աշխատանքը |armenpress.am|
15:02 - 25 հոկտեմբերի, 2019

ԵՄ դեսպանը բարձր է գնահատում վիզաների ազատականացման համար անդամ երկրների հետ Հայաստանի աշխատանքը |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորին վիզաների ազատականացման համար բարձր է գնահատում անդամ պետությունների հետ երկկողմանի աշխատանքը, որպեսզի հասցեագրի մտահոգություններն ազգային մակարդակով:Դեսպանը նման տեսակետ հայտնեց Երևանում «Փորձի փոխանակման միջոցով վիզաների արդյունավետ ազատականացման խթանումը Վրաստանում, Մոլդովայում և Հայաստանում» միջազգային գիտաժողովին:

«Ողջունում և բարձր եմ գնահատում Հայաստանը միակողմանի, առանց վիզաների մուտք է ապահովում Եվրամիության քաղաքացիների այցելության համար: Շատ լավ հասկանում ենք, որ Հայաստանը լուրջ քայլեր է ձեռնարկում ԵՄ-ի հետ վիզաների հեշտացման և ռեադմիսիայի համաձայնագրի առումով: Գնահատում ենք նաև, որ Հայաստանը երկկողմանի աշխատում է անդամ պետությունների հետ, որպեսզի հասցեագրի մնացած մտահոգություններն ազգային մակարդակով»,-ասաց դեսպանը:

Նա նշեց՝ պետք է 28 անդամ պետությունների միասնական դիրքորոշումն ունենալ, իսկ քանի դեռ դա չկա, պետք է սպասել և համոզել: Դեսպանը հատուկ շնորհակալություն հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարարությանը, որ Հայաստանը միջոցառումներ է ձեռնարկում առկա մտահոգությունները հասցեագրելու համար: Նա շեշտեց՝ միգրացիայի ոլորտում համագործակցում են Հայաստանի կառավարության հետ, և այս միջոցառումները պետք է ամրապնդեն:

Դեսպանը շեշտեց՝ պետք է հասկանալ, որ վիզաների ազատականացումը չի նշանակում, որ մարդիկ կարող են գնալ ու Եվրոպայում մնալ շատ երկար ժամանակով կամ ներգրավվել մասնագիտական աշխատանքում: Վիզաների ազատականացումը նշանակում է կարողանալ ճանապարհորդել շենգենյան տարածքում 6 ամսում ոչ ավելի քան 90 օր։ Նա կարևորեց Եվրամիության անդամ պետություններին վերահաստատել, որ այդ առումով Հայաստանի քաղաքացիների կողմից գոյություն ունի լիարժեք ընկալում, ընդ որում իրենք այդ դրական աշխատանքները տեսնում են: «Վիզայի ազատականացման համար նախապայմանները տեխնիկական չեն, դրանք ենթադրում են նաև ինստիտուցիոնալ բարեփոխումներ: Մենք պատրաստ ենք օժանդակել Հայաստանի կառավարությանը՝ իր բարեփոխումների գործընթացքում»,- եզրափակեց դեսպանը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել