Եթե ՍԴ-ի հանրաքվեի գործընթացը վերսկսվի, մոտ 1500 ընտրատեղամասում տեսախցիկներ կլինեն․ Տիգրան Մուկուչյան |armtimes.com|
12:55 - 04 մայիսի, 2020

Եթե ՍԴ-ի հանրաքվեի գործընթացը վերսկսվի, մոտ 1500 ընտրատեղամասում տեսախցիկներ կլինեն․ Տիգրան Մուկուչյան |armtimes.com|

armtimes.com: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց ԿԸՀ-ի գործունեության վերաբերյալ 2018-2019 թթ. հաղորդումը՝ նշելով, որ այդ ընթացքում ԿԸՀ-ի կողմից կազմակերպվել և անցկացվել են ԱԺ և Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ, ինչպես նաև ՏԻՄ ընտրություններ՝ ընդհանուր թվով 170 համայնքներում:

Նա ասաց, որ կազմակերպվել է նաեւ ուսուցում՝ տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմերում ընգրկվելու համար։ Ըստ Մուկուչյանի ներկայացրած տվյալների՝ 2018-ին տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմերում ընգրկվելու համար 10.420 հայտ էր ներկայացվել, որոնցից 8598-ը՝ կուսակցությունների կողմից, մյուս մասը՝ քաղաքացիների։ Նրանցից 7291-ն էլ ստուգարքի արդյունքում ստացել են որակավորման վկայականներ։ 2019 թվականի ընթացքում հայտերի թիվը կազմել է 14.498 հայտ, որոնցից 10.094-ը կուսակցությունների կողմից են եղել, 9893-ն էլ ստուգարքի արդյունքում ստացել են որակավորման վկայականներ։

Մուկուչյանի խոսքով՝ այս հաղորդման մեջ Ընտրական օրենսգրքի հետ կապված ներկայացվել են որոշակի առաջարկներ։ 

Նա շեշտեց նաեւ, որ ՀՀ-ում առաջին անգամ ընտրությունների ժամանակ տեսանկարահանում կատարվել է 2017 թվականին, հետագայում՝ նույն կերպ 2018-ին։ Երկու դեպքում էլ ընդհանուր թվով 2000 տեղամասերից տեսախցիկներ եղել են 1500-ում։ «Բայց եթե ընտրողների թվով ենք նայում, մոտ 92-93% ծածկույթ էինք ապահովել»,- ասաց Մուկուչյանը՝ հավելելով, որ Երեւանի բոլոր տեղամասերում են եղել տեսախցիկներ, այն տեղամասերում, որտեղ տեսախցիկներ չեն եղել, հեռավոր բնակավայրեր էին, որտեղ ինտերնետի հասանելիության եւ տեխնիկական այլ խնդիրներ կային։

Նրա խոսքով՝ եթե ՍԴ-ի հանրաքվեի գործընթացը վերսկսվի, ՀՀ-ի ամբողջ տարածքում այս ցուցանիշը կլինի նույնը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել