Եթե Միհրան Պողոսյանը չարտահանձնվի, կառաջանան քաղաքական հարցադրումներ ռուս գործընկերներին |lragir.am|
11:18 - 05 հունիսի, 2019

Եթե Միհրան Պողոսյանը չարտահանձնվի, կառաջանան քաղաքական հարցադրումներ ռուս գործընկերներին |lragir.am|

lragir.am։ Մեր զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը

Պարոն Ավետիսյան, Միհրան Պողոսյանի հարցով Ռուսաստանը որոշում է կայացրել լուծել նրա ժամանակավոր կացության հարցը։ Միաժամանակ տեսնում ենք Չեխիայի որոշումը՝ Նարեկ Սարգսյանին Հայաստանին արտահանձնելու վերաբերյալ։ Սրանք կոնկրետ երկրների հարաբերությունների մակարդակով քաղաքական որոշումնե՞ր են։

Ես չեմ կարծում, որ այստեղ ինչ-որ քաղաքական որոշման խնդիր կա։ Նարեկ Սարգսյանն արդեն երկար ժամանակ Չեխիայում էր։ Ռուսաստանում Միհրան Պողոսյանն ստացել է ժամանակավոր կացության իրավունք՝ ըստ իր առողջական վիճակի, որը հատուկ ռեժիմ է։ Միայն դա սպառելուց հետո, եթե Միհրան Պողոսյանը չարտահանձնվի, ապա կառաջանան քաղաքական հարցադրումներ։

Կարծում եք՝ Ռուսաստանը կվերանայի՞ իր որոշումը։

Ռուսաստանի վերանայել-չվերանայելու հարցը չկա, կա ընթացակարգ, որը տևական է, ինչպես Չեխիայի պարագայում էր։ Այսինքն դա որոշակի ժամանակահատված է պահանջում, բայց չի ենթադրում, որ եթե այդ ժամկետից հետո արտահանձնում չլինի, չեն լինի արդարացի հարցադրումներ մեր ռուս գործընկերներին։

Շատերը նշում են, որ Միհրան Պողոսյանի հարցով նման որոշում կայացնելը պատասխանն էր ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները քննելու նպատակով քննիչ հանձնաժողով ստեղծելու որոշում կայացրած ՀՀ իշխանություններին՝ հաշվի առնելով պատերազմում արտաքին գործոնի լինել-չլինելու վերաբերյալ կարծիքները։

Պետք է ենթադրել, որ գոնե եվրոպական ժողովրդավարական երկրներում դատարաններն անկախ են։ Մինչև ապրիլյան քառօրյայի վերաբերյալ հանձնաժողովը փաստերը չքննի և եզրակացություններ չտա, խիստ վտանգավոր է և ավելորդ լարվածություն կստեղծի արտաքին գործոնների վերաբերյալ ենթադրություններ անելը։

Ինչպե՞ս եք գնահատում վերջին շրջանում Բաց հասարակության հիմնադրամների դեմ ակցիաները։ Ընդհանրապես, պե՞տք է այս ամենին գնահատական տալ, թե ոչ։ 

«Բաց հասարակության հիմնադրամները» Հայաստանում 1997 թվականից գործում է համաձայն ՀՀ Սահմանադրության և օրենքների։ Պետության պարտականությունն է ինչպես ՀՀ քաղաքացիների անվտանգության ապահովումը, այնպես էլ հավաքների և ազատությունների մասին օրենքի և սահմանադրական իրավունքի իրականացումը։ Եթե լինեն բռնության կոչերով հայտարարություններ, ապա պետությունն անմիջապես կվերցնի դրանց հակադարձելու պոզիտիվ հանձնառությունը։

Ինչ վերաբերում է թեմայի սրացմանը, ապա նախկին ռեժիմի կամակատարների էկզոտիկ աստղաբույլը հետաքրքիր է։ Ըստ երևույթին՝ ի հայտ են եկել պառակտում մտցնելու, այս թեմաները տարբեր տեղեր տանելու գաղափարներ: Նման արշավներ այլ երկրներում էլ են տեղի ունեցել, որևէ նոր բան չկա։

Ինձ համար միակ անհասկանալի երևույթն այն էր, որ ցույցերի առաջին օրերին պաստառները միայն ռուսերեն էին: ՀՀ պաշտոնական լեզուն հայերենն է, և ես՝ որպես քաղաքական գործիչ, դիտարկելով այդ պրոցեսը, փորձում էի հասկանալ՝ ու՞մ էին ուղղված այդ ուղերձները և ի՞նչ նպատակ էին հետապնդում։

Շարունակությունը՝ lragir.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել