Եզդիական համայնքի ամենաէական խնդիրն է երեխաների կրթությունից դուրս մնալը․ Զեմֆիրա Քալաշյան
08:17 - 16 ապրիլի, 2019

Եզդիական համայնքի ամենաէական խնդիրն է երեխաների կրթությունից դուրս մնալը․ Զեմֆիրա Քալաշյան

Կրթական քաղաքացիական նախաձեռնության անդամ, «Սինջար» եզդիների ազգային միավորում ՀԿ անդամ Զեմֆիրա Քալաշյանի հետ զրուցել ենք եզդիական համայնքի կրթական խնդիրներից, դրանց պատճառներից ու լուծման հնարավոր ուղիներից։

-Որո՞նք են եզդիական համայնքի կրթական խնդիրները, եթե առանձնացնենք ամենահիմնականները։

-Եզդիական համայնքի ամենաէական խնդիրը երեխաների` կրթությունից դուրս մնալն է: Չնայած որ 2017 թվականից 12-ամյա կրթությունը պարտադիր է Հայաստանում, դեռ շատուշատ համայնքներում կարելի է հանդիպել կրթությունից դուրս մնացող երեխաների, որոնց մեջ մեծ թիվ են կազմում եզդիները:

-Կրթական այդ խնդիրներում ի՞նչ տեղ ունեն իրավական ու օրենսդրական բացերը։ Արդյո՞ք խնդիրների հիմնական պատճառը իրավական կարգավորումներն են։

-Որպես այդպիսին՝ Հայաստանում, ես գոնե, չեմ լսել կրթության ոլորտում իրավական կամ օրենսդրական որևէ կարգավորման մասին, որ խտրականություն կդրսևորի որևէ քաղաքացու նկատմամբ` կապված նրա էթնիկ, կրոնական կամ այլ փոքրամասնություն լինելու հետ: Սակայն կա խնդրի մեկ այլ կողմը՝ որքանով է գրված օրենքը կյանքի կոչվում:

Ինչպես նշեցի, 12-ամյա կրթությունը պարտադիր է: Եվ ուրեմն, սա ենթադրում է, որ եթե երեխան դպրոցահասակ է, բայց դպրոց չի գնում, ուրեմն արդեն իսկ օրենքի խախտում է: Ուստի ծնողը կամ օրինական խնամակալը պետք է պատասխանատու լինի օրենքի առաջ: Սակայն, իմ իմացած բոլոր դեպքերում, զգուշացումներից և հնարավոր հետևանքների մասին տեղեկացվելուց զատ, ծնողը կամ խնամակալը ոչ մի պատասխանատվության չի ենթարկվում և իրականության մեջ ոչինչ չի փոխվում: Ուստի, երբ մարդիկ տեսնում են, որ մի երեխայի դեպքում դպրոցից դուրս մնալը անհետևանք մնաց, շարունակում են երևույթին նույն կերպ նայել, և պարտադիր կոչված կրթությունը պարտադիր լինելուց հեռու է մնում:

-Կրթական խնդիրներում ի՞նչ դեր ունեն ազգային ավանդույթները։

-Միանշանակ, համայնքում կան կարծրացած տեսակետներ երեխաների և հատկապես՝ աղջիկների կրթության և ամուսնության տարիքի հետ կապված: Համայնքում շատերն են կողմնակից, որ աղջիկը վաղ տարիքում ամուսնանա, կամ որ կրթությունը աննպատակ է կնոջ դեպքում, որովհետև կինն աշխատող օղակը չէ, որովհետև տնային գործերում դպրոցի կրթությունը պիտանի չէ, կամ տարրական գրագիտությունն արդեն իսկ բավական է: Սակայն սա որպես բնութագիր տալ ամբողջ համայնքին և որակել որպես ազգային ավանդույթ, ես չեմ կարող:

Մեր համայնքում կան ազգին ու ազգայինին նվիրված, ազգի պատմությանը ծանոթ, կրոնի ու մշակույթի կրող շատ ընտանիքներ, ովքեր ուսյալ են, դեմ են վաղ ամուսնություններին և կարևորում են կրթության դերը: Եվ հենց իրենք են ապացուցում, որ նշված խնդիրները զուտ մտածողության հետ են կապված և ոչ երբեք ավանդույթի:

Օրինակ, չնայած կրթությունից դուրս մնացած աղջիկների թիվն ավելի մեծ է, բայց քիչ չեն նաև տղաները, որ հրաժարվում են դպրոց գնալ: Ես հաճախ եմ հանդիպում տարբեր բնակավայրերում ապրող եզդի ծնողների հետ ու բոլոր հանդիպումներին էլ լսում եմ կարծիք, որ եթե երեխան (աղջիկ, թե տղա) լավ է սովորում, թույլ կտամ դպրոց հաճախել, բայց եթե չի սիրում սովորել, անիմաստ է դպրոց գնալը: Սա խոսում է արդեն դպրոցի դերի պակաս կարևորության մասին: Այսինքն՝ այն բոլոր դեպքերում, երբ դպրոցը դիտվում է միայն ակադեմիական կրթություն տվող հաստատություն, մենք կբախվենք նույն խնդրին:

-Սոցիալական խնդիրներն ի՞նչ դեր ունեն կրթությունից դուրս մնալու հարցում։ Դրանցից որո՞նք են հատուկ հենց եզդիական համայնքին։

-Եզդիները Հայաստան են եկել մեծ խմբերով, և խմբերը բնակություն են հաստատել հիմնականում մեկ ընդհանուր բնակավայրում: Սրա մասին են վկայում ամբողջությամբ կամ մասամբ եզդիաբնակ գյուղերի գոյությունը: Համայնքների հետ աշխատանքի արդյունքում ես հասկացա, որ այն բնակավայրերում, որտեղ միայն եզդիներ են կամ մեծ մասամբ եզդիներ են, կրթության որակը ավելի ցածր է այն բնակավայերից, որտեղ եզդիներն ավելի քիչ թիվ են կազմում:

Սա ինձ թույլ է տալիս ենթադրել, որ որպես ազգային փոքրամասնություն՝ եզդիները, Հայաստան գալով, և փակ համայնքով ապրելով, ավելի դանդաղ են ընտելացել տեղի լեզվին, վարք ու բարքին, հետևաբար զարգացումը ևս դանդաղ է ընթացել: Սա չէր կարող չազդել համայնքի կրթության որակի վրա:

Այս ամենին զուգահեռ մենք գիտենք, որ Հայաստանում հանրակրթությունը ունի մի շարք խնդիրներ: Այս խնդիրները կրկնապատկվում են գյուղական համայնքերի համար: Եզդիները ապրում են հիմնականում գյուղական համայքներում: Սրան էլ ավելանում է համայնքին բնորոշ մի քանի խնդիր և պատկերն ամբողջանում է:

-Որքանո՞վ է լեզվի խնդիրը ազդում կրթություն ստանալու գործընթացի վրա։

-Միանշանակ, լեզվական առանձնահատկությունը չէր կարող չազդել կրթության որակի վրա: Մեր համայնքին բնորոշ խնդիրներից մեկն էլ հենց հայերենի չիմացության խնդիրն է:
Ասել, որ հայաստանաբնակ եզդիները բացարձակ չեն տիրապետում հայերենին, սխալ է: Բայց, ինչպես նշեցի, եզդիները հիմնականում ապրում են ամբողջությամբ կամ մասամբ եզդիաբնակ գյուղերում, ուստի շփվում են միմյանց հետ մայրենի եզդիերենով: Եվ դպրոց հաճախող երեխան, այս պարագայում, եթե մինչ դպրոցը մանկապարտեզ կամ նախակրթարան չի գնացել, բախվում է լուրջ խնդրի: Նրա համար բարդ է դառնում ուսումնական ծրագրին համընթաց տառեր սովորել, գրել ու կարդալ, որովհետև խնդիր ունի նաև միաժամանակ նոր լեզու՝ գրական հայերեն սովորել: Այս խնդիրը մենք չունենք քաղաքային բնակավայրերի կամ քիչ թվով եզդի բնակիչներ ունեցող համայնքների դեպքում:

-Եթե չեմ սխալվում, դպրոցներում եզդիերենի դասընթացներն անցկացվում են խմբակների տեսքով միայն։ Ի՞նչ խնդիրներ եք տեսնում այս առումով և որո՞նք են, ըստ Ձեզ, լուծման ուղիները։

-Այո, եզդիերենի դասերը խմբակի տեսքով են, ցավոք: Ու սա այս դասերի՝ շատ դպրոցներում անարդյունավետ լինելու պատճառներից մեկն է: Եթե հաշվի առնենք, որ եզդիերենի դասերը որպես խմբակ լինում են վերջին ժամերին, երբ երեխաներն արդեն հոգնած են, և որ շատ դպրոցներում չկան բուֆետներ, ապա հոգնածությանն ավելանում է նաև սովածությունը։

Պարզ է, որ երեխայի համար ֆիզիկպես դժվար է լինում մասնակցել եզդիերենի դասերին: Բայց, իրականում, եթե մի բան իրապես շատ է հետաքրքրում երեխային, ոչինչ չի խանգարի նրան լինել իրեն հետաքրքիր վայրում: Ուստի, բացի տեխնիկական խնդրից, մենք ունենք նաև բովանդակային խնդիր, մասնավորապես՝ ուսուցիչների մասնագիտական կարողությունները և հմտությունները:

Եզդիերեն դասավանդողների հիմնական մասը բավական հեռու է մանկավարժությունից: Մի հատվածն էլ գրագիտության լուրջ խնդիր ունի: Արդյունքում, մենք ունենում ենք իրավիճակ, երբ 6, 7-րդ ժամին հոգնած, սոված երեխան գնում է մասնակցելու մի դասի, որտեղ ուսուցիչը չի համապատասխանում ուսուցչի կերպարին, որտեղ ուսուցիչը չգիտի՝ ինչ են մանկավարժական հմտություններն ու առարկայի դասավանդման մեթոդիկան, դասարանի ներգրավվածությունը կամ նյութի հավասար հասանելիությունը բոլորին:

Եվ այսպես, քանի որ առարկան պարտադիր չէ, մեկ-երկու դաս հետո աշակերտը չի ցանկանում գնալ դասի, որովհետև ի դեմս ուսուցչի իր աչքին արժեզրկվում են առարկան, լեզուն և այն սովորելու անհրաժեշտությունը: Ես գիտեմ, իհարկե, որ եզդիերենի դասավանդման հաջող փորձեր էլ կան, սակայն դրանք քիչ թիվ են կազմում: Միանշանակ, մենք ունենք կիրթ, գիտակ կադրեր, ովքեր գուցե հաջողեին ու լեզվի դասավանդումը լավ որակի ու արդյունավետ լիներ: Սակայն այս մարդկանց համար բարդ է ցածր աշխատավարձի դիմաց գնալ դպրոց աշխատելու այն պարագայում, երբ այդ աշխատավրձը հաճախ տրանսպորտային ծախսերին չի բավականացնում:


-Ի՞նչ հեռանկարներ կան եզդիական համայնքի կրթական խնդիրները կարգավորելու հետ կապված։ Ի՞նչ առաջարկներ Դուք ունեք։

Ես հասկանում եմ, որ այսօր, առհասարակ, հանրակրթությունը ունի շատ խնդիրներ, որոնք անհապաղ լուծում են պահանջում: Եվ այդ լուծումները նպաստելու են նաև մեր համայնքի կրթական մակարդակի բարձրացմանը: Սակայն մեր համայքնի դեպքում կան մի քանի խնդիրներ, որոնց լուծումն այսօր անհրաժեշտություն է․ նախ և առաջ, լեզվական խնդրի լուծման նպատակով եզդիաբնակ համայնքերում մանկապարտեզի կամ նախակրթարանի առկայությունը և ավագ դպրոցների հասանլիությունը, քանի որ շատ եզդիաբնակ համայնքերում դպրոցը միայն իննամյա է: Գիտեմ, որ նշածս խնդիրները ամբողջ Հայաստանում են ակտուալ, սակայն մեր համայնքի դեպքում դրանք առաջնային լուծում պահանջող խնդիրներ են:

Նաև կարևոր է, որ օրենքով պարտադիր սահմանված կրթությունն իրապես պարտադիր դառնա: Սրան զուգահեռ կարևոր է, իհարկե, եզդիերենի դասերի որակային բարձրացումը: Դասերը պետք է դադարեն խմբակի դեր ունենալուց: Սա ոչ միայն կլուծի երեխաների մասնակցության խնդիրը, այլև կնպաստի ուսուցչի մասնագիտական հմտությունների պարտադիր լինելուն, աշխատավարձի բարձրացմանը: Այսինքն՝ կսկսեն դասավանդել մարդիկ, ովքեր մոտ են մանկավարժությանը, ովքեր ունեն բավարար կրթվածություն դպրոցում աշխատելու և սերունդ դաստիարակելու համար: Ինչպես նաև, սա լուծում է աշխատավարձի խնդիրը: Եթե առարկան եզդի երեխաների համար դառնա պարտադիր, ապա ուսուցիչն էլ կստանա այնքան աշխատավարձ, որքան որ դպրոցում նույն ծանրաբեռնվածությամբ ստանում է մեկ այլ ուսուցիչ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել