Եթե ժողովրդի կարծիքը հաշվի չառնվեր, այդ հանքը կշահագործվեր 2018 թվականին․ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյան
10:24 - 21 օգոստոսի, 2019

Եթե ժողովրդի կարծիքը հաշվի չառնվեր, այդ հանքը կշահագործվեր 2018 թվականին․ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյան

ԱԺ  «Իմ քայլը» խմբակցության պատգամացոր Սուրեն Գրիգորյանի հետ զրուցել ենք Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ հարցերի շուրջ։

 

- Եթե հետևել եք վերջին օրերին Ամուլսարի շուրջ ծավալվող իրադարձություններին, ո՞րն է Ձեր դիրքորոշումը այս հարցում։

-Ըստ էության իմ դիրքորոշումը նույնական է վարչապետի երեկվա ելույթի հետ։ Լրիվ նույնական է, անգամ կասեի, բացառիկ դեպք է։

- Այսինքն՝ ոչ մի կետ չկա՞, որի շուրջ ուրիշ կարծիք կամ կասկածներ ունեք։

- Ես ինձ կոմպետենտ չեմ համարում, որպեսզի հասնեմ նրան, որ ասեմ՝ ես ունեմ միանշանակ կարծիք։ Ես տեսնում եմ հետևյալը․ երբեմն ինչ-որ հարցով որոշում կայացնելու համար գիտելիք է պետք, որը մարդը, որ պիտի որոշում կայացնի, օբյեկտիվորեն չունի, և դիմում է փորձագետների։
Նախ ասեմ, որ փորձաքննական եզրակացությունում, որ մեր ընկերներն ասում են՝ կան խնդրահարույց կետեր:

- Նաև շատ բնապահաններ ասում են, որ Քննչական կոմիտեն մանիպուլյատիվ է ներկայացրել փորձաքննության եզրակացությունը վարչապետին։

- Հարցը հետևյալն է․ ոչ մի փորձաքննության եզրակացություն, որի մեջ ոչ մի խնդրահարույց կետ չնշվի, չի լինում։ Միշտ հնչում են որոշակի մտահոգություններ, միշտ երևում են որոշակի ռիսկեր, որոնք փորձաքննություն իրականացնողը գոնե նշում է նրա համար, որ հանկարծ եթե մի օր դա ի հայտ գա, կամ այդ ռիսկը աշխատի, չասեն՝ դու մեզ ինչո՞ւ չէիր զգուշացրել, որ կարող է այսպիսի բան լինել, այսինքն՝ իրեն ապահովագրելու որոշակի էլեմենտ ունի ցանկացած մարդ, որը գնում է փորձաքննական եզրակացության։ Ես ի սկզբանե կարդացել էի եզրակացության միայն վերջնամասը, բայց իմ գործընկերների հորդորով կարդացել եմ ամբողջությամբ՝ բացառությամբ 2-րդ կետի (այնտեղ կան խիստ մասնագիտական հատվածներ)։ Դրանից հետո ես մնացել եմ նույն կարծիքին։ Եզրակացության մեջ, այո՛, կան վախենալու հնչող նախադասություններ, և դրա հետ ոչ մեկը չի վիճում, ու վարչապետը դրա մասին գիտի։ Խնդիրն այն է, որ մարդիկ մտածում են, թե վարչապետը այնքան մակերեսային անձնավորություն է, որ ո՛չ կարդացել է, ո՛չ մտահոգությունները լսել է, ոչ մեկը իրեն չի ասել, մենակ այդ մարդիկ են նկատել, որ այնտեղ այդպիսի բան կա գրված։
Այնտեղ կան նախադասություններ, որոնք որոշակի մտահոգություն են առաջացնում։ Վերջում ասվում է՝ այս ամեն ինչը հաշվի առնելով՝ և՛ լավը, և՛ վատը, եթե այս-այս-այս միջացառումները իրականացվեն, ռիսկերը կլինեն կառավարելի։
Ասում են՝ վարչապետին խաբել են․․․ Ես Ձեզ վստահեցնում եմ, եթե այդ եզրակացությունը վատ լիներ, մենք վստահ չլինեինք այդ եզրակացության բովանդակության վրա, կարող էր չհրապարակվել, եկեք ճիշտը խոսենք, ոչ մեկը չէր ասելու՝ անպայման հրապարակենք։ Նման պարտավորություն ոչ մի տեղ սահմանված չէր, պարտավորությւոնը բխում էր ժողովրդի հետ անկեղծ, թափանցիկ աշխատելաոճից, որը իշխանությունը որդեգրել է։

- Այսինքն՝ Դուք վստահո՞ւմ եք փորձաքննության եզրակացությանը։

Իհարկե վստահում եմ, իսկ ի՞նչ հիմք ունեմ չվստահելու։ Նախ նայեք, թե այդ կազմակերպությանը ով է վստահում ու պատվիրում։ Այդ ընկերությունը օդից մենք չենք որոշել։ Որ ասում են լիբանանյան ընկերություն, շահարկում են, կապ չունի, որ լիբանանյան ընեերություն է։ Առավել ևս ՀՀ ներկայացուցիչները չեն, որ պետք է դա ասեն, որովհետև եթե ասեն՝ դե Հայաստանը ի՞նչ երկիր է, որ այսինչ փորձաքննությունը անի, հաստատ ոչ մեկի դուր չի գա։ Եթե մարդիկ ուզում են կոմպետենտությունը ստուգել, թող եզրակացությունը բացեն, այնտեղ առանձին բաժին կա, թե ով է փորձաքննությունը իրականացրել, և այդ փորձաքննությունը իրականացրած անձանց կենսագրությունն է գրված։
Երբ ասվում է, որ որոշում կայացվեց՝ չլսելով ժողովրդի կարծիքը: Նախ, ժողովրդի կարծիք լսել ենք թե չենք լսել, որոշում կայացնելիս եթե մենք չափում ենք նրանով, թե որոշումը մեր դուրը գալիս է/չի գալիս, սա ճիշտ չափման միավոր չէ։ Օրինակ, հաճախ է լինում, որ եթե ինչ-որ որոշում պիտի կայացնեք, լսում եք ձեր ընկերների խորհուրդները, բայց կայացնում եք մի որոշում, որ իրենք ձեզ խորհուրդ չեք տվել։ Արդյո՞ք դա նշանակում է, որ իրենց չեք լսել:

- Բայց այստեղ տարբերություն կա․ այդ մարդիկ ասում են՝ մենք ապրում ենք այստեղ, և այստեղ հանք շահագործելուց առաջ պիտի առաջինը մեծ կարծիքը հարցնեք։ Սա ոչ թե անձնական որոշում է, այլ այդ տարածքի բնակիչներին անմիջապես վերաբերող որոշում։

- Երբ որ այդ որոշումը կկայացներ տեղական ինքնակառավարման մարմինը, որը ձևավորվել է տեղացի բնակիչների կողմից, ես այդ փաստարկը կհասկանայի։ Բայց այդ որոշումը, որը վերաբերում է այդ տեղանքին, կայացնում է մի իշխանություն, որ ընտրվել է ՀՀ ամբողջ ժողովրդի կողմից։ Վաղը, եթե այդ հանքը չշահագործվի, և մեզ վրա դրվեն որոշակի ֆինանսական պարտավորություններ (էլի ասում են՝ չեն կարող արբիտրաժի դիմել, որպես իրավաբան կարող եմ ասել, որ պատշաճ չեն ուսումնասիրել և շատ մակերեսային գնահատականներ են), երբ որ վաղը այդ տուգանքները նախատեսվեն ՀՀ-ի համար, այնպես չէ, որ մենակ այդտեղի բնակիչների աշխատանքից կամ հարկերից են այդ գումարները վճարելու, և այնպես չի, որ որպես Երևանի բնակիչ՝ իմ աշխատանքից, հնարավոր է անգամ իմ երեխաները, այնքան մեծ գումար լինի, որ իրենց աշխատանքից դեռ վճարելու են։ Խնդիրը տեղայնացնելու տրամաբանությունն ընդհանրապես ճիշտ չէ։
Մի կողմից կա միջազգային հեղինակավոր կազմակերպության կողմից փաստարկված գիտական վերլուծություն և եզրակացություն, մյուս կողմից կան հայտարարություններ, և, եթե ՀՀ իշխանությունը տեսնի՝ մարդիկ ինչ են հայտարարում, իշխանության մոդելն այպես չէ, ո՛չ այդպիսի ԱԺ է մեզ պետք, ո՛չ կառավարություն է պետք, ո՛չ դատական իշխանություն է պետք, մեզ պետք է մի սոցիոլոգիական կենտրոն, որ ամեն առանձին հարցով շատ պրոֆեսիոնալ հարցում կիրականացնի, կտեսնի՝ մեծամասնությունն ինչ է ուզում, չի նայի փոքրամասնությունը, որը կա, կան մարդիկ, ովքեր ուզում են, որ Ամուլսարը շահագործվի, շատ մեծ զանգված, որ դիրքորոշում չունեն, վստահում են իրենց իշխանությանը, ասում են՝ ոնց որոշեք, այդպես է։
Եթե ժողովրդի կարծիքը հաշվի չառնվեր, այդ հանքը կշահագործվեր 2018 թվականին, որովհետև այն պահի դրությամբ, երբ Նիկոլ Փաշինյնաը դարձել է վարչապետ, բոլոր թղթերը, որոնք հիմք էին, որպեսզի այդ հանքը շահագործվեր, արդեն կային։ Բայց մենք ասել ենք՝ քանի դեռ կան շատ հայտարարություններ երբեմն անձանց կողմից, ովքեր պնդում են, որ իրենց եզրակացությունները գիտական հիմնավորում ունեն, որ կարող են Սևանի կամ Ջերմուկի ջրերը վտանգի տակ լինել, մեզ ոչ մի թուղթ չի հետաքրքրում, ինչ ուզում եք՝ արեք, չի լինելու այդ հանքը և վերջ։
Այդ ընթացքում գիտե՞ք՝ ինչքան միջազգային կազմակերպություններ, այլ պետությունների ամենաբարձր ներկայացուցիչներ հարցեր են տվել, երբեմն շատ ուղղակի ճնշումներ են փորձել գործադրել, բոլորին ասել ենք՝ չի լինելու, եթե պարզվի, որ Սևանի վրա ավտանգ կա, եթե պարզվի, որ չկա, շաագործվելու է։
Շատերը հույս ունեին, որ փորձաքննությունը գալու է, ասելու է՝ չէ, վտանգավոր է։ Հիմա եթե մենք խոսք ենք տվել, նախ պատճառ չունենք հետ կանգնելու, հետո դա էլ է շատ վատ բան, երբ իշխանությունը մի բան ասում է, հետո չի անում, այդ իշխանությունը դառնում է անլուրջ, ոչ վստահելի ոչ միայն երկրի ներսում, այլ նաև միջազգային գործընկերների համար։
Եթե հարցը այն է, որ սա ոչ պոպուլյար որոշում է, որը իշխանության կողմից կայացվել է, այո՛ սա միգուցե և ոչ պոպուլյար որոշում է, և իշխանությոնը նաև նրանով է իշխանություն, որ մարդը տեսնում է, որ մի բան ճիշտ է, ասում է՝ այսպես անենք, փաստարկված, գիտականորեն անենք, ոչ թե միայն բացականչությունների և էմոցիաների դաշտում։ Անգամ եթե այդ որոշումը ոչ պոպուլյար է, դա պետք է կայացվի, որովհետև ասում են՝ իշխանությունը ժողովրդին չլսեց։ Եթե անգամ ընդունենք, որ չեմ լսում, ես պատասխան ունեմ՝ ինչու չեմ լսում, բայց եթե ես այսօր այդ հանքը փակեի, վաղը մեր ներդրումային միջավայրի «հերն անիծվեր», ոչ մեկն այստեղ ներդրում չկատարեր, տուքանքներ հսկայական արբիտրաժով մեր գլխին գային, ինձ կասեն՝ բա քեզ ընտրելլ էինք, երկիր էինք վստահել, ի՞նչ արեցիր, այդ ժամանակ ես պատասխան չէի ունենալու։

- Այսինքն՝ մտածում եք, որ այն բնապահպանները, բնակիչների այն զգալի հատվածը, որոնք կողմ չեն հանքի շահագործմանը ու վտանգներ են տեսնում, սխալվո՞ւմ են, և եթե իշխանությունը հանքը շահագործելու թույլտվություն տա, ճի՞շտ կվարվի։

- Այո՛, ես կարծում եմ, որ իրենք սխալվում են, ես չեմ ասում, որ դա չարամիտ է, մենք բոլորս բարեխղճորեն շատ հաճախ սխալվում ենք։ Վարչապետը շատ ճիշտ բան է արել, ասել է՝ այս հարցը պետք է լուծվի ոչ թե էմոցիաներով՝ ով ավելի բարձր կգոռա հարթակում, այլ պետք է լուծվի մասնագիտական ոլորտում։ Մասնագիտական ոլորտում այս հարցը լուծվել է, ու մենք գնում ենք դրա հետևից։ Այն, որ մարդկանց դուրը դա չի գալիս, ես հասկանում եմ, չեմ ասում նրանք վատն են կամ նրանց ֆինանսավորում են Կան մարդիկ, ովքեր արդարամիտ մարդիկ են և իրոք հավատում են, որ այդ հանքը վատն է և չեն ուզում մեր արգումնետները լսել կամ մենք լավ չենք բացատրում։ Ենթադրենք չի շահագործվում այս հանքը, չե՞ն ասելու՝ վայ, ապրեք, ինչ լավ իշխանություն եք, բայց դրա համա՞ր է իշխանությունը, թե՞ նրա համար է, որ ճիշտ որոշում կայացնի։ Միշտ 100, 200, 1000 հոգի կարող է լինել, որ դժգոհ է ինչ-ինչ բաներից։ Կամ մեր շատ հարգարժան գործընկերները՝ ՔՈ կուսակցությունը, որոնք շատ ակտիվ պայքարում են, որոնց մենք շատ հարգանքով ենք վերաբերվում,ի  սկզբանե ցանկացած հանքի դեմ են, իրենք ասում են՝ հանք պետք է չլինի առհասարակ, հետևաբար դա ուղղակի մեր պատկերացումների բախումն է, ինչը նորմալ է։
Ի վերջո ոստիկանների մասով։ Ես որոշ տեսանյութեր նայել եմ, չեմ կարող գնահատական տալ՝ այնտեղ ուժը եղել է համաչափ, անհամաչափ,
Ես չեմ վիճարկում, որ ոստիկանությունը ուժ է կիրառել, ոտիկանությունը նաև նրա համար է, որ օրենքի սահմաններում համաչափ ուժ կիրառի։ Ես գտնում եմ՝ սա այն իշխանությունը չի,որի հետ պետք է խոսել ճանապարհներ փակելու և գորգոռալու լեզվով։

- Մարդիկ իրավունք չունե՞ն այս իշխանությանն ինչ-որ բան ասելու համար խաղաղ բողոքի ակցիա իրականացնել, իրենց ձայնը բարձրացնել։

- Իրավունքի մակարդակով իրավունք ունեն անել ամեն ինչ։ Իրավունք ունենալ-չունենալը ես չեմ, որ պետք է որոշեմ։ Ես ասում եմ, որ անցած իշխանության դեպքում հարցը հասել էր փողոց փակելուն, խաղաղ անհնազանդության այն պատճառով, որ իշխանությունը բավականաչափ թափանցիկ չէր, հարթակներ չէր ստեղծում, քննարկումներ չէր հրավիրում կամ եթե հրավիրում էր, դրանք ձևական բնույթ էին կրում։ Իմ ասածը ոչ թե այն է, որ այդ մարդիկ իրավունք չունեն, ես ասում եմ, որ այսօր իշխանությունը այնքան է պատրաստ դիալոգի, այնքան է ստեղծում հարթակներ ու իրոք խոսում է, իրոք լսում է, որ դրա կարիքը չկա։ Այսօր փողոց փակելը ամենաէֆֆեկտիվ միջոցը չէ, եթե դու ուզում ես քո կարծիքը հասցնել իշխանությանը։ Բայց եթե այդպես ես որոշել անել, ի սեր Աստծո, արա՛, բայց որ պահից դա սահմանափակում է այլ անձաց իրավունքները, մասնավորապես՝ այլ անձանց ազատ տեղաշարժի իրավունքը, ոստիկանությունը ապահովելու է օրինականություն։ Եթե այդ պրոցեսում ոստիկանությունը ոչ օրինաչափ գործի, պատժվելու է ոստիկանը, բայց քանի դեռ ոստիկանությունը օրինաչափ է գործում, մենք բոլորս այդ ոստիկանի կողքին պետք է կանգնենք։

 

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել