Եթե կառավարությունը որևէ սահմանափակում չձեռնարկեր, մարտի 1-ից հետո՝ 75-ից 80 օրվա ընթացքում, ՀՀ-ի բնակչության մոտավորապես 89 տոկոսը կլիներ վարակված․ Տիգրան Ավինյան
16:42 - 31 մարտի, 2020

Եթե կառավարությունը որևէ սահմանափակում չձեռնարկեր, մարտի 1-ից հետո՝ 75-ից 80 օրվա ընթացքում, ՀՀ-ի բնակչության մոտավորապես 89 տոկոսը կլիներ վարակված․ Տիգրան Ավինյան

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, անդրադանալով կառավարության կողմից կորոնավիրուսից տուժածներին տրվելիք տնտեսական աջակցման ծրագրերին, նշեց, որ այդ ծրագրերը դեռևս իրականացման ամբողջական փուլ չեն մտել, և հընթացս լավարկվելու են։

Խոսելով մինչ այս պահը կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված աշխատանքների մասին՝ նա ասաց․

«Մենք արդեն ունենք 532 հաստատված դեպք, 30 առողջացած, 3 մահվան ելքով դեպք, և փետրվարի 3-ից մինչ օրս իրականացրած թեստերից 2533-ը տվել է բացասական արդյունք։ Մարտի կեսերից մենք արդեն իսկ ունեցել ենք լոկալ տարածում, այսինքն՝ արդեն ոչ թե արտերկրից է բերվել, այլ՝ կլաստերային տարածմամբ լոկալ տարածումներ ենք ունեցել։ Ունենք Երևանում և 8 մարզում տարածվածություն։ Բոլոր գործողությունները, որ նախատեսում ենք, ունեն գիտական հենք։ Եթե կառավարությունը որևէ քայլ չձեռնարկեր, որևէ սահմանափակում չձեռնարկեր, մարտի 1-ից հետո՝ 75-ից 80 օրվա ընթացքում, ՀՀ-ի բնակչության մոտավորապես 89 տոկոսը կլիներ վարակված»։ 

Տիգրան Ավինյանը նշեց, որ Կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի աշխատանքները սկսվել են դեռևս հունվարի 30-ից, և փուլ-փուլ տարբեր սահմանափակումներ ենք սկսել մտցվել։ 

«Մենք ունենք 2 հիմնական բլոկ։ Առաջինը Համաճարակների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գործառույթն է, որն առաջին իսկ օրվանից վարակների շղթաներն է հայտնաբերել, հայտնաբերել է այն անձանց շրջանակը, որոնք ունեցել են կոնտակտ վարակակրի հետ, և այդ անձանց մեկուսացրել է։ Երկրորդ բլոկը, որ մարտի կեսերից խստացվեց, իսկ ամսի 23-ից հետո շատ խիստ ռեժիմի մեջ մտանք, վերաբերում էր գործունեության տեսակների և մարդկանց տեղաշարժի սահմանափակումներին։ Այս երկու բլոկի միասնական ներգործությունը այս փուլում տալու է դրական արդյունք»,- նշեց նա։

Տիգրան Ավինյանի խոսքով՝ տեխնոլոգիական նոր լուծումները և ԱԺ-ում այսօր քննարկված փաթեթը, որ երկրորդ ընթեցմամբ չընդունվեց, թույլ են տալու էֆեկտիվ, ավտոմատացված կերպով հայտնաբերել անձանց, որոնք ունեցել են վարակակրի հետ շփում։

«Մենք փորձում ենք անընդհատ տեխնոլոգիապես զարգացնել այս գործիքները, որովհետև եթե մարդն ունեցել է վարակակրի հետ շփում, այդ մարդը նույնպես ուզում է ժամ առաջ տեղեկացված լինել, որ ինքն ունեցել է այդ շփումը», ասաց նա։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել