Ե՞րբ և ինչպե՞ս ավարտվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը
07:10 - 09 մայիսի, 2019

Ե՞րբ և ինչպե՞ս ավարտվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը

Ե՞րբ և ինչպե՞ս ավարտվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը։ Շրջանառվում է հակամարտության ավարտի երեք տարեթիվ։

Եվրոպայում Երկրորդ համաշխարհային պատերազմն ավարտվում է Գերմանիայի անվերապահ կապիտուլյացիայով 1945 թվականի մայիսին, սակայն, հաղթանակի երկու օր է նշվում՝ մայիսի 8-ն ու 9-ը։ Այս երկակիությունը պայմանավորված է նրանով, որ Գերմանիան Արևմտյան դաշնակիցների հետ կապիտուլյացիան ստորագրում է մայիսի 8-ին, ինչին մայիսի 9-ին հետևում է կապիտուլյացիայի առանձին ակտ ԽՍՀՄ-ի հետ։

Իսկ Արևելքում պատերազմն ավարտվում է Ճապոնիայի անվերապահ կապիտուլյացիայով 1945թ․ օգոստոսի 14-ին, ակտը ստորագրվում է նույն թվականի սեպտեմբերի 2-ին։ Դրան նախորդել էին Հիրոսիմայի ու Նագասակիի դեպքերը, երբ ԱՄՆ-ն ատոմային ռումբեր էր նետել ճապոնական այդ երկու քաղաքների վրա օգոստոսի 6-ին ու 9-ին համապատասխանաբար։

Պատերազմի ավարտը Եվրոպայում

Եվրոպայի տարածքում Երկրորդ համաշխարհային պատերազմը սկսվում է 1939թ․-ին  Գերմանայի կողմից Լեհաստանի գրավումով։ Պատերազմը սկսելուց ընդամենը երկու տարի անց Գերմանիան իրեն էր ենթարկել Եվրոպայի մեծ մասը՝ ներառյալ կայծակնային արագությամբ գրավված Ֆրանսիան։ Սակայն, դրան հետևում է Հիտլերի սխալ որոշումը՝ հարձակվել ԽՍՀՄ-ի վրա, ինչն էլ ճակատագրական է դառնում Ֆյուրերի համար։

Չնայած պատերազմի սկզբնական փուլի պարտություններին ու նահանջին՝ ԽՍՀՄ-ը կարողանում է կենտրոնացնել ուժերն ու հակահարված տալ։ Շուտով ԽՍՀՄ-ի արևմտյան շրջաններով տարրալուծված գերմանական ուժերը պարտություն են կրում Ստալինգրադի մոտ, ինչից հետո Կարմիր բանակը սկսում է նրանց հետ մղել դեպի սահման, ապա նաև՝ սահմանից դուրս։ Գերմանական ուժերի նահանջը տևում է մի քանի տարի ու խլում միլիոնավոր կյանքեր, սակայն, ի վերջո Կարմիր բանակին հաջողվում է հասնել Գերմանիա։

1944թ․-ին սկսվում է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Կանադայի ու այլ դաշնակից ուժերի ափհանումը Նորմադիայում, որով նշանավորվում է Արևմտյան ճակատի բացումը։ Արևմուտքից ու արևելքից երկու հսկայական բանակների հարձակումը անխուսափելի է դարձնում Գերմանիայի պարտությունը։

Տոնելով հաղթանակը

Խորհրդային բանակը սկսում է իր հաղթական մուտքը Գերմանիայի մայրաքաղաք Բեռլին։ Հզոր կայսրության երբեմնի խարիզմատիկ առաջնորդ Ադոլֆ Հիտլերն արդեն ստիպված էր թաքնվել բունկերում, որտեղ հրամաններ էր արձակում մի բանակի, որը զուտ նրա պատկերացումներում գոյություն ուներ։ Խորհրդային ուժերը մոտենում էին Հիտլերի թաքստոցին, և 1945թ․ ապրլի 30-ին Ադոլֆ Հիտլերն ինքնասպան է լինում։

Գերմանական ուժերի հրամանատարությունն անցնում է ծովակալ Կարլ Դյոնիցին, որն էլ անմիջապես սկսում է հաշտության բանակցություններ վարել դաշնակիցների հետ։ Շուտով նրա համար ակնհայտ է դառնում, որ միակ ճանապարհն անվերապահ կապիտուլյացիան է։ Մայիսի 7-ին գերմանական բանակի շտաբի պետ, հրամանատար Ալֆրեդ Ջոդլը ժամանում է Ռեյմս՝ Դյոնիցի կողմից ունենալով կապիտուլյացիա ստորագրելու լիազորություններ։

Սակայն, համեմատաբար ցածրաստիճան Ջոդլի ստորագրությունը բավարար չէր հատկապես ԽՍՀՄ-ի համար, որն ամենաշատն էր տուժել պատերազմի հետևանքով։ Ուստի՝ ԽՍՀՄ ղեկավար կազմը պնդում է, որ Գերմանիայի ռազմական ուժերի ղեկավար ֆելդմարշալ Վիլհելմ Կեյտլն անձամբ ստորագրի կապիտուլյացիայի ակտը Ստալինի ներկայացուցչի հետ։

Մայիսի 8-ին Կեյտլը ժամանում է Բեռլինի արվարձան Կարլշորստ՝ վավերացնելու կապիտուլյացիան ու պատերազմի պաշտոնական ավարտը։ Սակայն, խնդիր է ի հայտ գալիս․ կապիտուլյացիայի ռուսերեն տեքստն ամբողջական չէր։ Այդ մասին 1970-ին գրում է Deutsche Welle-ն։ Ռեյմսի ակտը պետք է ուժի մեջ մտներ երեկոյան 11,01-ից, սակայն պայմանագիրն իր վերջնական տեսքով Կեյտելի մոտ է հասնում 75 րոպե անց։ Ֆելդմարշալը վավերացնում է իր կողմից կնքած պայմանագիրը մայիսի 9-ի վաղ առավոտյան՝ վերջ դնելով Եվրոպայում Երկրորդ համաշխարհային պատերազմին։
Ահա սա է երկակիության պատճառը։

Պատերազմի ավարտին ԱՄՆ-ի ու ԽՍՀՄ-ի առանց այն էլ թույլ դաշնակցային հարաբերություններն էլ ավելի են թուլանում, ինչն էլ աստիճանաբար վերաճում է Սառը պատերազմի։ Արևնտյան դաշնակիցները համաձայնում են կապիտուլյացիան ստորագրել մայիսի 8-ին, մինչդեռ ԽՍՀՄ-ը պահանջում է իր հետ կնքել առանձին պայմանագիր։ Դա տեղի է ունենում մեկ օր ուշ՝ մայիսի 9-ին։ Հենց այս օրն էլ ԽՍՀՄ-ը համարում է Հայրենական մեծ պատերազմի ավարտի ու հաղթանակի օր։

Հաղթանակ Ճապոնիայում

Խաղաղ օվկիանոսում հաղթանակի հասնելը դաշնակիցների համար հեշտ չէր։ Այնտեղ պատերազմը սկսվում է 1941թ․ դեկտեմբերի 7-ին, երբ առավոտյան ճապոնական նավատորմը հարձակման է ենթարկում Հավայան կղզիներում գտնվող ԱՄՆ-ի «Փըրլ Հարբոր» ռազմածովային բազան։ Տարիների ռազմական գործողություններից ու բանակցություններից հետո ԱՄՆ-ը միջուկային ռումբեր է նետում ճապոնական Հիրոսիմա ու Նագասակի քաղաքաների վրա 1945թ․ օգոստոսի սկզբին։ Մեկ շաբաթ անց՝ օգոստոսի 15-ին, Ճապոնիան հայտարարում է կապիտուլյացիա, իսկ սեպտեմբերի 2-ին Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Մամորու Շիգեմիցուն ստորագրում է կապիտուլյացիայի մասին պայմանագիրը։

Աղբյուրներ՝
thoughtco.com
theatlantic.com


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter


comment.count (0)

Մեկնաբանել