Եթե այսքանից հետո ասում եք՝ ՍԴ-ում չկա ճգնաժամ, ուրեմն մենք օրենսդիր մարմին չենք. Վլադիմիր Վարդանյան |lragir.am|
08:29 - 02 դեկտեմբերի, 2019

Եթե այսքանից հետո ասում եք՝ ՍԴ-ում չկա ճգնաժամ, ուրեմն մենք օրենսդիր մարմին չենք. Վլադիմիր Վարդանյան |lragir.am|

lragir.am։ ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն հանձնաժողովի այսօրվա նիստում, երբ քննարկվում էր ՍԴ անդամներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու մասին նախագիծը, անդրադարձավ ընդդիմադիր պատգամավորների այն հայտարարություններին, թե երկրում սահմանադրական ճգնաժամ չկա:

«Այն Սահմանադրական դատարանը, որը նախատեսված է 2015 թվականի սահմանադրական փոփոխություններով, ձևավորվելու է միայն 2037 թվականին: Վայ այն իշխանությանը և վայ էն պետությանը, որը ցանկանում է ձևավորել ցանկալի, լոյալ դատական համակարգ: Այդ լոյալ դատական համակարգի արդյունքը որպես կանոն այդ իշխանության վախճանի հիմքն է լինում»,- ասաց Վարդանյանը:

Նա նշեց, որ սահմանադրական ճգնաժամ կա երկրում: «Ենթադրենք համաձայնվեմ ձեր դիրքորոշման հետ, որ սահմանադրական ճգնաժամ չկա: Իսկ մի հարցի կարո՞ղ եք պատասխանել՝ ինչո՞ւ Սահմանադրական դատարանը 2018 թվականի ապրլից սկսած մինչ օրս չի կարողանում ընտրել փոխնախագահ: Դիցուք, համաձայնվեմ ձեզ հետ, որ դատավոր Վահե Գրիգորյանը չի աշխատում և ստանում է պարգևավճարներ, հարց եմ տալիս՝ ՍԴ-ում այդ վարքագիծը որևէ եղանակով գնահատականի արժանանում է, թե՞ ոչ: Խոսում ենք դատավորների մասին, գործո՞ւմ է այս Սահմանադրությունը, թե՞ ոչ:

Եթե գործում է, ապա ՍԴ դատավորները ևս՝ և նախկին, և ներկա, լեգիտիմ իրավունք ունեն առաջադրվելու որպես ՍԴ նախագահ: Ունե՞ն գործնականում նման իրավունք, թե՞ ոչ: Գործնականում չունեն և մինչև 2037 թվականն այդ իրավունքից զրկված ենք լինելու: Սա նորմա՞լ է, բնականոն սահմանադրական զարգացո՞ւմ է»,- ասաց նա:

Վլադիմիր Վարդանյանը նաև հարցադրում արեց՝ Սահմանադրական դատարանն իրականացնո՞ւմ է իր լիազարություններն ամբողջ ծավալով, թե՞ ոչ: «Որոշումներ է կայացնում, բայց մի հատ փորձե՞լ եք պարզել, թե ՍԴ վերջին շրջանում կայացրած որոշումներն ինչքան են շեղվում ՍԴ իրավական պրակտիկայից: Եթե այսքանից հետո ասում եք՝ ՍԴ-ում չկա ճգնաժամ, ուրեմն մենք օրենսդիր մարմին չենք»,- հավելեց պատգամավորը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել