Եթե անգամ 30 տոկոս ստորագրություն հավաքեն, պատրաստ եմ վայր դնել լիազորություններս. Նորաշենի գյուղապետ |news.am|
07:16 - 30 սեպտեմբերի, 2019

Եթե անգամ 30 տոկոս ստորագրություն հավաքեն, պատրաստ եմ վայր դնել լիազորություններս. Նորաշենի գյուղապետ |news.am|

news.am։ Արարատի մարզի Նորաշեն համայնքում բողոքի ակցիան շարունակվում է: Համայնքի ղեկավար Նորայր Գրիգորյանի աջակիցները պահանջում են վերադարձնել իրենց համայնքապետին, որի լիազորությունները դադարեցվել են:

Նշենք, որ վերջինս հայտարարում է, որ ինքն արձակուրդում է եղել, երեկոյան իրեն զանգել է համայնքապետարանի պահակն ու տեղեկացրել, որ իր լիազորությունները դադարեցվել են: Նորայր Գրիգորյանի խոսքով, ավագանու 8 անդամներից միայն 4-ն են արդեն երկար ժամանակ իր դեմ դուրս եկել: Նա պահանջում է ներկայացնել ավագանու այն նիստի արձանագրությունը, որի հիման վրա Տարածքային զարգացման նախարարությունը դադարեցրել է իր լիազորությունները:

«Չկա ավագանու նիստի արձանագրություն, որտեղ լինի 5 հոգու ստորագրություն: Իսկ եթե չկա 5 հոգու ստորագրություն, ցանկացած արձանագրություն իրավազոր չէ: Թող բերեն արձանագրությունը, տեսնենք, թե ովքեր են ստորագրել տակը:

Թող մարզպետը գա, ինձ ցույց տա, թե ինչ իրավունքով, ինչի հիման վրա է ինձ ազատել: Եթե գյուղի ընտրողների 50 տոկոսի ստորագրությունը կհավաքեն, 50 չէ, անգամ 30 տոկոսը հավաքեն, ես խոստանում եմ, պատրաստ եմ վայր դնել իմ լիազորությունները»,-ասաց գյուղապետ Նորայր Գրիգորյանը:

Գյուղացիները հայտարարեցին, որ ոչ մեկը գյուղապետարան չի մտնելու, քանի դեռ մարզպետը չի եկել եւ չի պարզաբաել վիճակը:

Նշենք, որ մարզպետի որոշմամբ գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արտակ Հարությունյանը: Վերջինս նույնպես ներկա էր բողոքի ակցիային եւ նշեց. «Թող գյուղացիները չգնան պրովոկացիայի: Ես եմ այստեղ, թող մի գյուղացի իմ դեմ արտահայտվի, մարզպետին են քննադատում: Մարզպետն իրավունք չունի դադարեցնելու համայնքապետի լիազորությունները, դա արել է կառավարությունը՝ տարածքային կառավարման նախարարությունը: Մարզպետն ընդամենը այդ որոշման հիման վրա նշանակել է ժամանակավոր պաշտոնակատար:

Ավագանին ընտրված մարմինն է եւ իր որոշումն է կայացրել: Այստեղ մարզպետը կապ չունի: Ավագանին պարտավորվում է բոլոր հիմքերը ներկայացնի: Մենք ցանկացել ենք գյուղապետարանում անցկացնել նիստը, մեզ խոչընդոտել են, մենք քվեարկել տեղափոխել ենք այր վայր նիստը: Ամեն ինչ արվել է օրենքին համապատասխան: Երկու ամսից նորաշենցին իր ընտրությունը կատարելու է, ինչի՞ց եք վախենում»:

Ի վերջո, որոշում կայացվեց, որ գյուղապետ Նորայր Գրիգորյանը համայնքապետարանից եւս երկու հոգու հետ գնան մարզպետի հետ հանդիպման, որից հետո կվերադառնան եւ արդյունքների մասին կտեղեկացնեն գյուղացիներին: Համայնքի ղեկավարը հորդորեց գնալ տում, երկու ժամից նորից հավաքվել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել