ԵՊՀ-ի՝ հաշմանդամություն ունեցող ուսանողներին աջակցություն կտրամադրվի. դրա համար կընդունվեն հատուկ աշխատակիցներ |armtimes.com|
17:54 - 23 հոկտեմբերի, 2019

ԵՊՀ-ի՝ հաշմանդամություն ունեցող ուսանողներին աջակցություն կտրամադրվի. դրա համար կընդունվեն հատուկ աշխատակիցներ |armtimes.com|

armtimes.com: Երեւանի պետական համալսարանի՝ հաշմանդամություն ունեցող ուսանողները այսուհետ աջակցություն կստանան. Ֆակուլտետներում ձեւավորված աջակիցների օղակը նրանց կօգնի դասապատրաստման, լրացուցիչ պարապմունքների իրականացման եւ ուղեկցության հարցերում:

Հաշմանդամություն ունեցող ուսանողներն այսօր բուհերում բախվում են մի շարք խնդիրների՝ թեքահարթակների, Բրայլյան՝ ուռուցիկ-կետային համակարգով գրքերի ու «խոսող» գրքերի բացակայության եւ այլն: ԵՊՀ-ում առայժմ փորձում են լուծել այդ խնդիրներից մեկը: Մայր բուհի ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը սույն թվականի հոկտեմբերի 10-ին ստորագրել է հաշմանդամություն ունեցող ուսանողներին աջակցելու մասին հրամանը, որը նույն օրվանից ուժի մեջ է մտել:

Ֆակուլտետներում կձեւավորվի աջակիցների օղակ, որը կստանա ֆինանսավորում՝ հաշմանդամություն ունեցող ուսանողների հետ լրացուցիչ պարապմունքների եւ նրանց ուղեկցելու համար:

Ըստ այդ հրամանի՝ տեսողական եւ լսողական զգայարանների խանգարումներ ունեցող ուսանողների դասապատրաստմանն աջակցելու եւ համալսարանի տարածքում նրանց ուղեկցելու նպատակով՝ յուրաքանչյուր ուսումնական տարվա համար մեկ ուսանողի հաշվարկով համապատասխան ֆակուլտետին է հատկացվելու 400 հազար դրամ: Հենաշարժողական խանգարումներ ունեցող ուսանողներին համալսարանի տարածքում օգնելու եւ ուղեկցելու համար նախատեսված է հատկացնել գումար՝ յուրաքանչյուր ուսումնական տարվա համար մեկ ուսանողի հաշվարկով 200 հազար դրամ: Աջակիցների օղակում տեսողական եւ լսողական զգայարանների խանգարումներ ունեցող ուսանողներին օգնելու համար հատուկ մասնագետներ կհրավիրվեն, եւ հատկացվող 400.000 դրամից նրանք աշխատավարձ կստանան:

Հենաշարժողական խանգարումներ ունեցող ուսանողներին օգնելու համար՝ կհրավիրվեն մասնագետներ, սակայն բուհի ուսանողները եւս հնարավորություն կունենան օգնելու՝ այդպիսով ներգրավվելով աջակիցների օղակում:

Օգնություն ցուցաբերող ուսանողները գումար կվաստակեն կամ կզեղչվի նրանց վարձը, կստանան կրթաթոշակներ:

Մեզ հետ զրույցում ԵՊՀ հումանիտար եւ հասարակագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը նշեց, որ մինչեւ սույն թվականի նոյեմբերի 1-ը կհավաքագրվի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող ուսանողների մասին տեղեկությունը, նրանց թիվը կհստակեցվի եւ աջակցությունը կտրամադրվի ըստ կարիքի: Գումարը տրամադրվելու է յուրաքանչյուր ուսանողի համար, որը, տեսողական, լսողական եւ հենաշարժողական խնդիրների առկայությամբ պայմանավորված, ունի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք:

«Սա դեռ առաջին քայլն է, ԵՊՀ-ն հետամուտ է լինելու ներառականության ամբողջական ռազմավարության մշակմանը եւ անհրաժեշտ գործիքակազմի ստեղծմանը»,- նշեց էլինա Ասրիյանը:

Հաշմանդամություն ունեցող ուսանողներին աջակցելու հետ կապված հարցը, սակայն, ամբողջովին չի լուծվում. ԵՊՀ-ում անհրաժեշտ թեքահարթակներ կամ հատուկ պայմաններ, լսարաններ, Բրայլյան գրքեր չկան: Արդյո՞ք այս իմաստով առաջիկայում բուհում դրական փոփոխություններ կլինեն: «Խնդիրներ կան, բայց այդ խնդիրների լուծումը ենթադրում է որոշակի տրամաբանություն: Մենք այսօր առաջին քայլն ենք արել, սակայն առջեւում դեռ շատ աշխատանք կա: Թեքահարթակների հարցը եւս կլուծենք»,- պատասխանեց պրոռեկտորը՝ հավելելով, որ գլխավոր նպատակը յուրաքանչյուր ուսանողի հաջողությունն է:

«Սա ապահովելու համար անհրաժեշտ է մշակել ներառականության գործիքակազմ, սահմանել հատուկ կարիք ունեցող ուսանողների հաջողության հասնելու համար անհրաժեշտ օժանդակ միջոցներ»,- նշեց էլինա Ասիրյանը՝ խոսքն ավարտելով, որ հատուկ կարիք ունեցող ուսանողների համար պետք է հասանելի դարձնել հավասար իրավունքով կրթության եւ ողջ կյանքի ընթացքում ուսումնառության հնարավորությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել