Եթե արտասահմանյան դրամաշնորհները չլինեին, Հայաստանում գիտական սեկտորը վաղուց մահացած կլիներ․ Պատգամավոր |hetq.am|
15:07 - 07 հունիսի, 2019

Եթե արտասահմանյան դրամաշնորհները չլինեին, Հայաստանում գիտական սեկտորը վաղուց մահացած կլիներ․ Պատգամավոր |hetq.am|

hetq.am։ Հայաստանի գիտության ոլորտում երկու գլոբալ խնդիր կա՝ ֆինանսավորում եւ դրանից բխող սերնդափոխություն: Ցածր աշխատավարձի պատճառով երիտասարդները կա՛մ չեն ցանկանում զբաղվել գիտությամբ, կա՛մ գիտական ինստիտուտը դիտարկում են որպես ցատկահարթակ՝ հետագայում արտասահման մեկնելու կամ մասնավոր հատված մտնելու համար:

Հայաստանի գիտության բազային սուղ ֆինանսավորումը գլխավորապես ուղղվում է աշխատավարձերի եւ ենթակառուցվածքների պահպանմանը, ինչի հետեւանքով ակադեմիական գրեթե բոլոր ինստիտուտները աշխատավարձի բացը լրացնելու կամ, ասենք, նոր սարքավորում ձեռք բերելու համար դիմում են տեղական եւ արտասահմանյան դոնորների՝ դրամաշնորհներ ստանալու, առանց որոնց այսօր դժվար է պատկերացնել գիտության զարգացումը Հայաստանում:

«Ցավոք սրտի, եթե արտասահմանյան այդ դրամաշնորհները չլինեին, ապա Հայաստանում գիտական սեկտորը վաղուց մահացած կլիներ այն բազային ֆինանսավորմամբ, որը պետությունն է տրամադրում:

Կարծում եմ՝ վաղ թե ուշ բազային ֆինանսավորումն էլ պիտի վերանայվի, ավելանա, բայց մյուս կողմից՝ արդյունքին միտված հստակ ծրագրային մոտեցում պիտի լինի, օրինակ՝ ասեն, որ այս անօդաչու սարքն են ստեղծել, եւ նախագծի իրականացման համար այսքան գումար է անհրաժեշտ:

Այդ դեպքում պետությունը հաստատ գումար կգտնի՝ վճարելու համար»,- ասում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, գիտության, կրթության, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, ԿԳ նախկին փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը:

Նրա կարծիքով՝ գիտնականները պետք է հստակ ծրագրային առաջարկներ ներկայացնեն, թե ինչ են պատրաստվում անել, եւ տվյալ ծրագիրն ինչ օգուտ է տալու Հայաստանին ու գիտությանը: Մինչդեռ ստեղծված իրավիճակում, ըստ պատգամավորի, գիտնականներն ասում են՝ մեզ ուղղակի գումար տվեք եւ մենք գիտությամբ կզբաղվենք, պետությունն էլ հարցնում է, թե որն է առաքելությունը, ինչ են անելու: Միեւնույն ժամանակ, ըստ Հովհաննիսյանի, պետք է տարանջատել ֆունդամենտալ ու կիրառական գիտության ծրագրային մոտեցումները:

Կառավարության եւ գիտության միջեւ խզված կապի մասին

Մեր դիտարկմանը, թե Հայաստանի ակադեմիական ինստիտուտներում տասնյակ դեպքերի ենք հանդիպել, երբ գիտնականները նորարարություն են ստեղծել, բայց կառավարության կողմից աջակցություն կամ արձագանք չի եղել, այսինքն՝ գիտության եւ կառավարության կապը, կարծես, խզված է, Հ. Հովհաննիսյանը պատասխանում է, որ այդ կապը գիտության կոմիտեով է ապահովվում:

Ըստ նրա՝ դիտարկման մեջ ռացիոնալության հատիկ կա. ավելի արդյունավետ պետք է աշխատել ինստիտուտների հետ, եւ հիմա մոտեցումները փոխվում են:

Պատգամավորի փոխանցմամբ՝ ներկայում ինքն անձամբ աշխատում է գիտության ոլորտում փոփոխությունների ուղղությամբ, մասնավորապես՝ վերանայում է օրենսդրությունը, որպեսզի դրանով գիտաշխատողի կարգավիճակը հստակ ամրագրված լինի, ինչպես ԱՊՀ երկրներում է:

«Այսօր գիտությունը պետք է լինի շատ կիրառական, այսինքն՝ հստակ արդյունքին միտված, տնտեսության մեջ որոշակի էֆեկտիվություն առաջացնող, եթե նայենք, օրինակ, դրսի շատ գիտական կենտրոնների, թե ինչպես է գիտությունը նպաստում տնտեսության զարգացմանը այսօրվա բարձրագույն տեխնոլոգիաներով եւ այլն:

Ավելի շատ երկրներ են այդպիսի քաղաքականություն վարում՝ ուղեղներին իրենց մոտ կանչելով, դրանով զարկ տալով իրենց տնտեսության զարգացմանը: Կարծում եմ՝ սա առաջնահերթ ուղղություններից պետք է լինի, բայց էլի եմ կրկնում՝ միայն դա չէ, ֆունդամենտալ գիտությունը, որ ավանդաբար ունեցել ենք, պետք է շարունակի աճել, դրան գումարած՝ հայագիտությունը, հայապահպանությունը, պետք է անպայման լինեն ուշադրության կենտրոնում»,- ասում է պատգամավորը:

Շարունակությունը՝ hetq.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել