Եթե ես վարակակիր եմ և զանգել եմ Գյումրի թեկուզ 10-20 անգամ միևնույն կոնտակտին, դա ռիկսի գործոն չէ․ Ռուստամ Բադասյան
17:34 - 01 ապրիլի, 2020

Եթե ես վարակակիր եմ և զանգել եմ Գյումրի թեկուզ 10-20 անգամ միևնույն կոնտակտին, դա ռիկսի գործոն չէ․ Ռուստամ Բադասյան

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը խոսեց այն մասին, թե ինչպես է աշխատելու ավտոմատացված համակարգը, որտեղ մուտքագրվելու են մարդկանց կատարած զանգերի և տեղորոշման վայրերի մասին տվյալները։

«Երբ վարակակրի մասին տվյալները պարզ կլինեն, ավտոմատացված համակարգի միջոցով կբերվի որոշակի վիճակագրություն՝ շփումների քանակ, տեղակայման և զանգերի համընկնում, պարբերականություն և այլն։ Թե ինչպես են բանաձևերը գրված, ես չեմ կարող ասել։ Դրա վրա աշխատել են տվյալագետներ, վիճակագրության մասնագետներ, ծրագրավորողներ, որոնք, ուսումնասիրելով միջազգային փորձը, որոշակի բանաձևեր են մշակել։ Դա չի նշանակում, որ 100 տոկոս ճշտությամբ է լինելու, բայց բավական մեծ է ճշտության աստիճանը»,- նշեց նա։

Հարցին, թե ինչպիսի տվյալների համընկնման դեպքում է քաղաքացիներին զանգով զգուշացվելու, որ իրենք պոտենցիալ վարակակիր են, նախարարը պատասխանեց․

«Ես կարծում եմ՝ եթե լինի գոնե մեկ տեղակայման վայրի և մեկ զանգի համընկնում, արդեն ԱԻՆ-ի աշխատակիցների կողմից կկատարվի զանգ։ Ավտոմոտացված համակարգը չի գեներացնի բոլոր այն տվյալները, որտեղ տեղակայման վայրն ու զանգը չեն համապատասխանում իրար։ Արդեն դա ռիսկի գործոն չի լինի։ Եթե ես վարակակիր եմ և զանգել եմ Գյումրի թեկուզ 10-20 անգամ միևնույն կոնտակտին, դա ռիկսի գործոն չէ։ Բայց կարծում եմ, որ եթե ես գոնե մի անգամ զանգել եմ մեկ անձի և հետո կամ միաժամանակ կա տեղակայման վայրի համընկնում, ԱԻՆ-ի աշխատողի կողմից կիրականացվի զանգ, կճշտվեն լրացուցիչ հանգամանքներ, և դրա հիման վրա՝ որոշում կկայացվի»։

Ռուստամ Բադասյանը նշեց, որ սահմանափակ թվով մասնագետներ են տեսնելու համակարգում եղած առաջնային տեղեկությունները։ Հետո այդ տեղեկությունները փոխանցվելու են ԱԻՆ-ի, Ոստիկանության կամ պետական այլ  մարմնի աշխատողներին, որոնք կարող են զանգել քաղաքացիներին և նրանց մեկուսացման կամ ինքնամեկուսացման աշխատանքներ կատարել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել