Եթե բիզնես ոլորտը պետությունից աջակցություն է ակնկալում, դժվար պահերին պետք է հանրության հետ կիսի բոլոր դժվարությունները․ Լենա Նազարյան
21:26 - 25 մարտի, 2020

Եթե բիզնես ոլորտը պետությունից աջակցություն է ակնկալում, դժվար պահերին պետք է հանրության հետ կիսի բոլոր դժվարությունները․ Լենա Նազարյան

Եթե բիզնես ոլորտը մշտապես ակնկալում է պետությունից, այսինքն՝ հանրությունից, աջակցություն և արտոնություններ, ցանկալի մաքսատուրքեր և վարկային սուբսիդավորումներ, ապա դժվար պահերին պե՛տք է ներկա ու մասնակից լինի, հանրության հետ կիսի բոլոր դժվարությունները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը։ Նրա գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Ուզում եմ գնահատել սոցիալապես պատասխանատու, հոգատար, օրինապահ, ճկուն բիզնեսի աշխատանքը: Հիմա տեսնում եմ, որ որոշներն արագ անցնում են առաքման ու օնլայն ծառայությունների, իրենց նվիրատվություններով մասնակցում են վարակի տարածման դեմ պայքարին, ամենօրյա տաք սնունդով օգնում են բուժաշխատողներին…

Ոչ մի բիզնես օդից չի ընկել, այն կայացել է այս նույն պետության սահմաններում, այս պետության հանրային ռեսուրսների շնորհիվ, այս պետության մեջ ապրող աշխատողների ուժերով։ Եթե բիզնես ոլորտը մշտապես ակնկալում է պետությունից, այսինքն՝ հանրությունից, աջակցություն և արտոնություններ, ցանկալի մաքսատուրքեր և վարկային սուբսիդավորումներ, ապա դժվար պահերին պե՛տք է ներկա ու մասնակից լինի, հանրության հետ կիսի բոլոր դժվարությունները:

Բիզնեսը պետք է դիտարկել ոչ միայն անձնական-մասնավոր, այլ նա՛և հանրային բարիքի դաշտում: Բիզնեսի միջոցով կուտակած հարստությունը իմաստավորված է, միայն եթե այն նա՛և հանրային բարիք է, եթե գործարարները ներկա են և դեր ունեն սոցիալական համերաշխության ու պատասխանատվության համակարգում, եթե գործարարները կարևորում են այդ բիզնեսը հնարավոր դարձնողների՝ աշխատողների առողջության, տարրական կենսապայմանների ու աշխատանքային իրավունքների ապահովման հարցերը:

Ընդ որում, պետությունը դժվարին պահերին աջակցում է նաև հենց այդ նույն գործարարներին. վարչապետը մի քանի օր առաջ արդեն հայտարարել է բիզնես ոլորտին առնվազն 150 միլիարդ դրամով աջակցելու մասին։

Մենք մի հանրություն ենք և այստեղ յուրաքանչյուրս ունենք մեր սոցիալական դերով պայմանավորված պատասխանատվության բաժինը, և դա հատկապես դրսևորվում է արտակարգ դրության պայմաններում»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել